top of page

Հանդիպում Սոնա Վանի հետ

Հոկտեմբերի 27-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը հանդիպում էր կազմակերպել ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հետ: Լոռու մարզային գրադարանում հավաքվել էին նրա վանաձորցի գրչակից ընկերները, մտավորականներ, գրասերներ:

Բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը իր խոսքում նշեց. «2015-ին լույս տեսած «Լիբրետո անապատի համար» գիրքը Սոնա Վանին մեծ ճանաչում բերեց: Հայոց

ցեղասպանությանը նվիրված այդ գիրքն անցած երեք տարում արդեն թարգմանվել է աշխարհի 18 լեզուներով: Անցած ամիսներին Սոնա Վանը տարբեր երկրներում մասնակցել է պոեզիայի մի շարք միջազգային փառատոների՝ արժանանալով ջերմ ընդունելության: Շուտով Երևանում լույս կտեսնի նրա բանաստեղծությունների նոր ժողովածուն: Ստեղծագործական անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ եմ մաղթում վաղեմի բարեկամիս և գրչակցիս»:

Խոսք ասաց գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը. «Սոնա Վանին ճանաչում եմ 2004 թվականից և մշտապես բարձր եմ գնահատել նրա պոեզիան: Սոնան իր անկեղծության և ազատության հետ ունի պատկերային նոր համակարգ, որը դրսևորվում է և՛ սիրային, և՛ ազգային ու ժամանակակից կյանքի մասին գրած նրա գործերում: Նրա պոեզիայի հիմնական ուժն արդիականությունն է, ուրույն հայացքը հայոց պատմությանն ու հայ իրականությանը: Վերջերս տպագրվել է իմ «Հրե վարդ» մենագրությունը՝ Սոնա Վանի պոեզիայի մասին: Գրքում փորձել եմ ի մի բերել Սոնայի պոեզիայի զարգացման ճանապարհը: «Լիբրետո անապատի համար» գիրքը լիովին նոր հայացք է Հայոց ցեղասպանության թեմային: Նոր են և՛ պատկերները, և՛ դիտարկումը: Շատ կարևոր են գրքի հերոսի կերպարը և լեզուն: Նրա պոեզիայի հերոսը ինքն է, սակայն հիշողությունը, անցյալն այնպես է մոնտաժում, որ կենդանի խոսքի ազատությունը, պատկերից պատկեր թռիչքը հզոր ուժ են հաղորդում ստեղծագործությանը: Արժեքավոր են նաև հոդվածները, ելույթները, տարբեր հրապարակումները, որոնք հագեցած են վերլուծական-քննական լուրջ դրսևորումներով»:

Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը կարևորեց Սոնա Վանի հոգու ազատության բացառիկ կարողությունը, իր սերն աշխարհին ներկայացնելու շնորհը` մնալով քնարական ինքնատիպ մտածողության կրողը: «Սոնա Վանը, պատմելով իր պապի, հոր և մոր մասին, ընթերցողի մոտ «Մենքի» գաղափարն է ձևավորում, բերում «Մենքի» ընդհանուր հիշողությանը: Ե՛վ վերլիբրով գրված, և՛ սպիտակ բանաստեղծություններում կա ներքին ռիթմ, որը ստիպում է ընթերցողին Սոնայի գիրքը կարդալ մինչև վերջ և անցնել մյուս գրքին»,- ասաց Վ. Փիլոյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը նշեց, որ ընթերցողն ինչ-որ տեղ նաև պետք է գրականագետ լինի, որպեսզի կարողանա բացահայտել բանաստեղծի, տվյալ դեպքում՝ Սոնա Վանի պոեզիայի բազմաթիվ շերտերը. «Սոնա Վանի պոեզիայում մեկտեղվում են և՛ ինտելեկտը, և՛ դիպուկ ու անսեթևեթ խոսքը, որով նա հաղորդակցվում է նաև այլալեզու ընթերցողի հետ` իր պոեզիային տալով համաշխարհային հնչողություն: Ես խոստովանում եմ իմ սերը Սոնա Վանի պոեզիայի հանդեպ»:


Գրականագետ Լուսինե Սահակյանը կարդաց իր «Զարկերակի հիշողություն շնչառությամբ» գրախոսականը՝ Սոնա Վանի բանաստեղծությունների «Ես անուն չունեմ» և «Ես ձայն եմ լսում» ժողովածուների մասին:


«Բանաստեղծուհու պոետական աշխարհի գլխավոր նյարդը կամ զարկերակը սերն է, ու սիրո տեսակներն ըստ Սոնա Վանի` աստվածասիրություն ու աստվածավախություն, ընտանիքի նկատմամբ եղած սեր, ֆիզիկոս հոր «անհավատ» հավատը, հորաքրոջ «հավատավոր» մեղքը, մարմնական սերը: Այս դիտակետից էլ ստեղծվում է բանաստեղծուհու պոետական հայտնությունների աշխարհը, իսկ աշխարհայացքային առանձնահատկությունները թույլ են տալիս խոսել նրա պոեզիայի մասին՝ իբրև նոր երևույթ դարասկզբի հայ պոեզիայի անդաստանում»,- նշեց Լ. Սահակյանը:


Սոնա Վանի բանաստեղծությունների ասմունքով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը՝ հուզմունքի և ոգևորության պահեր պարգևելով ներկաներին:

Վերջում խոսք ասաց Սոնա Վանը՝ շնորհակալություն հայտնելով Մ. Միկոյանին, մյուս ելույթ ունեցողներին և բոլոր ներկաներին: «Իմ շրջագայությունը Վրաստան, Չինաստան, Քենիա, Գերմանիա, Միացյալ Էմիրություններ եզրափակվեց Վանաձորում, որտեղ կան ինձ համար հարազատ մարդիկ: «Լիբրետո անապատի համար» գիրքն ինձ համար կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ վանեցու թոռ եմ, այլև տարբեր լեզուներով թարգմանված այս գիրքը ևս մեկ առիթ է այդ երկրներում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար: Պատերազմն իմ և մարդկության թշնամին է, պատերազմի մսաղացն իր հույսը դրել է մեր զավակների արյան վրա: Իմ շրջագայությունները նաև հակապատերազմական ակցիաներ են: Պատերազմը հաջողված բիզնես է. եթե զենքն արտադրվում է, պիտի օգտագործվի: Իսկական պոետը մարգարե է՝ Աստծու կողմից ուղարկված: Ես Չինաստանում մի միտք ասացի. «Պոեզիան պետք է ընկալենք որպես նոր մարդու կրոն»: Պոետը Աստծու շարունակությունն է երկրի վրա, քանզի կարողանում է անցնել իրականի և անիրականի սահմանը: Ցանկացած հանճարի հիմքում, ներառյալ խոշոր գիտնականները, պոետիկ մտածողությունն է: Պոեզիան ետճաշյա հաճույք չէ: Պոետը հետմահու կյանքում փրկություն չի խոստանում, այլ հենց այստեղ՝ Երկրի վրա: Պոեզիան կոչված է կոտրելու կարծրատիպերը և նոր ճանապարհ փնտրելու հոգու փրկության համար: Բառի արժանապատվությունը վերադարձնելով է ապրելու լույսը, քանզի պոեզիան մարդուն մարդ պահելու լավագույն միջոցն է»,- ասաց Սոնա Վանը:


Աղբյուրը՝ Գրական Թերթ

bottom of page