Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» Անգլերէն Գրքի Շնորհանդէսը Լոս Անջելեսի ՀՀ Հիւպատոսարանում
Պատրաստեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Սոնա Վանի «Լիբրետօ անապատի համար» մինչ օրս արդէն տասներկու լեզուներով թարգմանուած ժողովածուն արդէն ընթերցողներ ունի աշխարհի տարբեր երկրներում, իսկ անգլերէն տարբերակը ներկայացուեց Մայիսի 18ին Լոս Անջելեսի ՀՀ հանրապետութեան հիւպատոսարանում:
Շնորհանդէսի ներկաներին ողջունեց Լոս Անջելեսում ՀՀ հիւպատոս Վալերի Մկրտումեանը, ում նախաձեռնութեամբ էլ կազմակերպուել էր շնորհանդէսը: Օրուայ հանդիսավարն էր յայտնի հեռուստալրագրող Արշալոյս Դարբինեանը: Նա իր խօսքի մէջ անդրադարձաւ նաեւ գրքի թուրքերէն տարբերակին, որը Ստամբուլում հրատարակել է մարդու իրաւունքի պաշտպան, գրող եւ հրատարակիչ Ռաջիբ Զարաքոլին: Ըստ լրատուութեան՝ «Բելգէ» հրատարակութիւնը, որտեղ տպագրուել էր գիրքը, «Լիբրետօ անապատի համար» գրքի հրատարակումից յետոյ Թուրքիայի նախագահի հրամանով փակուել է եւ բռնագրաւման է ենթարկուել գրքի համարեա ամբողջ տպաքանակը, որը պահպանւում էր հրատարակչութիւնում գրքի շնորհանդէսը Ստամբուլում կազմակերպելու եւ այն թուրք ընթերցողին ներկայացնելու համար: Առաջին անգամ չէ, որ թուրք պաշտօնեաները կանխում են հայ մտաւորականի ու գրողի պոտենցիալ վտանգը:
«Յուսանք, որ առաջիկայում այնուամենայնիւ տեղի կ՛ունանայ Սոնա Վանի հանդիպումը նաեւ թուրք ընթերցողի հետ», ցանկութիւն յայտնեց Արշալոյս Դարբինեանը:
Ժողովածուն ներկայացրեց բանասիրական գիտութիւննների դոկտոր, պրոֆէսոր, գրականագէտ Աւիկ Իսահակեանը՝ շեշտելով, որ Սոնա Վանը դուրս է բոլոր աւանդոյթներից՝ նրա պօէտիկ ձեւակերպումները ու շեշտադրումները առաւել խորքային են: Առանց թանձր գոյների, պատերազմի ու Ցեղասպանութեան նատուրալիստական տեսարաններով ընթերցողին ցնցելու հնարքի՝ Սոնա Վանին յաջողւում է ստեղծել հզօր պատկերներ՝ մատնացոյց անելով գրքի հիմնական պատգամը՝ ՎԵՐՋ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ:
Ըստ նրա՝ «Յետցեղասպանական հայ գրականութեան համատեքստում Սոնա Վանի «Լիբրետօ անապատի համար» առանձնանում է իր անշփոթելի ոճով, ձայնի անբռնազբօսիկ նրբերանգով, դիտարկումների դիպուկութեամբ, բանաստեղծական պատկերների անմրցելի հզօրութեամբ, մետաֆորի թարմութեամբ եւ մտքի՝ աֆորիզմին յատուկ խտութեամբ: Ակնյայտ պօէտական տաղանդի շնորհիւ, ընկալւում է որպէս ականատեսի ու վերապրողի տող, ընթերցողին փոխանցելով ողբերգութեան ողջ զգայական ու պատմական յիշողութիւնը: Իր ամբողջութեան մէջ գիրքը նոր ու իւրայատուկ յուշարձան է՝ նուիրուած Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Երեկոյի հիւրն էր հոլիւուդեան աստղ, մարդու իրաւունքների պաշտպան Բիետա Պոզնեակը: Նա ընթերցեց «Լիբրետօ անապատի համար» պօէմը՝ ականատեսի զարմանալիօրէն զգայական խորքայնութեամբ՝ ունկդրին փոխանցելով ողբերգութեան համամարդկային պատկերներն ու զգացողութիւնները: Իր դերասանական գործունէութիւնից զատ, լինելով նաեւ բանաստեղծ եւ մարդու իրաւունքների պաշտպան, Բիետա Պոզնեակը, ինչպէս ինքն արտայայտուեց, անկարող էր չոգեւորուել Սոնա Վանի խաղաղասիրական եւ մարդասիրական պօէզիայով:
«Սոնայի պատկերներն ու տողն այնքան հզօր ու իրական են, որ գայթակղութիւն զգացի դրանք փոխանցել միւսներին»: Նա առաջարկեց թողարկել Սոնա Վանի պօէզիայի audio book տարբերակը՝ այն աւելի լայն հասարակու-
թեան մատչելի դարձնելու համար:
Սոնա Վանն իր եզրափակիչ խօսքի մէջ անդրադարձաւ գրքի լեյթմոտիվին՝ «Ինձ վիրաւորում է այն միտքը, որ դարեր ձգուող հոգեւոր ու մշակութային էւոլուցիան ոչինչ չի փոխել մարդու մէջ գտնուող գազանի վնասազերծման կամ վայրենի բնազդները բանականութեամբ չէզոքացնելու առումով: Որ տեխնոլոգիայի, գիտութեան, փիլիսոփայութեան ու կրօնի յաղթարշաւը միայն յաւելել է հողի եւ աւազի մէջ ներծծուող արեան քանակը, որդեկորոյս մայրերի շարքը, որբանոցների, արհեստական վերջոյթների (պրոտեզ), զէնք արտադրող գործարանների, հաշմասայլակների, տանկերի ու անօդաչու սարքերի թիւը, որոնք խոստանում են սպանել առաւել մեծ թուով մարդկանց, առաւել ճշգրիտ վայրերում եւ յատկապէս՝ առանց մեռնողի աչքերի մէջ նայելու եւ հետեւաբար՝ առանց խղճի խայթ ունենալու»:
Գրաքննադատ Ամինա Մուհամեդը, ով գրքի նախաբանի հեղինակն է, նշեց որ Սոնա Վանի պօէզիան նիւթի բազմազանութեան եւ պօէտական իւրայատուկ ձեռագրի շնորհիւ դուրս է զուտ ազգային սահմաներից եւ պօէտական լեզուն ներկայացնում է որպէս իր սեփական օրէնքներով գործող ինքնաբաւ համակարգ, լեզուական միջավայր, որտեղ կարող է գոյատեւել կրթուած զգայարաններով հոգեւոր անհատը՝ անկախ նրա ազգութիւնից ու գոյնից: Սոնա Վանի համար լեզուն թէ՛ միջոցն է՝ թէ՛ նպատակը:
«… նրա «լեզուական ոսպնեակը» անսխալ ֆիլտրում է իր միջով անցնող ամէն բան՝ մարդկային յարաբերութիւն, գաղափար, ափսոսանք, տարակուսանք, փիլիսոփայութիւն, գիտութիւն եւ այլն, այդ ամէնը բացայայտելով լեզուի թուացեալ պարզութեան կոմպլեքսայնութեամբ (բարդութեամբ-Խմբ.): Սոնա Վանի գիրը գոյութեան կատարեալ միջավայր է»:
Գիտնական, պրոֆէսոր Վարդգէս Եղիազարեանը հրաշալի խօսք էր պատրաստել Սոնա Վանի պօէզիայի շուրջ, որտեղ նշում էր, որ «… Սոնա Վանի գրականութիւնը խնդիր ունի կերտել իր սերնդի բանականութեան յաղթանակը, ծիսականացնել հայ կնոջ կերպարը, ամրագրել հայ մարդու հոգեբարոյական չափանիշները: Սոնա Վանի պօէտական ֆենոմենի հիմքում ընկած է նախ եւ առաջ նրա աստուածային տաղանդը, տողի եւ պատկերի մոգական պոտենցիալ ուժը եւ նաեւ այն, որ նրա կենսաբանական ստեղծագործական համակարգը կտրականապէս արգելափակում է միջակ կամ անկատար որեւէ հոգեւոր «արտադրանք»: Ընթերցողին հասնում է միայն կատարեալը՝ Սոնա Վանին յատուկ հոգեւերլուծութեան եւ երջանկութեան ալգոռիթմերով: Այսպիսի մոգական ազդեցութիւն կարող է ունենալ միայն հզօր պօէզիան, որը գենետիկ փոխկապակցութեան մէջ է հայ գրականութեան մեծերի հետ: Կնոջ իրաւունքի, գենդերային հաւասարութեան, տղամարդ-կին յարաբերութեան բարդ բազմաշերտութեան մասին անթաքոյց գրել են պարսկական գրականութեան մէջ Օմար Խայամի ժամանակիցները, եւրոպական գրականութեան մէջ՝ Ժորժ Սանդը, իսկ հայ պօէզիայի մէջ այդ տեղը մինչ Սոնա Վանը եղել է թափուր: Նրա պօէզիան անդրադառնում է քաղաքակրթութեան ամենատարբեր գործօններին՝ միաժամանակ տագնապելով հայրենիքի եւ յատկապէս հայ գիւղացու անհեռանկար ապագայի համար:
Գիւղացին չի՛ մեռնում – քնո՛ւմ է
(հողի տակ՝ սերմի հետ կողք- կողքի)
սեզոնային է յարութիւնը նրա
գիւղացին ծնւում է վերստին հասկի հետ ամէն գարուն»
Իրենց ողջոյնի խօսքով գիրքն արժեւորել էր ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը. «…Սոնա Վանի «Լիբրետօ անապատի համար» ժողովածուն՝ պօէտիկ կատարելութեամբ հանդերձ՝ հոյակերտ յուշարձան է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Յուշարձան, որ կերտուել է Դեր Զօրի վերջին հարսի» հանդերձների ասեղնագործ նախշերով, երբ նա վազում էր՝ քաշելով անապատը: Իսկ այդ նախշերը քո հիւթեղ, շօշափելի բառ-պատկերներն են: Սոնա Վան, դու դրանց վարպետն ես, ողջո՛յն…»:
Սոնա Վանին իրենց ողջոյնի խօսքն էին յղել կոնգրեսական Ադամ Շիֆը, պրոֆէսոր Մարի Ռոզ Աբուսեֆեանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Սոնա Վանի ստեղծագործութիւնները: Ցաւօք, շատ գրաքննական ելոյթներ դուրս մնացին ծրագրից, դահլիճի գերյագեցած լինելու եւ ոտքի վրայ մնացած ներկաների անյարմարութիւնը կրճատելու պատճառով:
Ելոյթներից նկարիչ, փիլիսոփա Կամօ Մկրտչեանի խօսքը կարող էք կարդալ «Ասպարէզ»ի յաջորդ համարում:
Աղբյուրը՝ http://asbarez.com/arm/284984/Կինն՝-Ընդդէմ-Պատերազմի/