top of page

Բանաստեղծուհի Սոնա Վանը՝ «Մայրենիի դեսպան»

Շնորհանդեսին ներկա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ բազմաթիվ գրականագետներ, գրաքննադատներ և թարգմանիչներ (հայ թե օտար) Սոնա Վանին համարում են մեր ժամանակների մեծագույն գրական երևույթներից մեկը։

«Լինելով վանեցու թոռ՝ Սոնա Վանը միշտ վառ է պահում իր նախնիների հիշողությունները և դրանք վարպետորեն դարձնում պոեզիայի երևույթ»։Սոնա Վանը 5 ժողովածուի հեղինակ է: «Վերջին՝ «Լիբրետո անապատի համար» ժողովածուն կարճ ժամանակում թարգմանվել է 9 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, եբրայերեն:Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Սոնա Վանին պարգևատրել է «Մայրենիի դեսպան» մեդալով:Բանաստեղծուհու նոր գրքի մասին զեկուցումներով հանդես են եկել գրականագետներ Սերժ Սրապիոնյանը և Նորայր Ղազարյանը:Սերժ Սրապիոնյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Սոնա Վանի «Լիբրետոն» խախտում է բառի ավանդական ըմբռնումների սահմանները, նրան հաղորդում նոր ըմբռնումների ծիր, նոր բովանդակություն: Դեր Զոր անունն իբրև հասկացություն, Սոնա Վանի բանաստեղծության ընդհանուր հոսքում կարծեք վերածվում է յուրօրինակ դժվարըմբռնելի գիտակցական հոսքի՝ կյանքի և մահվան խառնարանի խորհրդանշումով»:Նորայր Ղազարյանը նշել է, որ գրքի ճիշտ ընկալման բանալին ընթերցողին տալիս է ինքը՝ բանաստեղծը՝ սկզբում դրված «Ինքնակենսագրության փոխարեն» շարադրանքով»:Հանդես գալով շնորհակալական խոսքով՝ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանն ասել է. «Ես անկեղծորեն չէի սպասում նման հանդիպման, և սա ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի նվերն էր ինձ և իմ աշխատանքին»:Հեղինակն ընդգծել է , որ գիրքը իր հորաքրոջ և բոլոր այն հայ կույսերի համար է, ովքեր ցեղասպանվելով՝ չհասցրին մոտենալ եկեղեցու խորանին: Սոնա Վանն ասաց, որ իր համար Եղեռնը շարունակվել է նաև ընտանիքի ֆիզիկական փրկությունից հետո՝ պապի օրագրային գրառումների տեսքով:Հանդիսության մասնակիցները հնարավորություն են ունեցել վայելելու Սոնա Վանի բանաստեղծությունները ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի ասմունքով, ինչպես նաև դիտել Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի մասին պատմող ֆիլմ:

Լուսանկարը՝ Սփյուռքի նախարարության

http://narcis-handes.am/2015/12/04/բանաստեղծուհի-սոնա-վանը՝-մայրենիի-դ/

bottom of page