top of page

«Հայրենիքը միշտ էլ շռայլ է գտնվել իմ հանդեպ». Սոնա Վան

Այս օրերին Հայաստանում է գտնվում ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը, որի վերջին՝ «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս՝ նոյեմբերի 26-ին: Նույն օրը բանաստեղծուհին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով՝ Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար: «Ես բազմաթիվ մրցանակներ ունեմ: Հայրենիքը միշտ էլ շռայլ է գտնվել իմ հանդեպ, և բողոքել չեմ կարող այդ առումով: Ինչպես ընթերցասեր հասարակությունը, այնպես էլ պատկան մարմինները միշտ գնահատել են իմ աշխատանքը, իմ պոեզիան, բայց այս մրցանակն ինձ համար կրկնակի թանկ է, որովհետև ինձ տրվում է մայրենի լեզվի դեսպանի կոչում: Դա նշանակում է դեսպանը իմ խորանի, որովհետև գրողի համար բառը, լեզուն իր խորանն է: Եվ ես պետք է փորձեմ պատվով կրել այդ կոչումն ու իսկապես արժանի մնալ դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոնա Վանը: Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս ռուսերեն է թարգմանվել և հրատարակվել իր «Մեկ թռչունի թատրոն» բանաստեղծությունների ընտրանին: Բանաստեղծուհին ինքն էլ է կարողացել ներկա գտնվել գրքի շնորհանդեսին. «Ինձ համար պանծալի օրեր էին դրանք: Աշխարհում ռուսական գրականությունը մնում է դեռևս չհաղթահարված, և լինել այդ երկրում, ընդունվել տեղի մեծերի կողմից, ինձ համար իսկապես պարծանք էր»,- նշեց Սոնա Վանը: Առաջին անգամը չէ, որ բանաստեղծուհու ստեղծագործությունները թարգմանվում են ռուսերեն (նաև անգլերեն, վրացերեն և այլն): Նախկինում էլ է առանձին գրքերով ու բանաստեղծական շարքերով թարգմանվել. «Ես ռուս գրականության ասպարեզ մտա էլիտար գրողների թարգմանությամբ: Դա, ըստ երևույթին, ավելի հեշտացրեց իմ ընդունելությունը ռուս հասարակության մեջ, որտեղ տաղանդավոր գրողներ շատ կան, և դժվար է դառնալ ռուս ընթերցողի համար փնտրված, սիրված ու ընդունված գրող»,- ասաց Սոնա Վանը: 


www.Aravot.am

bottom of page