Վ․ Ս- 2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը:ՍՈՆԱ ՎԱՆ-Հռոմում Պապի կողմից կազմակերպված Ցեղասպանության հարյուրամյա հոբելյանին նվիրված իրադարձությունը, որտեղ ներկա էին ամենատարբեր կրոնների և դավանանքների ներկայացուցիչներ, ստեղծելով փոխըմբռնման և փոխզիջման մթնոլորտ: Կարծում եմ, որ այդ օրը յուրահատուկ տոն էր նաև Հայր Աստծո համար: Իսկ իմ մասնակցած իրադարձություններից ուզում եմ նշել Լոս Անջելեսում կազմակերպված բողոքի ու խոնարհումի քայլարշավը 166.000) մասնակիցներով` որն իր թվաքանակով ամենամեծ ցույցն էր այս նահանգում: Սա նշանակում է, որ ճիշտ պահին մեր ազգը համախմբվելու մեծ պոտենցիալ ունի, պարզապես այն ուղղորդել է պետք:Վ․Ս․-2015թ.-ի ամենախոսուն գիրքըՍոնա Վան- Ծնունդով ռուս հրեա և կանադացի Սոլ Բելոուի «Հերցոգը» վեպը, բնագիր անգլերենով ընթերցեցի, որը մեծ ինտելեկտուալի հոգու, մտքի և լեզվի հավասարապես հզոր հոսքերի հեղեղ էր, որի մեջ համարյա խեղդվում էի հաճույքից:Վ․ Ս. 2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմըՍոնա Վան- 2.2015թ.-ին դիտած ամենալավ ֆիլմը: Մայքլ Հենեկի «Սեր» ֆիլմը ժան Լուի Տրինտինյանի դերակատարությամբ: Սա իսկական սիրո դինամիկան ցույց տվող ֆիլմ էր, երբ զույգերից մեկը դատապարտված էր հիշողության կորստի:Վ․ Ս․-2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունըՍոնա Վան-Էլեկտրիկ Երևանը: Միանշանակ: Ու ոչ թե իր ձեռքբերումի առումով, այլ ընդամենը քաղաքականության մեջ արհեստական ֆորմաների և կեղծիքների մեր օրերում բնության երևույթի նման անքննելի ու տաք լավայի տրամաբանությամբ գործող ինքնահոս ընդվզումի տեսակի առումով, որը գալիս էր հիշեցնելու մարդու տեսակի և նրա կոլեկտիվ գիտակցության մասին մոռացված ճշմարտություններ: Ապահով հեռավորությունից ու էկրանի վրա պարզապես հրաշալի էր ականատեսը լինել երկար ժամանակ բարձր ճնշման տակ պահված առողջ, երիտասարդ արյան և հզոր ու պոտենտ մկանի անվերահսկելի պոռթկմանը, արդարության ներվի հորմոնալ ու ինտուիտիվ կծկմանը, քաղաքացիական կամքի կոլեկտիվ ու եռացող լավայի ժայթքմանը, որը զորությունը ուներ ալիք առ ալիք հեղեղելու իր շրջակա տարածքը, մաքրելու ու ապաքինելու այն` փոխելով ամեն ինչ, ընդհուպ մինչև վայրի գեոլոգիական անունը: Այն ի զորու էր ձեռք բերել Այվազովսկու յոթերորդ ալիքի հզորությունը, գեղեցկությունը և սահմռկեցուցիչ վեհությունը, եթե ի տարբերություն ինձ` ոչ այնքան էլ ապահով հեռավորությունից դիտող ոմանք ժամանակին չօգտագործեին ամենայն գեղեցիկին և բնականին ընդդիմանալու իրենց արհեստավարժությանը, շրջապատը հագեցնելով պատրաստի ֆորմաներով՝ իր տեսակի մեջ անկրկնելի, բնական շարժումը վերածելով առավել կանխատեսելի ու վերահսկելի մեջ այլ բանի: Ի դեպ` հիացումն ու անակնկալի սպասելիքը ոչ միայն դիտողին էր, այլ նաև իրենցը` մասնակիցներինը: Ջահելները իրոք իրենք էլ չգիտեին, թե ինչ ընթացք է սպասվում, ինչ է լինելու այնուհետև… ինչպես սերմի առաջին ժայթքումից հետո … զորօրինակ: Այդչափ, որ բնական էր ամեն ինչ: Ոչ միայն հայրենիքում, այլ հիվանդ մոլորակի վրա ինչ-որ բան փոխելու առումով ես այնուամենայնիվ դեռ ապավինում եմ այս տիպի ալիքի պրոգրեսիվ շարժմանը:Վ․Ս․ 2015թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումըՍոնա Վան- Ամերիկացի և արաբ հեռուստալրագրողների միասնական ջանքերով պատրաստված «Assassin » տեսանյութը, որտեղ համեմատական վերլուծության էր տարված ֆիդայու, ահաբեկչի և զինվորի գործելաձևի ու մտածողության միջև, առանց որի իմացության հնարավոր չի լինի հաղթահարել այսօր մոլորակի ու մարդու գոյությանը սպառնացող ահաբեկչությանը:Վ․Ս․- 2015թ.-ի ամենասուր հումորըՍոնա Վան- «Այո» կամ «ոչ» հայրենական հանրաքվեն, ծախսված մարդկային ու էկոնոմիկ ռեսուրսները և հատկապես` մեկը կամ մյուսը գովազդողների դեմքերի վրա հավասարապես շփոթված լրջությունը: Ասես իրենք էլ վստահ չէին, թե ինչու են «այո»-ն կամ «ոչ»-ը ընտրել: Անկեղծ ասած, եթե ե՛ս լինեի իսկապես «այո» ցանկացող իշխանությունը, կբավարարվեի սոսկ մեկ կրքոտ ելույթով, որի ժամանակ կգովազդեի «ոչ»-ը, վստահ, որ հոգնած, զայրացած ժողովուրդն ու կուրորեն ընդդիմացողները «այո» էին քվեարկելու և թույլ կտայի, որ ընթանան իսկապես ազատ ու արդար ընտրություններ` օտար դիտորդների մոտ արձանագրելով 100% -ոց դեմոկրատիայի անակնկալ հայտնությունը Հայաստանում՝ առանց զոհաբերելու իրենց ցանկացած արդյունքը` «այո»-ն: Իմ կարծիքով իշխանությունները միամտաբար շրջանցեցին առանց ընտրակեղծիքների կամ վերակրկնվել ցանկանալու մեղադրանքի վտանգի` իրենց ուզած «այո»-ն պարզ երեսով ապահովելու միակ հնարավորությունից: Բայց սրա մեջ նաև լավ բան կա: Նշանակում է իշխանությունները իրականում այդքան էլ խորամանկ, ճկուն ու բլեֆիստ չեն, որքան մենք ենք կարծում: Ինձ` անուղղելի օպտիմիստիս, սա մինչև իսկ հույս է ներշնչում: Գուցե ամեն բան այնքան վատ չէ`մտածում եմ, որքան թվում է: Ի դեպ, նախագահին ես միշտ եմ կասկածել իր աթոռից դուրս գաղտնորեն էությամբ լավ մարդ լինելու մեջ:Վ․Ս․. .Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/Սոնա Վան- Ձմեռ պապի, ախր եթե շարունակեն այսպես անվերջ խաբել ու հուսախաբել մեզ, վաղը մենք քե՛զ էլ չենք հավատա: Իսկ դա կլինի վերջը: Դե ուրեմն մի բան արա: Եվ դու կարո՛ղ ես: Դո՛ւ, որ ամեն տարի կարգապահորեն միշտ նույն օրերին կտրում ես սառցե մղոններ, հաղթահարում հյուսիսային քամիների քմահաճ դաժանությունը ու համարյա Աստծո պես հասնում միաժամանակ ամեն տեղ` մարդկանց սառած սրտերին մեկ օրվա խնդություն հասցնելու համար՝անկասկած կարող ես և կոտրել-հալեցնել այդ սրտերում քարացած սառույցը, փոխարենը այնտեղ կարեկցանքի ու բարության խորանարդներ դնելով: Դո՛ւ, սառցե ամենայն ինչի գիտակ: Կարո՛ղ ես:
http://www.tert.am/…/2…/12/25/groghner-vard-simonyan/1884323