top of page

ՍՈՆԱ ՎԱՆ. ՙՍՓՅՈՒՌՔԸ ԶԳՈՒՄ Է ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ՚

Ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը ծնվել է Երևանում, ծննդով Վանից ֆիզիկոսի ընտանիքում։ 1978¬ից ապրում է Կալիֆոռնիայում։


Մասնագիտությամբ բժիշկ¬հոգեբան է։ 2006թ. Երևանում լույս տեսնող ՙՆարցիս՚ գրական¬գեղարվեստական, մշակութային հանդեսի համահիմնադիրը, 2013-ից գլխավոր խմբագիրն է։ Արժանացել է հայրենական և ամերիկյան գրական¬մշակութային մրցանակների, պարգևների, դիպլոմների։ Հեղինակ է բանաստեղծական 9 ժողովածուների։ Թարգմանվել է շուրջ երկու տասնյակ լեզուներով։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Սոնա ՎԱՆԻ հետ։ - Հարցազրույցների ժամանակ տպավորությունների հարցը սովորաբար թողնում ենք վերջում, բայց քանի որ դուք գալիս եք Շուշիից, զրույցը սկսենք ձեր տպավորություններից։-Շուշին վերջին շրջանների պատմական հաղթանակներից ու պարծանքներից մեկն է։ Ինձ համար այն հոգևոր հայրենիքի սահմանների գիծն է։ Շուշիում վերջին անգամ եղել եմ 3 տարի առաջ, զգում եմ քաղաքի շունչը, հևքը, հատկապես որ դեռևս խաղաղությունը հաստատուն չէ, և մենք գտնվում ենք պատերազմի մեջ։ Քաղաքը ես տեսա ավելի  գեղեցկացած, ավելի բնակեցված։ Եվ դա ինձ հիացում է պատճառում, ինչպես այս ժողովուրդը, որ կարողանում է վերակառուցել իր երկիրը։ Այս ժողովուրդը կպած է իր հողին, պատրաստակամ է ծառայելու իր երկրին։ Հողի այսպիսի զգացողության ես չեմ հանդիպել որևէ այլ տեղ։ Մարդը զգում է իր ու հողի նույնությունը։ Ես շփվել եմ շատ ազգերի, ժողովուրդների հետ, բայց հողի և մարդու այսպիսի կապվածություն, այսպիսի հավատարմություն ես չեմ տեսել։ Ընդհանրապես աշխարհում սա բացառիկ երևույթ է։ Ես այցելեցի ոչ միայն Շուշի, այլև Հադրութ և զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են պատերազմում վիրավորվածները։ Որպես մայր՝ ցավ ապրեցի, բայց որպես հայ՝ հպարտություն ունեցա՝ նրանց հետ խոսելով, զրուցելով։ Նրանց հայրենասիրական կիրքը, ծառայությունը շարունակելու կամքը ինձ հպարտություն ներշնչեցին։Քանի որ ես ինքս հոգեբան եմ, փորձեցի նրանց հետ խոսել, զրուցել, որպեսզի կարողանան հեշտությամբ թոթափել սթրեսը, արհավիրքի հետագա և շարունակական տրավման, և հասկացա, որ այս տղաների մեջ կամքն ու արիությունը շատ բարձր են. 18-20 տարեկան տղաներն ունեն հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր չափ, զգացում։ Սա ինձ համար ինչ¬որ տեղ զարմանալի և հիացմունք պատճառող երևույթ է։- Զարմանալի չէ, որ Արցախում եք, քանի որ այս օրերին շատերն են գալիս...- Եկա Արցախ, քանի որ ուզում էի այս օրերին լինել մարտնչող արցախցու կողքին, որպես հայ, որպես բանաստեղծ, որպես հայ մայր։ Ամերիկայում մենք լուրերին հետևում ենք սրտի տրոփյունով, Սփյուռքում ցանկացած հայի, ցանկացած մոր համար զինվորի կորուստը մեծ ցավ է։ Ոչ միայն թվաքանակի մասին է խոսքը, այլ նաև՝ որակի. մեր պատանիները, մեր երիտասարդները, որ 18-20 տարեկան են, ապրում են իրենց ծաղկուն հասակի օրերը, իրենց աստվածատուր ժամանակն է՝ սիրելու, վայելելու, տեսնելու գեղեցիկը, և հանկարծ հայտնվել են պատերազմի դաշտում, որ կորուստների դաշտ է։ Գուցե մեծ համատեքստում դա հաղթանակի դաշտ է, բայց յուրաքանչյուր կորուստ մոր համար դա շարունակվող պատերազմի վիճակ է, նրա համար պատերազմը շարունակվում է մինչև իր կյանքի վերջին օրը։ Ես ասում եմ որպես կին, մայր, հոգեբան, բանաստեղծ, որի համար ամենակարևոր խնդիրը աշխարհի իդեալականացումն է, իմ ամենամեծ ցանկությունն է, որ պատերազմներ չլինեն։ Իմ ժողովածուն՝ ՙԼիբրետո անապատի համար՚, որ թարգմանվեց 12 լեզուներով, նվիրել եմ ցեղասպանության և պատերազմի թեմային, և այն պատճառով, որ կինը կարող է փոխել պատերազմների հավերժական ընթացքը։ Ես կարծում եմ՝ մայրը, որ զավակ է ծնում, և հենց այն միտքը, որ տագնապում է կորցնելու մտքից, ինքնին մեծ ողբերգություն է։ Մարդն իրավունք ունի երջանկության, որքան իրավունք ունի անկախության և ազատության, և ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդու նպատակը պիտի լինի նաև պայքարել հանուն երջանկության։ Ես երկյուղածությամբ մտա ընտանիքներ, որոնք տուժել են պատերազմից։ Տեսա հայի տխուր աչքերով երեխաների, որ հայր են կորցրել։ Երեխաների, որ մտել են այնպիսի հոգսերի տակ, որ նույնիսկ հասուն մարդն է դժվարությամբ տանում։ Սա ողբերգություն է և կյանքը վերսկսելու համարյա անհնարինություն։ Նրանք հստակ պատկերացնում են իրենց անելիքը, ինչպես են դիմակայելու, ապրելու։ Հոգուս խորքում զգում էի, տեսնում էի, թե ծայրահեղ պայմաններում երեխաներն ինչքան արագ են հասունանում։ Նրանց պիտի համակարգչային խաղերը հետաքրքրեին, բայց նրանք ծրագրեր էին գծում... Սա ցավալի է, բայց, ավաղ, պատերազմը դա այն տխեղծ դևն է, որը ծնում է զավակակորույս մայրեր, սիրեցյալին կորցրած հարսեր, ծնում է որբություն, ծնում է մի իրականություն, երբ երեխան չի կարողանում վայելել իր մանկությունը, տարիները, որ ամբողջ կյանքի ընթացքում կարող են հենք դառնալ ապագան շտկելու։ Եթե մանկություն չկա, պատանեկությունն ու երիտասարդությունն ինչ¬որ տեղ անդամալուծված են։ Եվ այս զգացողությունը՝ որպես մայր ու որպես բանաստեղծ, պարզապես կտոր¬կտոր էր անում իմ հոգին։ Ես՝ որպես մայր, ատում եմ պատերազմը։ Եվ  բոլոր մայրերն են ատում, և աշխարհի մայրերը պիտի պայքարեն դրա դեմ, որովհետև այսօր մենք բարոյական կռիվ ենք տալիս, մենք մեր հողն ու ապրելու իրավունքն ենք պաշտպանում։ Մեր կռիվը ազնիվ է, աստվածային է, բայց մենք մարտնչում ենք մեկ այլ մարդկային խմբի հետ, որի համար կռվելը դարձել է աշխատանք։ Նրանք հարձակվել էին զոմբիների պես։ Նրանք չգիտեն ինչի համար են կռվում, նրանք իրենց մեջ չեն կրում հոգևոր արժեք, հայրենիքի համար կռվելու պատրաստակամություն, այսինքն, կռվում են բնազդով, վայրենությամբ։ Մենք տեսնում ենք ցեղասպանության շարունակությունը։ Ինչ է նշանակում՝ կռվել զենքով, բայց գլխատել զինվորին։ Այս երևույթի դեմ պետք է մարտնչի, պայքարի ոչ միայն հայը, այլև համայն մարդկությունը։ Ամբողջ աշխարհի ուշադրությանը պիտի արժանանա այն, ինչ այսօր կատարվում է Արցախում։ Սա մարդու մեջ գազանի գենի պրովոկացիա է, այսինքն, սա նշանակում է, որ էլիտար հանրությունն ինչ¬որ տեղ հոժար է՝ տեսնելով գազանի, վայրենու դերակատարությունը։ Եվ սա կատարվում է աշխարհի աչքի առջև, սա կատարվում է ոչ միայն Ղարաբաղում, այլև այլ երկրներում։ Ցեղասպանության մասին չի կարելի խոսել անցյալ ժամանակով, դրանք շարունակվող վայրագություններ են ընդդեմ մարդկության։ Եվ սրա մեջ, այս պահին ավելի քան երբևէ կինը մեծ դերակատարություն ունի։ Որովհետև  կինն է զավակ ծնում։ Ամենից շատ նա է զգում կատարվածի տխեղծությունը։ - Իրար հետևից փաստորեն նույն սերունդը պատերազմ է տեսնում։ Որպես հոգեբան՝ ձեր խոսքը։ - Հոգեբանական աշխատանք պետք է տարվի։ Ամեն անգամ, երբ մարդն սպանում է ինչ¬որ մեկին, նա սպանում է նաև ինչ¬որ բան իր մեջ։ Նա դառնում է ուրիշ մարդ։ Շարունակական վկայությունն արյան դաշտում պատերազմի թողած վտանգներից է։ Մարդու զգայարաններն ինչ¬որ տեղ բթանում են։ Արցախը պաշտպանվում է, բայց, միևնույն է՝ ցավը կա, մնում է։ Ցավալի է, որ աշխարհը անընդհատ լսում է՝ մահ, մահ, սպանություններ, գլխատումներ... Սա վտանգավոր բան է, բայց մենք այս անկատար  իրականության մեջ ենք գտնվում, և որպեսզի մարդը փրկվի զոմբիանալու վտանգից, պետք է վերջ տրվեն պատերազմներին։ Այսօր այս ամենին համաշխարհային ուշադրություն է պետք։ Մարդու մեջ մարդ-ֆենոմենի անմարդկայնացման գործընթաց է ամենուրեք։ - Ձեր վերջին՝ ՙԼիբրետո անապատի համար՚ գրքի թեման ցեղասպանությունն է։ Խնդրեմ, արձագանքների մասին՝ հատկապես օտար լսարանի։ - Այս քառօրյա պատերազմը աշխարհի շատ քաղաքագետների ուշադրության առարկա դարձավ։ Մենք տեսանք, թե ինչպես աշխարհի առաջադեմ քաղաքական գործիչներ դատապարտեցին Ադրբեջանի մոտեցումը։ Նույնիսկ այդ մոտեցմանը ահաբեկչական անունը տրվեց։ Եղան անձինք, ովքեր չզլացան իրենց խոսքն ասելու։ Օրինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը և ուրիշներ։ Ցեղասպանությունը շարունակվում է հայ ժողովրդի կյանքում։ Այս պատերազմը ևս ցեղասպանության շարունակությունն էր։ ՄԱԿ¬ը պետք է կարգի հրավիրի Ադրբեջանին, պատժիչ միջոցներ ձեռք առնի։ Ընդունի Արցախի անկախությունը։  Ադրբեջանը արտոնվում է, քանի որ միջազգային հանրությունը աչք է փակում, ինչպես 1915-ին... Քառօրյա պատերազմն աշխարհում շարունակվում է մնալ ուսումնասիրությունների թեմա։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, և առհասարակ փոքր պետությունները դառնում են խաղալիքներ մեծ շահերի պայքարում։ Մենք պատմության մեջ միշտ մղել ենք մեր արդար կռիվը։ Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ հայը սիրում է լքել իր երկիրը։ Մենք սիրում ենք ապրել մեր հողի վրա, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ կյանքով, ապացույցը՝ մեր բերդերը, պարիսպները, եկեղեցիները։ Հայն արժանի է ապրելու արժանապատիվ կյանքով։ Քարից հաց քամող ժողովուրդը պետք է երջանիկ ապրելու իրավունք ունենա։ Այնպես որ, պետք է ազգովին համախմբվենք։ Սփյուռքն այսօր զգում է իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ։ Այս հողը, որ Հայաստանն է, մարգարիտի պես պահելու անհրաժեշտություն ունի։ Որքան էլ ապրես հայրենիքից դուրս, ապահովության զգացում է, որ դու հեռվում ունես հայրենիք։ Այսօր շատ ատյաններում քննվում են հարցեր, և սա աննախադեպ է։ Հայ ժողովրդի ձայնն այնքան լսելի չի եղել, որքան այս օրերին։ Սփյուռքի առկայությունը այսօր դարձել է մի տեսակ գործոն։ Եթե իրենք ունեն նավթ, մենք ունենք Սփյուռք, իսկ հոգևոր և մարդկային ներուժը շատ ավելի մշտական, շատ ավելի հուսալի է։ Ադրբեջանը գործ ունի թեպետ թվաքանակով փոքր, բայց հզոր ժողովրդի հետ, ով ունի հոգևոր հայրենիքի զգացողություն, ունի Սփյուռք, որ մշտապես կա որպես  հենարան, որպես նախազգուշացում, պատասխանատու Հայաստանի գոյության համար։- Ստեղծագործական առումով ի՞նչ է տալիս Արցախը գրող Սոնա Վանին։ ¬ Ես մշտապես Արցախից դուրս եմ գալիս ոգեշնչված։ Նաև՝ այսօր։ Ես՝ որպես մայր, բանաստեղծ պիտի փորձեմ աշխարհի վրա ազդել, որ վերջ դրվեն պատերազմներին։ Կինը՝ ընդդեմ պատերազմի՝ սա է իմ գրքերի լեյտմոտիվը։- Ձեր անձնական և անանձնական երազանքը։ - Որ ոչ մի պետություն չունենա զենք, զորք։ Ազգերը խաղաղ գոյակցեն։- Տիկին Սոնա, եկաք ու գնում եք։ Ձեր տրամադրության մեջ հավանաբար փոխվել է ինչ¬որ բան։- Գիտե՞ք ինչ, ես՝ որպես մայր, եկել եմ սգվոր տրամադրությամբ, թեպետ հեռվից մենք լսում էինք հաղթանակի մասին, բայց մենք նաև տեղյակ էինք կորուստներից, և հաղթանակի զգացողությունը ինչ¬որ տեղ զուգահեռվել է տխուր տրամադրության հետ։ Եկա, հանդիպեցի կանանց, մայրերին, որոնց հարազատներն այս օրերին դեռևս գտնվում են առաջնագծում։ Սա քառօրյա պատերազմ է կոչվում, բայց  պատերազմը կարծես երբեք էլ չէր դադարել, որովհետև մենք անվերջ լսում էինք՝ այսօր սահմանի վրա մահացու վիրավորվեցին, զոհվեցին... Սա կորստի, ցավի անասելի  զգացողություն է։ Հատկապես երբ բանաստեղծ ես՝ հակված ամեն ինչ  չափազանցելու։ Ինչ¬որ տեղ ունեմ մեղքի զգացողություն. ինչով են պակաս այս երեխաները, որ երջանիկ ու անհոգ մանկություն չունեցան, ինչով են մեղավոր այս մայրերը, որ վշտի օրեր են ապրում։ Ես մարդկայնորեն չեմ կարողանում հաշտվել պատերազմի հետ։ ...Հանդիպումներից հետո ինչ¬որ տեղ վերադառնում եմ սփոփված։ Քանի որ այստեղ տեսա մայրերի ու զինվորների արիությունը, հոգու ուժը, հայրենասիրությունը, անձնազոհությունը, որ ամեն գնով պիտի պաշտպանեն հողը, որի վրա ապրում են։


 www.artsakhtert.com

bottom of page