Ազգ օրաթերթ 30 հուլիս 2008թ.
Բժիշկ-հոգեբան-գրող Սոնա Վանը պատանեկան տարիքից ապրում է ԱՄՆ-ում: Իր այցելությունները Հայաստան նա բնորոշում է որպես «ժամանակ առ ժամանակ վերադարձ հայրական տուն»: Սա այն դեպքն է, երբ հեռավորությունը ոչ թե օտարում, այլ հարազատ եւ «ուրիշ» է դարձնում հայրենի տունը: Նրա ասելիքի յուրօրինակությունն ու բազմազանությունը պայմանավորված է գուցե սրանով: Նրբագեղությունը, արտիստիզմն ու հմայքը տրված են ի վերուստ:
Հայ ընթերցողը ամերիկաբնակ բանաստեղծուհուն ճանաչում է «Փշրանքներ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում» ժողովածուներով, մամուլից, հեռուստաելույթներից: Հայաստանում նրա հովանավորությամբ հրատարակվում է «Նարցիս» մշակութային պարբերականը: Վերջերս սեւակյան օրերի շրջանակում Սոնա Վանը արժանացավ Արտակ Համբարձումյանի անունը կրող մրցանակին:
- Վերջերս Վրաստանում էիք Ձեր գրքի թարգմանության առիթով, հայ պոեզիայի երկրորդ փառատոնի շրջանակներում: Պատմեք մի փոքր այդ մասին:
- Սա իմ երկրորդ այցն էր, երկրորդ փառատոնը, որին մասնակցեցի ՀԳՄ պատվիրակության կազմում: Նախորդ այցի կապակցությամբ թարգմանվել էին մի շարք բանաստեղծություններ, իսկ այս անգամ արդեն թարգմանվել էր «Ես անուն չունեմ» ժողովածուն ամբողջությամբ: Թարգմանության մտահղացումն ու նախաձեռնությունը բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանինն է: Նա վստահ էր, որ գիրքը կգտնի իր ընթերցողինՙ ելնելով նախորդ թարգմանությունների արձագանքից: Գիրքը ընթերցողին է ներկայացրել ՎԳՄ նախագահ, բանաստեղծ Մաղվալա Ջոնաշվիլին, հրաշալի նախաբանով ու գնահատականի խոսքով: Շնորհանդեսներ եղան Թբիլիսիում, Գորիում եւ Բաթումում, որտեղ միաժամանակ ներկայացվեց նաեւ ՀԳՄ-ի հրատարակած «Հայ պոեզիայի անթոլոգիան»ՙ կազմված 38 հայ հեղինակների գործերից: Գիրքն այսուհետեւ կունենա իր սեփական ճանապարհը:
Ընդհանուր առմամբ, հրաշալի օրեր էին: Հոգեւոր եղբայրություն է երկու օտարալեզու գրողների բարեկամությունը եւ դրանից է սկսում աշխարհի խաղաղությունը: Թեկուզ երկու տարբեր կողմեր ենք նայում, բայց ճակատագրով դատապարտված ենք երկուստեք շահաբեր լուծումներ փնտրելու: Գլոբալիզացիա կոչվող շիկահեր դեւի միակ սեւեռումը շահն է, իսկ փոքր ազգային պետությունները համով պատառներ են եւ պարտավոր են առավել շրջահայաց լինել:
- Միահավասարեցման մեր ժամանակներում ո՞րն է գրականության դերը:
- Համաշխարհայնացումը բնականոն գիտատեխնիկական էվոլյուցիայի հերթական փուլ է: Պարզապես հարկավոր է ճանաչել էտապի առանձնահատկությունները, հնարավոր վնասակար ազդեցությունները եւ պայքարել դրանց դեմ: Դրանցից ամենավտանգավորներն են ես-ի տարրալուծումը եւ փոխարինումը անդեմ կորպորացիայով, խոսքի երկփեղկվածությունն ու արժեզրկումը: Սահմանների ու պատնեշների վերացումը, որը գլոբալիզացիայի աշխատաձեւն է, ենթադրում է ինֆորմացիայի հարստության ու աշխատուժի հոսք դեպի առավել ցածր ճնշման շրջանները, հարստության համահավասարեցում հաղորդակից խողովակների օրենքով: Պոետի սիրտը չի կարող դեմ լինել այս գործընթացին, բայց ցավոք այն ընթանում է ոչ թե բնության, խղճի ու բարոյականության օրենքով, այլ նուրբ ջունգլիների սկզբունքով: Հարուստ տիրությունների ուժի ու ազդեցության ոլորտը անընդհատ մեծանում է, բայց ցավոք նույն արագությամբ չի մեծանում նրանց խիղճն ու բարոյականությունը: Գրականությունը միտված պիտի լինի սրան, նոր հերոսը պիտի կարողանա վեր հանել այսօրվա մարդուն ու այսօրվա մոլորակին հատուկ խնդիրները: Որպես աստվածային էքսպերիմենտՙ մարդը, ցավոք, հաստատուն գոյություն չէ: Այն փոփոխվող կամուրջ է բնության եւ հոգու միջեւ, չկողմնորոշված ու երերուն եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա վաղն ավելի լավն է լինելու, քան այսօր: Նրա կյանքը մայր բնության եւ հայր Աստծո միջեւ ձգվող ժամանակավոր գործարք է, կոմպրոմիս, քաղքենիական կառույց: Բուրժուան սովորույթի, օրենքի, բնազդի կամ գիտակցության ուժով փորձում է նավարկել կյանքը, մինչդեռ հանճարը համարձակվում է դիմադրելՙ ամբողջովին չորդեգրվելով ո՛չ բնությանը եւ ո՛չ էլ հոգուն: Հանճարի գործը ոգեւորում ու կյանք է տալիս, եթե անգամ այն ամբողջովին տառապանքի մասին է կամ մահվան: Ոչ միայն գրականությունը, այլեւ յուրաքանչյուր հոգեւոր ճիգ պիտի ուղղված լինի մարդուն անդիմությունից փրկելու: Այլապես մնացած ամեն բան անիմաստ կլինի: Այս համատեքստում պոեզիան առավել զորու է, որովհետեւ պոետը ես-ի անունից է խոսում:
- «Նարցիս» պարբերականը այդ առումով ի՞նչ կոնկրետ միտումներ ունի: Ինչո՞ւ հենց «Նարցիս»:
- Անվան ընտրությունը բացառապես իմն է, միակ բանը, որ երբեւէ պարտադրել եմ: «Նարցիսը» ըստ Օվիդիոսի, ինքնասիրահարվածությունից բացի նաեւ ինքնաճանաչման, մետամորֆոզի սիմվոլ է, առանց որի չի կայանում արվեստի ոչ մի գործ: Ճերմակ թուղթը այն հայելին է, որի վրա գրողը գտնում է իր դեմքը եւ ապրում իր նարցիսական հարցումը, առանց որի նա չէր ցանկանա այն ներկայացնել մեկ ուրիշի, հազարներին: «Նարցիսը» նաեւ արձագանքի սիմվոլն է, որը միշտ է զուգորդում արարման պրոցեսին:
Պարբերականի գլխավոր խմբագիրըՙ Վահան Վարդանյանը, հայացքի ընդարձակության եւ հոգու ինտուիտիվ արագության աննախադեպ համադրության տեր մտածող մարդ է, օժտված խոսքի կամերտոնային չափով, զգոնությամբ ու ճաշակով: Խմբագրության մյուս թեւը բանաստեղծ-թարգմանիչ Շանթ Մկրտչյանն է. մշակութային երեւույթ, գրական ու ամսագրային երկարատեւ փորձով, բանիմաց ու խոսքառատ: Այս մթնոլորտը ուսանելի ու կարեւոր կարող է դառնալ նոր գրողի համար: Ամսագրի ձեւավորողը տաղանդաշատ նկարիչ Կարեն Մկրտչյանն է: Մեր խմբում է նաեւ երիտասարդ գրաքննադատ Արմեն Ավանեսյանը եւ այլ գործընկերներ:
«Նարցիսի» հիմնական նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ու միտքը ներկայացնել ժամանակակից աշխարհի գրական մշակութային կոնտեքստում, քանի որ միայն այս ձեւով կարելի է ճիշտ արժեքավորել այն: Հրաշալի թարգմանչական ու գրաքննական նյութեր են տպագրվում, ոչինչ չի վերատպվում. ամեն բան արվում է առաջին անգամ եւ բացառապես «Նարցիսի» համար:
«Նարցիսը» իր սիմվոլի պես փորձում է դառնալ գրական ջրերի այն հայելին, որի մեջ յուրաքանչյուր ընթերցող կկարողանա գտնել իր դեմքն ու իր հիացումը: Գոնե ես այդպես եմ ցանկանում տեսնել այն, գուցե եւս մեկ անգամ արդարացնելու համար իմ ընտրությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ