top of page

Ողորմյա՜ Տեր ինձ, չէ՛ նրան, չէ՛ ինձ... Չէ, քեզ ողորմյա. Սոնա Վան

Մեր լրահոսում տեղ չի գտնում այսպիսի լուր, որ, ասենք, գրող Լևոն Խեչոյանն ավարտեց իր այսինչ գործը, որովհետև կարծում ենք, թե սրանից կարևոր իրադարձություն է պատահելու մեզ կամ երկրին։ Մեկ տարի առաջ մեդիան գուժեց, որ մահացել է գրող Վահան Վարդանյանը. անշուշտ, սա բավականին ողբերգական լուր էր և արժանի կախվելու մամուլի գլխավոր էջերից։ Բայց երբ Լևոն Խեչոյանը խոսք է ասել վաղամեռիկ այս գրողի մասին, ուրեմն մեծ գրողն արդեն նոր իրադարձություն է ստեղծել, և հարկ է հետամուտ լինել դրա մանրամասներին։Միայն շաբաթվա վերջին հասցրեցի այս նոր հարցազրույցը հանձնել ձեզ, որովհետև զբաղված էի եղածը ջնջելով. թող ինձ ներեն նրանք, ովքեր չմերժեցին ինձ հետ զրույցը, բայց այն հրապարակված չտեսան։ Ցավալի է, որ խրվել ենք համատարած կեղծիքի ու վախերի մեջ ու արդեն չենք կարողանում միմյանց ճշմարտություններ ասել, այդ պատճառով էլ մեր լրահոսը կազմված է հենց այդ կեղծիքից ու վախերից։ Գրող Սոնա Վանին էլ ես գտա միայն երկրորդ հարցազրույցից հետո. առաջինը կուտ էր գնացել։Եվ ահա նա՝ ուշադիր կարդացեք ու վայելեք այս զարմանալի կնոջը՝ բաց, արձակ, սիրո վայելքի մեջ անբռնազբոս ու խելացնոր, վարդն այտերի վրա ու փեշերից կախ, շքեղ ու իմաստուն, կին-իրադարձություն, իսկական գրականության աղջիկ, ով հրապարակ է հանել Վահան Վարդանյանի և իր երկնային սիրո առեղծվածը՝ ոտատակ տալով բոլորիս պապական վախերը։ Այս զրույցը պետք է կարդան բոլոր կանայք և միայն ընտրյալ տղամարդիկ։ -Գիտեք, մի քանի օր առաջ արված մեր հարցազրույցն ինձ չի բավարարել, և ես չեմ ուզում այդ զրույցը հանձնել ընթերցողին. իմ կարծիքով, տպագրության արժանի է այն նյութը, որն ազատագրում է մարդուն ինչ-ինչ վախերից ու կապանքներից։ Ինձ թվում է՝ մեր բոլոր խնդիրները գալիս են հենց նրանից, որ մենք չենք կարողանում ազատվել համատարած կեղծիքից. մեր հարցազրույցից հետո կարդացի վաղամեռիկ գրող Վահան Վարդանյանի մասին գրված Ձեր էսսեն, և նյութի անկեղծությունն ուղղակի ցնցեց ինձ։- Կեղծիքից ազատագրվելը պիտի լինի մարդու վճիռը։ Հենց անհատական վճիռը։ Ես վճռել եմ ազնիվ ու անկեղծ լինել ոչ միայն ընթերցողի, այլ բոլորի հետ՝ կյանքում ու գրականության մեջ։ Եթե ուզում ես քո կյանքի վերջին օրը քո անկողնում հոգի տալուց առաջ իմանալ, որ կյանք կոչվող պարգևը քեզ տրվել է ապրելու որպես Սոնա կամ որպես Վարդուհի, այլ ոչ թե որպես Պայծառ կամ Սիրանույշ, ապա միակ ընտրությունն անկեղծությունն է՝ կյանքի բեմի վրա քո սեփական կյանքն ապրելը։-Ապրիր քեզ՝ երևի հենց սա պիտի լինի կարգախոսը, չնայած, մի տեսակ, սողուն բառ է կարգախոսը։ Ամեն դեպքում, կանչվելիս չես կարող Պայծառին էլ հետդ վերև տանել մեծ առերեսմանը՝ մեկ հոգի ես։ Ինձ թվում է՝ մի ազնիվ գործ կարող է ահագին կեղծիք սրբել աշխարհի երեսից. չգիտեմ, այսքան կնություն եք բացել գրականության առաջ։ Բայց չէ՞ որ այդ տարերքի մեջ կարող էիք տանուլ տալ Ձեր ապահով կյանքն ու ամուսնուն. այնտեղ ահագին ինտիմ կա։- Իսկական գրողը վտանգի և անվտանգության սահմանը խախտողն է։ Վտանգ, այո, կարող էր լինել, եթե դիմացինդ չկարողանար տարբերել հոգևոր ընկերոջ կորստյան ցավը երկրային ինչ-ինչ ճղճիմ հարաբերություններից։ Փառք Աստծո, իմ ամուսինը չի տառապում այդ հիվանդությամբ, նա ընդունակ է հասկանալ ամեն տեսակի հարաբերությունները։ Ընդունակ է ոչ միայն հասկանալ, այլև գնահատել հոգևոր դաշտը, որը աստվածային է և միտված չէ երրորդի դեմ, աստվածատուր կապ է, մանավանդ, որ ոչինչ չի խլվել մեր անձնական հարաբերությունից։ Կարող եմ ասել, որ ինձ ամենակարեկցողը հենց ինքն էր՝ հասկանալով, թե ինչ է քո հոգևոր թռիչքի ընկերոջ կորուստը, որը, գուցե, նա չգիտի, թե ինչ է, բայց զգում է, որ մի վեհ բան է։ Այդ կորստյան ցավի մեջ նա իմ կողքին էր ողջ ընթացքում, հասկանում ու մխիթարում էր ինձ։ Ամեն մեկս մեր սեփական խաչափայտով անցնում ենք մեր կյանքի ճանապարհը։ Եվ եթե երկուսն Աստծո կամոք հայտնվում են իրար կողքի, այդ խաչը թեթևացնելու համար են հայտնվում։ -Վահան Վարդանյանին քչերն էին տեսնում վերջին տարիներին. նա իր ցերեկները տալիս էր քնելուն և համարյա չէր երևում մարդկանց աչքին ու, կարծեմ, չէր էլ գրում արդեն։ Այդպես լինում է, երբ մարդը գտնում է մեկին և փակում մնացած աշխարհն իր առջև, որովհետև գտնվածը երբեմն այդ աշխարհից էլ մեծ բան է դուրս գալիս. բայց դա արդեն սեր է, տիկին Սոնա... - Ինչպես ուզում եք, անվանեք։ Բայց ես կասեմ, որ սեր բառը քիչ է այդ հարաբերության համար։ Ես իմ ու Վահանի հարաբերությունների միջոցով բացահայտեցի մեկ այլ ոլորտ, որը ոչ թե երկրային է ու սեր է կոչվում, այլ ավելի մեծ ու բարձր է՝ երկնային հարաբերություն է։ Ես ոչ թե ուզում եմ դրանով փոքրացնել, այլ, հակառակը, բարձրացնել այդ ոգու կապը՝ հեռավորության վրա միմյանց զգալու, իր հայացքի տակ գրելու, իր հայացքի տակ վճիռներ կայացնելու ունակությունը։ Նա իմ կյանքի մասն էր՝ անկախ նրանից, թե ես այստե՞ղ էի, թե՞ այնտեղ՝ Ամերիկայում։ Իսկ այսօր նա հանգչում է Սովետաշենի՝ մասամբ հոսող գերեզմանատանը, այնինչ նրա տեղը գոնե պիտի քաղաքային պանթեոնում լիներ. դա իր ընկերների փոքրոգությունն է, ուրիշ ոչինչ։ Մենք տարիներ շարունակ՝ օրական 3-4 ժամ զրուցում էինք հեռախոսով։ -Իհարկե, անկեղծության շնորհիվ էսսեն և մենք շահել ենք։ Իսկ Ձեր կարծիքով, ինքն, օրինակ, կուզե՞ր, որ հրապարակվեին այդպիսի մանրամասներ... -Եթե գրիչը ձեռքդ ես վերցնում և պատրաստ չես հարյուր տոկոս անկեղծության, դա անբարոյականություն է։ Անբարոյականություն է գրիչ վերցնել ու չասել, շրջանցել քո զգացածը։ Եթե ես դա չգրեի, ինձ մոտ, հաստատ, շիզոֆրենիա կսկսվեր։ Նույնիսկ հիմա ես վախենում եմ այդ տեքստի վրայով անցնել, որովհետև այդ պահին ամենն արել եմ անկախ ինձնից։ Կարծես, վերևից մեկի թելադրանքով եմ գրել։ -Գրական շրջանակներում խոսվում էր, որ դուք անգամ պատրաստվում էիք համատեղ վեպ ստեղծել Իլֆ և Պետրով տարբերակով։ - Դա Վահանի գաղափարն էր։ Մեկ ամիս հետո նա պետք է գար ԱՄՆ. հրավերն արդեն ուղարկված էր։ Եվ մենք պետք է սկսեինք վեպը։ Վերջին տարիներին նա չէր գրում և շատ էր տառապում դրա համար։ Ես, իհարկե, նրան ասում էի՝ «Դու ամեն ինչ կարծես գրել ես՝ փիլիսոփայական մեծ ընդհանրություններով»։ Վահան Վարդանյանի մահն իմ կյանքի ամենաչարագուշակ բոթերից մեկն էր, և այդպես էլ հասավ ինձ հորս ու եղբորս մահվանից հետո՝ ժամանակս, կարծես, կիսելով երկու մասի՝ Վահանից առաջ և Վահանից հետո։ - Ուզում եմ հուշեք՝ ինչպե՞ս հասնել այս բացությանը, չէ՞ որ դա ազատություն է, ինչին ձգտում ենք բոլորս, այսինքն՝ հասնել մի երանելի վիճակի, երբ նախ ինքդ քեզնից չես ամաչի։ -Ես, օրինակ, սեղանիս վրա միշտ պահում եմ 5 տարեկանի լուսանկարս։ Միշտ նայում եմ նրա աչքերի մեջ ու մտածում, թե ի՞նչ կուզեր անել այս Սոնան։ Հավատացեք, ես նրա աչքերի մեջ եմ տեսնում, թե ես ով եմ։ Որովհետև քաոսի մեջ վտանգ կա, որ կկորցնես քո դեմքը։ Մարդիկ երբեմն պարտադրում են քեզ, ասում են՝ դու այս ես, կարող են քեզ շրջել, հավատացնել, թե դու, իրոք, այն ես։ Եվ դու, իրականում, մոռանաս, թե ինչպիսին ես, ով ես։ Եվ այս փոքրիկ Սոնան՝ այս նկարը, չեք պատկերացնի, թե ինչպես է ինձ օգնում։ Ես չեմ ուզում հրաժարվել անգամ իմ թերություններից։ Սա ես եմ՝ իմ թերությունների և առավելությունների կոմբինացիայի մեջ։ Այդ 5 տարեկան Սոնան ինձ երբեմն սաստում է՝ հիշիր, թե դու ով ես՝ երբ չունեիր լավն ու վատը ճանաչելու իմաստնությունը, դու սա էիր։ Գիտե՞ք ինչ, քո սեփական դերը չգնահատելն ու ցուցադրաբար ուրիշի նման ապրելը կնշանակի թերագնահատել Աստծո տվածը։ Կարծես, Արարչին ասես՝ դու ինձ սխալ ես սարքել, դու պիտի ինձ Սիրանույշի նման սարքեիր, և, հետևաբար, ես Սիրանույշի պես եմ ինձ պահում։ Եթե դու ձևացնում ես, ուրեմն վատնում ես կյանքդ ու ժամանակդ։ Պետք է գտնել ինքդ քեզ։ -Ծանիր զքեզ, ամենաբարդ գործն է, թերևս։ Քանի որ Արարիչը չի կրկնել իր ստեղծագործություններից և ոչ մեկը, այսքան կրկնություն ու նմանակում չպիտի լիներ։ Մնում է պատկերացնել, թե որքան կեղծիք է կուտակվել, ասենք, գրականության մեջ։ Լավ գիրը կորչում է կիլոմետրերով ձգվող տողերի արանքում, մի տեսակ, նույնականացման տենդով է բռնկված գրականությունը։ Սա միտումնավո՞ր է արվում ։ -Նույնականացումն ամենաանվնաս ձևն է, որի համար ոչ ոքի չես էլ կարող մեղադրել։ Դա գիտակցաբար է կատարվում։ Ես կողքից նայող աչք եմ, որովհետև հեռավորության վրա եմ ապրում, և դա ինձ ավելի տեսանելի է։ Հայրենիքը հոգևոր տարածք է դառնում միայն վառ անհատականությունների միջոցով։ Ես հանդիպեցի Անդրեյ Բիտովին, և համարյա մի կես օր իրար հետ անցկացրինք։ Եվ երբ ես պատմում էի Վահանի մասին, թե ինչքան ծանր է Հայաստան գնալն այս անգամ, ուր նա էլ չկա, և առաջին քայլը, որ պետք է անեմ օդակայանում, անդունդի վրա է լինելու։ Եվ նրան ասացի, որ չգիտեմ՝ կկարողանա՞մ այդ անդունդից դուրս գալ, թե՞ ոչ։ Բիտովն ասաց, որ ինքն այնքան լավ է հասկանում այդ զգացողությունը, որովհետև նրա համար էլ Հայաստանը դարձել մի տեղ, ուր դժվարանում է ոտք դնել Հրանտ Մաթևոսյանի մահվանից հետո։ Ահա, թե ինչ կարող է անել մեկ մարդը։ Կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան այդ մարդուն նույնականացնելն ուրիշների հետ։ Չկա։ - Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք, ահա, մի մեծահարուստ տիկին եք, որ եկել եք այստեղից փառք կորզելու։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ինձ էլ էր թվում, թե Դուք այդ կերպարն եք, մինչև ձեռքս չառա Ձեր գիրքը... -Եվ երևի միայն Ձեզ չէ, որ այդպես է թվացել։ Երևի ես անվերջ պետք է արդարանամ ապահովված լինելու համար։ Բայց իմ ապահովվածությունից, կարծեմ, շահել է մշակույթի դաշտը և ոչ թե տուժել, և իմ ունևորությունից մարդիկ օգտվել են, քան վնասվել։ Եվ այն ունևորները, ովքեր օգտակար չեն լինում մարդկանց, երևի դուրս են մնում քննադատությունից։ Ես միշտ երազել եմ ավելին ունենալ ավելին տալու համար, որովհետև ինձ համար ունենալու հաճույքը հենց տալու, կիսելու մեջ է։ - Քանի որ աշխարհը գնալով մի գյուղամեջ է դառնում, ամեն ինչ ավելի արտահայտիչ է դարձել։ Հիմա ավելի հստակ է երևում, որ գրականությունը դառնում է ապահովված մարդկանց մենաշնորհը, գրականությունը ճչում է արդեն, որ ինքը ոչ մեկի չի կերակրելու։ Գրականության մեծ աղջիկ Վիրջինյա Վուլֆն էր, չէ՞, ասում՝ «Գրականությամբ կարող է զբաղվել նա, ով ունի սեփական սենյակ ու սեփական միջոցներ»։ Նոր բարձրաձայն մտածելով փորձում էի հասկանալ աղքատ ու տաղանդավոր մարդկանց, ովքեր չեն կարողանում ապրելն ու գրելը համատեղել, և բնական չէ՞, որ Ձեր շուրջ զայրույթ է կուտակվում։ -Գրականությամբ, իհարկե, կարող է զբաղվել գոնե կուշտ մարդը։ Բայց պարտադիր չէ հարուստ լինել գրականությամբ զբաղվելու համար, որովհետև գրականությունն ամենաքիչ միջոցներ պահանջող արարքն է՝ ի տարբերություն, ասենք, նկարչության, որ ներկեր և կտավներ է պահանջում։ Գրողին պետք է թուղթ ու գրիչ, տարածություն ու ժամանակ։ Հայաստանում կարծրատիպ կա, որ մարդը չի կարող միաժամանակ լինել հարուստ և խելացի, հարուստ և լավ գրող, հարուստ և լավ մարդ։ Եվ դրա պատճառն այն է, որ այս հասարակության մեջ այսօր հարուստներն ուրիշի քրտինքով են հարստացել, ուստի հարուստ ու վատ մարդը նույնացվում են։ Ես ու ամուսինս բժիշկներ ենք։ Կոնկրետ իմ ամուսինը 70 տարեկան է և դեռ աշխատում է։ Եվ կարելի է հասկանալ մեր հարուստ լինելը։ -Չի բացառվում, որ ես եմ սխալ, որովհետև ով է ասել, որ գրողը պիտի Ձեր պես նորաձև, ապահով ու խնամված չլինի։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանն այսօր այն երկիրն է, ուր պետք է ավելի զգույշ գալ, զգույշ քայլել նրա վրայով. մենք լավ չենք, մենք շատ վատ ենք, այստեղ ամեն բան արդեն սոցիալական բովանդակություն է ստանում, մենք ամեն օր ավելի ենք աղքատանում, թուլանում, մեր նյարդերն այն չեն, հավատացեք։ -Ես մեղավոր չեմ ոչ իմ տեսքի համար, ոչ իմ տնտեսական ու ֆինանսական այսօրվա վիճակի համար։ Ես ուզում եմ դիպչել այնքան հոգիների, որ կարեկցեմ, շոյեմ որքան հնարավոր է շատ սրտեր իմ մարդկային կյանքի կարճ ժամանակահատվածում։ Պոեզիան հասնում է կուշտ հոգիներին, մինչդեռ այն կօգներ սովածներին։ Բայց նրանք չեն կարող թույլ տալ ժամանակի այդ շռայլությունը։ Նրանք զրկված են այն բառից, որը հենց նրանց է ուղղված։ Եթե ես զգամ, որ իմ ասածը կարող է մեկի մեջ վերք բացել, ու մինչև բանաստեղծության ավարտը չեմ հասցնելու վիրակապել կամ ցույց տալ, որ ես էլ եմ այդ ցավը կրում, ես չեմ գրի դա։ -Ժամանակին «Գարուն» ամսագիրը շարժում դարձավ և կարելի է ասել՝ հեղաշրջեց երկիրը։ Նրանից հետո հարյուրավոր ամսագրեր ու նաև թերթեր չկարողացան կրկնել «Գարունի» սխրանքը։ Դուք էլ ներդրել եք Ձեր միջոցներն ու Հայաստանում ստեղծել «Նարցիս» գրական ամսագիրը. կպարզաբանե՞ք ինչ նպատակով եք այն ստեղծել, ի՞նչ կարող է տալ այսօրվա ինտերնետացված հանրությանը ևս մեկ տպագիր ամսագիրը։ -Մենք այդ միջոցները ներդրել ենք երկրում գրական, մշակութային մթնոլորտ ստեղծելու համար։ Մենք այս գործն սկսեցինք հոգևոր վակուումի ժամանակ, երբ չկար այն դաշտը, որտեղ գրողը կարող էր ցույց տալ իր ստեղծագործությունը, որ մենք էլ տեսնեինք, թե ով ունենք գրական աշխարհում։ Փոխանակ օգնես գրողին նյութապես, որն ամենևին էլ արժանապատիվ չէր ընդունվի, ամսագիրը հնարավորություն է տալիս նրանց իրենց քրտինքով գումար վաստակել։ Այստեղ բոլորն էլ հոնորար ստացան՝ և՛ խմբագիրը, և՛ թարգմանիչները, և՛ գրողները։ Սա իմ ամուսնու՝ Նուբարի կողմից նախ ինձ նվեր արվեց, որովհետև նա կարևորում էր այն, ինչ ես էի կարևորում։ -Եթե չեմ սխալվում, Դուք այդ գործունեությունը նախ սկսեցիք Լոս Անջելեսում. մոտ մեկ տարի այնտեղ գրական հանդես էիք թողարկում։ Փաստորեն, Լոս Անջելեսու¬՞մ էլ շահութաբեր չէր այդ գործը։ -Ոչ, երբեք։ Մենք երբեք չենք վաճառել այս ամսագիրը։ Ավելին, այնտեղ ավելի ծախսատար էր ամսագրի հրատարակությունը, և այնտեղ չկար այն առանցքը, ուր կստեղծվեր գրական մթնոլորտը։ Այստեղ Վահան Վարդանյանը եղավ այդ առանցքը։ Ես նրան եմ համարում այս ամսագրի հիմնադիրը։ Այս ամսագրի դեմքն իր հոգևոր դեմքն է։ Երբ Նուբարը լսեց Վահանի խոսքը, ասաց՝ «Սոնա, սա հեղեղ է, հանճար է այս տղան»։ Նուբարը լավ գիտեր, որ Վահանի գոյությունը հոգևոր շքեղություն է հաղորդում այն ճանապարհին, որը ես և նա միասին էինք անցնելու։ Այդ առումով ես ավելի մեծ մեղքի զգացում ունեմ հենց Վահանի հանդեպ, ով ավելի անմնացորդ էր նվիրված ինձ, ավելի անանձնորեն։ Վահանին խանդելն Աստծո սիրուն խանդելու պես անհեթեթ մի բան կլիներ։ Նուբարին երբևէ չի զարմացրել որևէ տղամարդու սիրահարվելն ինձ։ Նա գտնում է, որ ինձ չսիրահարվելն անբնական մի բան է, համարյա անհնարին։ Նա լավ գիտի, որ ես փնթի, գաղտնի և անազնիվ հարաբերությունների երբեք չեմ տրվի։ -Ձեր պոեզիայում ընդգծված խոշոր պլանով էրոտիկ տեսարաններ կան։ Բացառում եմ, որ դա գրական կոմերցիա է, ինչ-որ ցուցափեղկ, որտեղից հեշտ է ապրանք վաճառել, որովհետև Դուք ընթերցող կորզելու խնդիր չունեք, գրականությունից շահույթ չեք հետապնդում։ Բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում հասկանալ՝ Ձեր ասելիքի վրա ինչու՞ է փռվում կանացի մարմինը, առանց այն էլ կանացի մարմնի շահարկումը տղամարդկանց կողմից անտանելի չափերի է հասել արվեստում։ -Շահարկումը մի քիչ կոպիտ ասացիք։ Բայց Ձեր այդ հարցին հրաշալի է պատասխանել ռուս գրաքննադատ, «Կուլտուրա» ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի Բելյավսկին։ Այնքան լավ էր ձևակերպել, ասել էր՝ «Սոնայի պոեզիայի մերկությունը ոչ թե էրոսի զգացողություն է ծնում միայն, այլ կարեկցանք կանացի մերկության ողբերգականության նկատմամբ, որը կարող է շահագործվել մեկ ուրիշի կողմից։ Մերկությունն այստեղ բնավ էլ կապրիզ չէ, այդ կրքերի հետ մեծ տառապանքն է գոյակցում»։ Կինը, այո, անպաշտպան է իր մերկությամբ... -Այսպիսի նուրբ հարցերով ռուսների հետ չես վիճի, մանավանդ, որ ռուսական ամենալուրջ գրական շրջանակը Ձեզ ընդունեց, հանրահայտ բանաստեղծ Իննա Լիսնյանսկայան ոչ միայն Ձեզ թարգմանեց, այլև կոչեց «մեր ժամանակի մեծագույն երևույթներից մեկը»։ Սա շատ խելոք մտածված փիառ աշխատանքի՞, թե՞, այնուամենայնիվ, Ձեր բանաստեղծության մաքուր վաստակն է։ -Եթե ես փիառը կարևորեի, գոնե մի անգլերեն գիրք կունենայի։ Ես սեփական ծուլության պատճառով մինչև հիմա անգլերեն գիրք չունեմ։ Երբ շահել էի «Կինը գրականության մեջ» մրցանակը և պատրաստվում էի այդ հանդիսությանը, որտեղ ներկա էին լինելու ամերիկացի սենատորներ, հեղինակավոր պաշտոնյաներ, միայն այդ ժամանակ հասկացա, որ կա դրա անհրաժեշտությունը։ Ընդհանրապես, ես ունեմ մի ելակետ՝ հավատարիմ մնալ իմ էությանը։ Ես հիմնականում զգացողությամբ եմ շարժվում։ Ոչ թե պահի զգացողությամբ, այլ իմ ներքին ինտուիցիայով՝ ավելի շատ իմ սրտին լսելով, քան՝ իմ մտքին։ Ինձ իմ կերպարի մեջ պահողը ոչ թե իմացությունն է, այլ իմ անիմացությունը։ Շատ չիմանալն ինձ ավելի շատ է փրկել, քան շատ իմանալը։ Իմ ելակետը մեկ ուրիշին չվնասելն է։ Երբ բաժանվեցի իմ ամուսնուց, ամենաշատ մի բանի համար էի մտահոգվում. ինչպես անեմ, որ նրան ցավ չպատճառեմ։ -Դուք մաքուր կանացի գրականություն եք թողարկում. այս հարցում մեծ կռիվ կա ՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Ես, օրինակ, կարծում եմ, որ գիրքը ձեռքդ վերցնելով՝ դու չպիտի իմանաս գրողի սեռը, որովհետև նա պիտի որ լինի կին, տղամարդ, ծառ կամ շուն միաժամանակ։ Այսինքն, եթե կոպիտ ասելու լինենք՝ գրականությունը պիտի որ լինի բիսեքսուալ, ոչ թե արու կամ էգ։ Զուտ կանացի գրական էությունը միաչքանի, միերեսանի աշխարհ չի՞ պատկերում։ -Ես չեմ կարծում, թե այդպես է։ Եթե ավելի խորությամբ կարդաք, կհամոզվեք, որ այդպես չէ։ Այնտեղ ոչինչ միերեսանի չէ։ Իմ ստեղծածը չի կարող լինել իմ արյան բաղադրությունից դուրս։ -Բացառու՞մ եք, որ գրականության մեջ կամ կյանքում Ձեզ հետ էլ կարող է պատահել այսպես կոչված՝ սաֆոյացումը, մանավանդ, որ Ձեզ առանձինները հասցրել են արդեն կոչել հայկական Սաֆո։ - Ես ոչինչ չեմ բացառում, որ վաղը կարող է ինձ հետ կատարվել։ Իմ հոգին չի բացառում որևէ բան։ Ես պատրաստ եմ։ Ես ինձ չեմ դրդում հոգու շարժման։ Բայց այն, ինչ բնական կարող է լինել կամ ստացվել, չեմ բացառում։ Երբեք սեռական նախընտրություններով չեմ չափագրել մարդկանց։ Այն, ինչի ընդունակ է մեկ կնոջ գենը, կնշանակի ընդունակ է ցանկացած կնոջ գեն, և ես բացառություն չեմ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Եթե մարդուն տրված է զգացողություն, դա տրված է վերևից։ Դու հո չե՞ս սարքում։ Բայց, իհարկե, կան նաև սարքողներ. Մարդիկ, ովքեր ուղղակի ընտրել են այդ ճանապարհն օրիգինալ երևալու համար։ -Դուք նաև հոգեբանի մասնագիտություն ունեք և ավելի լավ կարող եք հասկանալ մարդու այս տեսակի հոգևոր աշխարհը, հատկապես նրանց տառապանքները... -Ես աշխատել եմ սպիդով հիվանդների հետ։ Երկար տարիներ գիտահետազոտական աշխատանքներ եմ կատարել։ Ի դեպ, և՛ կլինիկական հոգեբանության, և՛ հոգևոր հոգեբանության գծով Ամերիկյան համալսարանում ստացել եմ մագիստրոսի կոչում։ Իմ տեսակը թույլ չտվեց, որ պրակտիկ բժշկությամբ զբաղվեմ, և ես զբաղվել եմ գիտահետազոտական աշխատանքով։ Այդ աշխատանքի ընթացքում շփվել եմ հոմոսեքսուալ տղամարդկանց հետ, հիմնականում՝ ովքեր հիվանդ էին սպիդով։ -Նրանք մինչև վերջ բացվու՞մ էին Ձեր առջև։ -Ես նրանց խոստովանահայրն էի դարձել, որովհետև այդ հանդիպումից հետո նրանք կարող էին չլինել. նրանք գիտակցում էին, որ վաղը կարող է ուժ չունենան գալու և ինձ մոտ հասնելու։ Ես արյան հետազոտությամբ էի զբաղված, և մեր լաբորատորիայում է ստեղծվել սպիդի առաջին դեղանյութը։ Իմիջիայլոց, այդ հոմոսեքսուալիստների մեջ այնպիսի չքնաղագույն հոգիներ կային։ Ես մարդուն իր սիրելու չափի կարողությունով եմ գնահատում և ինձ համար կարևոր չէ, թե նա ում է սիրում՝ կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ թռչունի։ Կարևորը նրա նվիրվելու կարողությունն է։ Ես տեսել եմ տղամարդկանց միջև հարաբերություններ, և նվիրումի այդ չափը, վերաբերմունքի այդ ձևը ոչ մի տղամարդու և կնոջ միջև երբեք չեմ տեսել։ Ընդհանրապես, ես սեռական ելակետ չունեմ մարդուն գնահատելու առումով։ -Մի քանի օր առաջ սփյուռքահայ մի քանի հայտնի արտիստներ հանդես եկան կոչով՝ մտահոգություն հայտնելով, որ միասեռականությունն այստեղ գտնվում է խտրական դաշտում, և մեզ հանդուրժողականության կոչեցին։ Նորմա՞լ է, երբ Հայաստանը խարխափում է ծանրագույն խնդիրների մեջ, մեր սփյուռքահայ բարեկամները, չգիտես ինչու, հենց այս հարցն էին օրախնդիր դարձրել։ -Ես կարծում եմ, որ առանձին մարդկանց ոչ թե հայրենիքն է հետաքրքրում, այլ նրա հետ կապված ինչ-որ թեմա, օրիգինալ խոսակցության նյութ։ Պարզ չէ՞՚, որ այսօր ավելի մեծ մտահոգություններ կան՝ քաղցած երեխաներ, բաց երկնքի տակ անկողին մտնողներ, զոհված զինվորներ, որոնց ընտանիքները սոված են։ Այսօր մեր երկրում դա ընդհանրապես խնդիր չէ։ Անգամ Ամերիկայում, ուր միասեռականները թափվում են հրապարակներ ու ելույթներ ունենում, միշտ մտածել եմ՝ «Բայց ո՞ւմ է հետաքրքրում՝ դուք միասեռակա՞ն եք, թե՞ ինչ եք, որ մի հատ էլ ցույցեր եք անում։ Ես իմ անկողինն ի ցույց չեմ անում աշխարհին և հայտարարում, որ տղամարդ եմ սիրում։ Դուք ինչո՞ւ եք դա անում. ձեր գործն է, ձեր մարմնի աստվածատուր պահանջը, և դրա համար ձեզ ոչ խրախուսելու, ոչ էլ պատժելու են։ Դուք ապրեք ձեր կյանքով, մենք էլ՝ մեր, և սիրենք իրար որպես յուրայիններ»։ Այդ մարդիկ, որ հայտնվել են զանգվածային խոսափողների առաջ, ավելի լավ կանեն այն օգտագործել մեծամասնության իրական խնդիրների, ոչ թե քմահաճ փոքրամասնության շահերի համար։ -Մենք անընդհատ խոսում ենք հայրենիք-սփյուռք կապերն ավելի գործնական դարձնելու մասին, բայց, մեծ հաշվով, ո՛չ այդ համահայկական ուղեղն է երևում, ո՛չ էլ ՝ նրա ստեղծած աշխատանքը։ Ինչո՞ւ, ի՞նչն է մեզ խանգարում։ -Մեկը՝ մենք։ Որոշեցինք այստեղ գործ սկսել՝ տոմատի արտադրություն։ Խոստացան Էջմիածնում տարածք հատկացնել։ Ամուսինս շատ ոգևորված էր։ Բայց տեղացի գործընկերների «շնորհիվ» մեր ներդրած միջոցները մսխվեցին։ Այսինքն, եթե դու դրսից ես եկել, կարելի է քեզ խաբել։ Իսկ մեր նպատակն այնքան լավն էր, այնքան սիրուն էր. մինչև 1000 հոգի աշխատատեղ կարող էինք ստեղծել Էջմիածնում։ Մեր ծախսած գումարների դիմաց մեզ ընդամենը մի քանի գդալ տոմատ մնաց։ Ամուսինս կատակում էր, թե մենք կերել ենք աշխարհի ամենաթանկ տոմատը։ Բայց հետաքրքիր էր, որ այդ ամբողջ գումարը կորցնելուց հետո ամուսինս ասաց՝ «Պետք չէ նեղվել։ Այդ գումարը Հայաստանում է կորել, ուրեմն մնացել է հայրենիքին։»։ Իսկ Դուք ասում եք՝ ինչո՞ւ չեն անում։ Որովհետև այսպիսի տարակուսանքի առաջ են կանգնեցնում մարդուն։ -Մենք ալարեցինք մինչև հիմա ձևակերպել, թե սփյուռքն ու Հայաստանն իրավունքների ու պարտականությունների ի՞նչ դաշտում պետք է գործեն։ Ընթերցողներն ամեն անգամ ֆեյսբուքում իրենց նեղացածությունն են արտահայտում, երբ ես հետևողականորեն պնդում եմ, որ եթե սփյուռքը շարունակի կերակրող մոր իր դերը, կվերաճի անվտանգության սպառնալիքի Հայաստանի համար։ Դուք կիսո՞ւմ եք իմ այս մտահոգությունը։ -Սփյուռքը պետք է մասնակցի պետականության կառուցմանը, բայց այնքանով, որքանով կհրավիրվի։ Սփյուռքը բոլոր դեպքերում պետք է լինի հյուրի կարգավիճակում։ Եթե դու դրսում ես ապրում, չես կարող մինչև վերջ ապրել այս ժողովրդի ցավը, նրա առօրյա հոգսերը։ Եվ վճիռներ կայացնելու հարցում դու կարող ես մասնակցել այնքանով, որքանով կհարցնեն քո կարծիքը։ Կան նուրբ հարցեր, որոնք վերապահված են միմիայն այդ պետականությունն իրենց վրա կրող քաղաքացիներին։ Այսօրվա տեխնոլոգիաները, մեր իմացությունը հնարավորություն կտան ծովից ծով Հայաստանի իդեալը փոխարինել վիրտուալ տիրույթ և դարձնել օվկիանոսից օվկիանոս Հայաստան՝ երկիր մղելով նորանոր գաղափարներ ու նորագույն տեխնոլոգիաներ։ Արյունը պիտի մղվի սիրտ, կենտրոն, իսկ այդ կենտրոնը Հայաստանն է։ -Դուք արժանացել եք Մովսես Խորենացու մեդալի, և այն պետք է ստանաք երկրի նախագահից։ Ասելիք ունե՞ք մեր նախագահին։ -Իհարկե, ունեմ։ Ես շատ սիրով կասեի իմ ասելիքը, բայց վստահ եմ, որ այն, ինչ ասելու եմ, նա արդեն գիտի։ Եվ նրան բազմիցս է ասվել այդ մասին։ Պարզ չէ՞, որ ես պետք է խոսեմ մարդկանց արժանապատվության մասին։ Պարզ չէ՞, որ ես պետք է խոսեմ հայրենիքը թողնողների մասին։ Կուզեի այսպես, ինչպես հիմա ես և Դուք ենք նստած՝ դեմ դիմաց, այդպես նախագահի հետ նստեի ու զրուցեինք։ Չէ՞ որ այս իրականությունը հնարավոր է փոխել։ Եվ եթե այսօր մենք ունենք հարուստներ, որոնց ունեցվածքը երկրի բյուջեից մեծ է, ես դա չեմ հասկանում։ Եվ ժողովուրդն էլ չի հասկանում։ Հատկապես պատերազմում հաղթած ժողովուրդը, որ սպասում է ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի։ -Բայց տասնյակ տարիներ ընկանք ու բարձրացանք, արյունոտվեցինք յուրայինների ոտքերի տակ՝ ականջներս պահած մի խելոքի ձայնի։ Բա ինչու՞ քաղաքական սուր իրավիճակներում խուսափեցիք մի հրապարակային խոսքից։ -Ես խուսափում եմ խոսել այն թեմաների մասին, որոնց բազմակողմանիորեն չեմ տիրապետում։ Դրանցից մեկը քաղաքական դաշտն է։ Ես, մասը չկազմելով այս իրականության, բարոյական չեմ համարում, օրինակ, հայտարարություններով հանդես գալ։ Գրողին տրված է աստվածային խոսափող, և ես կչարաշահեմ այն, երբ հանդես գամ քաղաքական հայտարարություններով։ Ես վախենում եմ... -Բա երկու վախը մի մահ չի՞։ -Գիտես, կա նաև քո խոսքը վատնած լինելու զգացողություն, որովհետև զգում ես, որ իշխանությունը դրան վերաբերում է «Շունը հաչի, քամին փչի» ձևով։ Լկտիությունը հասել է այնտեղ, որ ամեն մեկը կարող է թքած ունենալ օրենքի վրա, և իմ ասելով, բնականաբար, ոչինչ չի փոխվելու։ Ավելին, իմ խոսքի ուժի և տոնայնության ճշգրտության պատճառով մեկը կարող է վճիռ կայացնել՝ լքել երկիրը։ Իսկ երբ գրողն է հուսախաբված, կարող է մեկ ուրիշին էլ, տատանվողին էլ հուսախափության տանել։ Մի խոսքով, ես օգուտ չեմ տա, բայց հավանական է, որ վնաս տամ։ Դրա համար ես վախենում եմ այս թեմայով խոսել։ - Գրականությունն այն վայրն է, ուր ապագայի իրադարձություններն են ծավալվում. գրողը, միգուցե ենթագիտակցորեն, կանխագրում է մեր վաղվա օրը, և ենթադրելի է, որ նա գիտի աշխարհի գլխի գալիքը. ի՞նչ է նոր աշխարհի ուղերձը մեզ՝ պարզ մահկանացուներիս։ - Նոր տեխնոլոգիաները մարդուն տանում են դեպի ռոբոտիզմ, դեպի բնազդային աշխարհ։ Չգիտես ինչու, գնահատվում են մարդու նյութական ձեռքբերումները, ոչ՝ հոգևորը։ Գնահատվում է ուժը, փոխանակ քնքշությունը գնահատվի։ Սա է այսօրվա աշխարհի տենդենցը։ Դու օդանավից ռումբեր ես թափում մի երկրի վրա ու չես տեսնում, թե ո՞ւմ դիպավ, ի՞նչ եղավ, ո՞ւմ զավակը սպանվեց։ Ուրեմն, դու ազատագրված ես ցավից ու կարեկցանքից։ Ես շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր մասնակցել են առանց արյան ու ցավի պատերազմների, ովքեր սփռել են այդ ամենը, բայց աչքով չեն տեսել։ Կարծես, համակարգչային խաղով են տարված եղել՝ երեխայի պես, որ ասում են՝ «Օյ, ես սրան խփեցի՝ տու-տու-տու... »։ Դրա համար էլ նա հանգիստ թափել է այդ ռումբերը։ Աշխարհի ամենամեծ թշվառություններն առաջանում են մեկի հրամաններին կուրորեն հետևելիս։ -Ուրեմն, գրականությունը կբարձրանա, որովհետև մարդուն սիրտ է պետք չոր ու ցամաք և միայն տեխնիկայով ժրած նոր աշխարհի արկածներին դիմանալու համար։ - Այո։ Գրականությունը մաքրագործում է։ Բառի ընտրությունը հենց բառը զտելու պրոցես է։ Գրականությունը վերաբերմունք է։ Եթե ունես այդ վերաբերմունքը, այդ տեսիլքը քո իրականության նկատմամբ, կգրես։ Գրականությունը պետք է իշխանություն ստանձնի իրականության վրա, այդ իրականությունը փոխելու առաքելություն պետք է ունենա։ Ավետարանում էլ ասվում է՝ «Նայեցի և տեսա, որ լույսը բարի էր»։ Նշանակում է՝ պետք է միշտ ետ նայել, նայել արածիդ ետևից, իմանալ, թե ինչ է աճում մեր ոտնահետքերում՝ չարի՞ ծաղիկներ, թե՞ այլ բան, ու նոր հաջորդ քայլն անել։ Մեր տանը գրելը փրկության միջոց էր. երբ մի սխալ էինք անում, հայրս ասում էր՝ «Եթե կարողանաս գրավոր ինձ համոզել, թե ինչու ես արել այդ բանը, ես քեզ չեմ պատժի»։ Եվ ես իմ ամբողջ էմոցիան, հնարավորություններս դնում էի, որպեսզի կարողանամ ճիշտ բացատրել կատարվածը։ -Վայ, ինչ սիրուն բան եք հուշում ծնողներին, երևի գիրը տեղով մեկ արդարացում է, ու եթե դա ազնիվ գիր է, միլիոնավորների մեղքեր էլ կսրբի, նրանց էլ կարդարացնի... -Մեկ գրողը կարող է դառնալ երկրի այցեքարտը. նրան կարող են հավատալ միլիոնավոր մարդիկ։ Երբ իշխանությանն այլևս չեն հավատում, մեկ ազնիվ ու անկաշառ գրողը կարող է պահել մարդկանց հավատը արդարության նկատմամբ, նրանց լցնել ուժով ու վստահությամբ։ Ծանր է տեսնել վաճառված գրողին, դա հազարավորներին մղում է սրիկայության։ - Մեր գրողը չի փրկվում միայն մեզ լավ գրականություն տալով, մենք նրա միսն ու արյունը, խիղճն էլ հետն ենք ուզում։ Դա, միգուցե, պրոֆեսիոնալ վերաբերմունք չէ մշակույթի մարդու նկատմամբ։ Բայց այսպիսին ենք մենք, ի՞նչ կարող ես անել։ Մարո Մարգարյանին հիշեցի, որ մի օր հիվանդ տեղից վեր կացավ և մուրաբան ու ընկույզը ձեռքին՝ վազում էր պրոսպեկտով մեկ մեր ետևից՝ երկու ջահել աղջիկների, որոնց առաջին անգամ էր հանդիպել։ Դուք ընկե՞ր եք հասարակ մարդկանց, թե՞ միայն, այսպես կոչված, բարձր հասարակությունն է շփվում Ձեզ հետ։ - Իմ ընկերները հենց իմ ընթերցողներն են, ովքեր կիսելով իմ տողը՝ կիսում են նաև իմ հոգին, իմ ճանապարհն ընթացքի մեջ։ Ես չունեմ որևէ ընկեր, ով իմ ընթերցողը չէ, որովհետև ինձ հենց այդ ճանապարհով են ճանաչել՝ իմ տողից։ Իհարկե, խոսքը ազգականների մասին չէ։ Ընդհանրապես, ես մենակյաց, լռակյաց մարդ եմ՝ ի զարմանս շատ-շատերի, ովքեր ինձ գիտեն իմ հարցազրույցներից, որտեղ ես բառ եմ, խոսք եմ, երբեմն էլ շատախոսություն եմ։ Իսկ իրականում ես քչախոս եմ։ -Բայց ինչպես Վահան Վարդանյանն էր ասում՝ «Դուք կին չեք, կանայք եք», ինչպե՞ս կարող եք լինել քչախոս։ -Չէ, ես քչախոս եմ և նույնիսկ ամաչկոտ եմ ահավոր։ Եվ մենություն փնտրող եմ։ Օրինակ, ամուսնուս հետ ապրում ենք մի տան մեջ, որտեղ կարող ենք կարոտել իրար՝ ապրելով նույն տան երկու ծայրերում։ Ժամեր շարունակ ես իմ տարածքում եմ, նա՝ իր առանձնասենյակում։ Ես չեմ սիրում շատ մարդ, շատ ձայն, բազմություն։ Ես դրանից ընկճվում, դառնում եմ ծիլ։ Եվ այնքան հեշտ է ինձ կոտրելը, իմ վրայով քայլելը։ Իսկ տողի մեջ այնպիսի զգացողություն է, թե ես հզոր անհատականություն եմ, հզոր մարդ եմ։ Գուցե ինչ որ տեղ և հզոր եմ։ Չեմ բացառում։ Բայց որպես մարդ, որպես էակ՝ շատ փխրուն եմ, ահավոր։ Կարծես, զրահապատվելու կարիք ունեմ, որովհետև բաց աուրա եմ։ - Կես-կատու եմ կես-կին ես այս պահին,Վայելչանքս ձև չէ, այլ նպատակ... -Իմիջիայլոց, ես կատվի մեջ սիրում եմ վայելչությունը։ Վայելչությունը ստամոքսից ավելի կարևորելու նրա բնական մղումը։ Կենդանին կեղծել չգիտի, և մարդը դրանից կարող է եզրակացություններ անել. Օրինակ, այն, որ արժանապատիվ կեցվածք պահպանելն աստվածահաճո է։ Կատուն գեղեցիկ է իր բոլոր վիճակներում՝ կոշիկներիդ տակ կծկված, կամ երբ ձգվում է անհոգ, որով տիրոջը ստիպում է սիրել իրեն պարզապես այն բանի համար, որ ինքը գեղեցիկ է՝ դրանով իսկ ընդգծելով, որ այս աշխարհի վրա ապահովությունից պակաս կարևոր չէ գեղեցկությունը։ Կատուն բանաստեղծության պես ասում է՝ ես չեմ եկել քեզ ինչ-որ բան քարոզելու, ոչ էլ՝ ծառայելու, բայց իմ միջոցով դու կարող ես շփվել քո մեջ ապրող իսկական ճշմարտությանը...


Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի(Tert.am) / 2013/11/09

bottom of page