Վարեց՝ ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Ամերիկաբնակ բանաստեղծ, էսսէիստ, բժիշկ-հոգեբան Սոնա Վանը Չինաստանի Ռոնջբիան քաղաքում մասնակցել է «Գօտի եւ աշխարհ» պօէզիայի միջազգային փառատօնին, որի ժամանակ նրան այդ քաղաքի պատուաւոր քաղաքացու կոչում է շնորհուել: Լրագրողների հետ հանդիպմանը Սոնա Վանն ասաց, որ խորհրդանշական չէր պատուաւոր քաղաքացու կոչումը, հէնց յաջորդ օրն իրեն հրաւիրել են քաղաքապետարան՝ ժողովի:
Խօսելով «Գօտի եւ աշխարհ» փառատօնի մասին՝ ասաց, որ Չինաստանում տարուայ մէջ պօէտական չորս փառատօն է անցկացւում. «Ահա թէ որքան է պետութիւնը հետաքրքրուած իր երկրում պօէզիայի տարածմամբ, որքան է կարեւորում գրի մարդուն: Այս փառատօնը, որին ես մասնակցեցի, երեւի թէ ամենամեծն է, ներկայ էին պօէտներ աշխարհի մօտ 15 երկրից»:
Սոնա Վանի պօէզիան չինական գրադարանների ցանցը որոշել է ներառել ոսկէ ֆոնդում: Նրա «Լիբրետօ Անապատի Համար» գիրքը կ՛ունենայ նաեւ չինարէն հրատարակութիւն:
Ամերիկաբնակ բանաստեղծուհին հեղինակ է նաեւ «Լոյսի Ծուէններ», «Ես Անուն Չունեմ», «Ես Ձայն Եմ Լսում», «Չառա Անունով Թռչունը» բանաստեղծական ժողովածուների: «Լիբրետօ Անապատի Համար» գիրքը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, թարգմանուել է 18 լեզուի՝ ռուսերէն, անգլերէն, վրացերէն, ուկրաիներէն, գերմաներէն, լեհերէն, արաբերէն, թուրքերէն եւ այլն: Այս տարի աշնանային շր-ջագայութեան ժամանակ Սոնա Վանը գիրքը ներկայացրել է Վրաստանում, Աֆրիկայում, Գեր-մանիայում, ԱՄԷում: Վրաստանում գրքի շնորհանդէսի ժամանակ նրան շնորհուել է Վրաստանի գրողների միութեան պատուաւոր անդամի կոչում: Աֆրիկայում Քենիայի պօէզիայի միջազգային փառատօնի հիւրն է եղել եւ խոստովանում է. «Երբ շփուեցի տեղացի ժողովրդի հետ, ուղղակի սիրահարուեցի, եւ եթէ այսօր կայ մի վայր, ուր ես կը ցանկանայի վերադառնալ այս ամբողջ շրջագայութիւնից յետոյ, Քենիան է: Այնտեղ շփուեցի մարդկային տառապանքի ու երջանկութեան հետ: Թւում է՝ Աստուած մարդուն ստեղծել է հէնց այդպիսին լինելու համար, տառապել, բայց միեւնոյն ժամանակ աչքերի մէջ անյուսութեան ոչ մի նշոյլ չունենալ: Մարդիկ, որ ապրում են բնութեան ռիթմերով, սիրում են բնութեան ռիթմերով, գրում բնութեան ռիթմերով: Հրաշալի աֆրիկեան պօէզիայ կայ»: