Ամերիկաբնակ բանաստեղծ, էսսեիստ, բժիշկ-հոգեբան ՍՈՆԱ ՎԱՆԸ Չինաստանի Ռոնջբիան քաղաքում մասնակցել է «Գոտի և աշխարհ» պոեզիայի միջազգային փառատոնին, որի ժամանակ նրան այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել: Լրագրողների հետ հանդիպմանը Սոնա Վանն ասաց, որ խորհրդանշական չէր պատվավոր քաղաքացու կոչումը, հենց հաջորդ օրն իրեն հրավիրել են քաղաքապետարան՝ ժողովի:
Խոսելով «Գոտի և աշխարհ» փառատոնի մասին` ասաց, որ Չինաստանում տարվա մեջ պոետական չորս փառատոն է անցկացվում. «Ահա թե որքան է պետությունը հետաքրքրված իր երկրում պոեզիայի տարածմամբ, որքան է կարևորում գրի մարդուն: Այս փառատոնը, որին ես մասնակցեցի, երևի թե ամենամեծն է, ներկա էին պոետներ աշխարհի մոտ 15 երկրից»:
Սոնա Վանի պոեզիան չինական գրադարանների ցանցը որոշել է ներառել ոսկե ֆոնդում: Նրա «Լիբրետո անապատի համար» գիրքը կունենա նաև չինարեն հրատարակություն:
Ամերիկաբնակ բանաստեղծուհին հեղինակ է նաև «Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը» բանաստեղծական ժողովածուների: «Լիբրետո անապատի համար» գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, թարգմանվել է 15 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ուկրաիներեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն, թուրքերեն և այլն: Այս տարի աշնանային շրջագայության ժամանակ Սոնա Վանը գիրքը ներկայացրել է Վրաստանում, Աֆրիկայում, Գերմանիայում, ԱՄԷ-ում: Վրաստանում գրքի շնորհանդեսի ժամանակ նրան շնորհվել է Վրաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչում: Աֆրիկայում Քենիայի պոեզիայի միջազգային փառատոնի հյուրն է եղել և խոստովանում է. «Երբ շփվեցի տեղացի ժողովրդի հետ, ուղղակի սիրահարվեցի, և եթե այսօր կա մի վայր, ուր ես կցանկանայի վերադառնալ այս ամբողջ շրջագայությունից հետո, Քենիան է: Այնտեղ շփվեցի մարդկային տառապանքի ու երջանկության հետ: Թվում է՝ Աստված մարդուն ստեղծել է հենց այդպիսին լինելու համար, տառապել, բայց միևնույն ժամանակ աչքերի մեջ անհուսության ոչ մի նշույլ չունենալ: Մարդիկ, որ ապրում են բնության ռիթմերով, սիրում են բնության ռիթմերով, գրում բնության ռիթմերով: Հրաշալի աֆրիկյան պոեզիա կա»:
Ի դեպ, Սոնա Վանը շրջագայությունները սկսել է Երևանից: Տպավորված էր նաև Վանաձորում՝ գրողների, մտավորականների ու ընթերցասերների հետ հանդիպումից: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ասաց, որ հրավեր ունի Չինաստանից, մեկ ամիս կարող է մնալ այնտեղ և ստեղծագործել: Հրավերներ կան Կոլումբիայից, Հունաստանից, Հնդկաստանից: Հաջորդ ժողովածուն կոչվելու է «Ջականա»: Ջականան թռչուն է: «Աֆրիկայի պատմական թանգարանում եմ տեսել: ՈՒնի ոտքերի այնպիսի կառուցվածք, որ կարողանում է քայլել տերևների ու ջրի վրա, դրա համար անվանում են նաև Քրիստոսի թռչուն»,- պատմեց Սոնա Վանը: Պատասխանեց նաև «Իրատեսի» հարցերին:
-«Լիբրետո անապատի համար» գրքում տեղ գտած բանաստեղծությունների ասելիքը, ուղերձը, բարձրացված թեմաները ինչպե՞ս ընկալվեցին Չինաստանում:
-Թեման խաղաղասիրությունն է, կինն ընդդեմ պատերազմի և պոեզիայի դերը: Հակասական է վերաբերմունքը պոեզիայի հանդեպ, շատերն ասում են՝ այսօրվա պրագմատիկ աշխարհում ի՞նչ նշանակություն ունի պոեզիան, արդյոք պե՞տք է այն, թե՞ ոչ: Ես պոեզիան անվանեցի «նոր մարդու կրոն», և այդ ձևակերպումը մեծ ոգևորությամբ ընդունվեց: Պոեզիայի համաշխարհային շարժման ղեկավարից (որը ներկա էր փառատոնին) հրավեր ստացա շարժմանը մասնակցելու, և ինձ առաջարկվեց այդ արտահայտությունն օգտագործել որպես լոգո: Իսկ իմ մեկնաբանությունն այդ արտահայտության առումով այն էր, որ բոլոր կրոնները բառն են օգտագործում իրենց դավանանքը մարդկանց հոգիներում սերմանելու համար, և եթե կրոնի հիմնական առաքելությունը մարդուն աստվածային ճշմարտության ճանապարհին հասցնելն է, ապա բառն ինքնին ճանապարհ է: Եվ եթե առաջինը Բանն էր, և Բանը Բառն էր, և Բառն էր Աստված, ապա Բառը հենց ինքը Աստված է և ճանապարհ: Այսինքն՝ պոեզիան ճանապարհ է դեպի Աստված. կարծում եմ, ոչ մի հակասություն չկա այս դեպքում: Սակայն այսօր աշխարհում խաթարված է պոեզիան, որովհետև քաղաքական գործիչները բառը տանում են շահի տարածք, կրոնավորները մարդկային երջանկությունը, փրկությունը տանում են դեպի հետմահու տարածք:
Մարդը մնացել է միայնակ այս մոլորակի վրա, կարծես այստեղ ինքն անելիք չունի, երջանկության իրավունք չունի, ամեն ինչ վերապահված է հետմահու կյանքին, և երջանկությունը դարձել է քմահաճույք. կարող է լինել կամ չլինել, պարտադիր չէ: Մինչդեռ երջանկությունը մարդու հոգու կարևորագույն իրավունքն է: Ոչ թե պահանջը, այլ իրավունքը, ինչպես ազատությունը, ինչպես առողջությունը, ինչպես կյանքը: Մարդը նույն կրքով պիտի պայքարի հանուն իր երջանկության, և պոեզիան այդ խոստումը կատարում է այսօր, հիմա և այստեղ՝ ի տարբերություն կրոնի, որ մեզ սպասել է տալիս մինչև հետմահու ժամանակ և տարածություն: Ես մինչ օրս չգիտեմ դրա տեղն ու ժամանակը:
-Գրքում բարձրացվում է նաև Ցեղասպանության խնդիրը. այս առումով ի՞նչ արձագանքներ եղան:
-«Լիբրետո անապատի համար» ժողովածուն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, և այն նշված է գրքի բոլոր թարգմանություններում ու հրատարակություններում: Միևնույն ժամանակ ես խոսում եմ մինչ օրս շարունակվող եղեռնների մասին: Այսինքն՝ մենք զարմանում ենք, որ քաղաքակիրթ աշխարհն իր ճիշտ գնահատականը չի տալիս 100 տարի առաջ տեղի ունեցածին, և այսօր, այս համացանցային դարում, երբ ոչինչ գաղտնի պահել հնարավոր չէ, մենք տեսնում ենք միևնույն իրադարձությունը: Ես փորձում եմ մարդու ուշադրությունը սևեռել ոչ թե թշնամիներ որոնելու և մատնացույց անելու, այլ մարդու երկատված էության, նրա մեջ ապրող գազանին ու աստծուն տեսնելու վրա:
Մենք կարողանում ենք ընտելացնել գազաններին, բայց ոչ մի քայլ չի արվում մեր ներսում ապրող գազանին ընտելացնելու ուղղությամբ: Որովհետև դա նույնպես դաստիարակություն է պահանջում: Շատ հեշտ է մեղադրել այս կամ այն պետությանը, իշխանությանը, բայց պետք է հասկանանք, որ մենք բոլորս առիթ ենք ունենում շփվելու մեր մեջ ապրող գազանի, վայրենու հետ, որն ունեցել է այդպիսի մտքեր՝ կսպանեմ, կխփեմ, կջարդեմ և այլն: Թվում է՝ շատ պարզ բան է, մենք բոլորս գիտենք այս մասին, բայց երբ խոսում եմ, զգում եմ, որ մարդիկ զարմացած նայում են, ասես առաջին անգամ են մտածում դրա մասին: Յուրաքանչյուրն իր ներսում պետք է անի այդ փոփոխությունը, եթե մենք ուզում ենք տեսնել ներդաշնակ մոլորակ:
-Դուք խոսում եք ընթերցողի մասին՝ առհասարակ: Բայց արդյո՞ք գրականությունը չի կորցնում իր ուժը, երբ բախվում է աշխարհաքաղաքական խնդիրներին, մեծ ու փոքր տերությունների քաղաքական, ազգային շահերին:
-Չեմ կարծում: Քաղաքականությունն ու պատերազմի մեքենան աշխատում են շահերի բախման պատճառաբանությամբ, եթե նույնիսկ չկան շահեր: Շփվելով տարբեր ազգերի հետ՝ մի բան եմ հասկացել. մենք բոլորս՝ սևամորթ, թե սպիտակ, ֆրանսիացի, հայ, թե իսպանացի, շատ ավելի նման ենք իրար, քան տարբեր: Սիրո պահին, կորստյան առաջ մենք նույն զգացողություններն ունենք: Եվ ավելի շատ պատճառներ ունենք իրար փարվելու, քան բաժանվելու: Եթե մեզ բաժանել են, ապա բաժանել են միայն այդ պատճառով, որ շարունակի աշխատել այդ մսաղացը, քանի որ շատ ձեռնտու, եկամտաբեր գործ է պատերազմը, որն աշխատում է մեր զավակների մսի ու արյան հաշվին: Ես հենց դա էի ուզում մատնանշել՝ պատերազմը որպես կնոջ անհատական թշնամի: Մենք արարում ենք զավակներ, իսկ պատերազմը խլում է նրանց մեզնից և խլում է տարբեր պատճառաբանություններով՝ դեմոկրատիայի հաստատում, սահմանների խնդիր և այլն: Իրականում գոյություն ունեն հիվանդագին սևեռումներ «իշխանների» կողմից, և ամբողջ աշխարհը շարժվում է այդ սևեռումների պատճառով: Այսինքն, այդ շարժման հիմքում ոչ թե մարդասիրությունն է, այլ «իշխանների» հոգեբանական խախտումները, թե իրենք մանկության տարիներին ինչ չեն ունեցել և ինչ են փորձում ունենալ: Եթե նայենք այսօր աշխարհում հիմնական եղանակ առաջացնող ղեկավարներին, կտեսնենք, որ գործ ունենք, չեմ չափազանցում, շիզոֆրենիկների հետ՝ բառիս բուն իմաստով: Եվ այսօր աշխարհի դժբախտությունը ոչ թե դեմոկրատիայի պակասն է, այլ այն, որ այդ դեմոկրատիկ ճանապարհով մենք ընտրում ենք հոգեխախտված մարդկանց: Թե ինչպես պետք է կրթվի ընտրողը, որ կարողանա ճիշտ ընտրություն կատարել, սա ևս շատ կարևոր խնդիր է:
-«Լիբրետո անապատի համար» գրքի թուրքերեն հրատարակությունը առգրավվել է Թուրքիայում: Որքան գիտեմ՝ որոշ օրինակներ ձեզ մոտ են: Փորձե՞լ եք որևէ կերպ դրանք հասցնել թուրք մտավորականներին:
-Մասնակիորեն՝ այո: Գիրքս տպագրվեց թուրքերեն՝ իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռահիփ Զարաքօղլուի նախաձեռնությամբ: Ցավոք, Էրդողանի հրամանով մի քանի հրատարակչությունների հետ փակվեց նաև «Բելգեն» հրատարակչությունը, որտեղ հրատարակվել էր իմ գիրքը, և ամբողջ տպաքանակը բռնագրավվեց:
Բարեբախտաբար, մոտ 30 օրինակ Սարգիս Հացպանյանի միջոցով (լույս իջնի իր գերազմանին) հասել էր մեզ: Եվ ես հույս ունեմ, որ դեռ կկայանա այդ հանդիպումը: Սակայն անհատապես բազմիցս խոսել եմ թուրք մտավորականների հետ: Ի դեպ, Չինաստանում հանդիպեցի նաև թուրք գրողի, որը վտարված է Թուրքիայից՝ որպես առաջադեմ մտավորական: Զրուցեցինք Ցեղասպանության մասին, հայտնաբերեցինք, որ նույն ծննդավայրն ունենք. իր մայրը ծնվել է Երևանում: Միասին մի ծրագիր ենք կազմել, հիմա երկխոսության մեջ ենք: Շրջագայություններս աշխարհով մեկ ճանապարհ են բացում նաև Ցեղասպանության հարցը բարձրացնելու առումով, ինչ-որ տեղ խաղաղասիրական շեշտադրմամբ: Պապիկիս ընտանիքը փրկել է թուրք մոլլան: Մարդն ամենուրեք կարող է լինել դաժան կամ բարի, կախված նրանից, թե ինչ դաստիարակություն է ստանում, ինչ է սերմանվում նրա մեջ: Շրջագայությունների ժամանակ իմ զրույցների առանցքում նաև մերօրյա հերոսի խնդիրն է: Ցանկացած մարդու մեջ կա հերոսականություն: Իսկ ո՞վ է այսօրվա հերոսը: Մենք պետք է սահմանենք նոր հերոսի կերպար, որն ավելի մեծ թվով մարդ սպանողը չէ, այլ ավելի մեծ թվով մարդկային կյանքեր փրկողը: Այսօր ֆիլմեր ենք դիտում, որոնցում քաջալերվում է մարդ սպանելը, քաջալերվում է նոր տեսակի զենքը, որով հնարավոր է ավելի շատ մարդ սպանել: Մարդը էվոլյուցիա է ապրել քարանձավից մինչ այսօր, սակայն մոլորակն այսօր ավելի բարի չէ, քան առաջ է եղել: Քրիստոսն ասում էր՝ սիրիր մերձավորիդ, սիրիր թշնամուդ. սա սիրո էվոլյուցիան է:
Իսկ ու՞ր է տանում մարդկային հոգու էվոլյուցիան: Մենք այսօր, ճիշտ է, ավելի քիչ թվով մարդ ենք ուտում, բայց սպանում ենք ավելի մեծ թվով մարդ: Սա էվոլյուցիոն պրոցես չէ, իմ կարծիքով, և ամոթալի է մարդ արարածի համար ոչնչացնելը մեկը մյուսին՝ անկախ միտումից: Եթե մի մարդու սպանությունը կարելի է արդարացնել, ապա կարելի է արդարացնել նաև մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությունը:
-Մամուլից տեղեկացա, որ ինքնակենսագրական գրքով պետք է ներկայանաք: Ի՞նչ փուլում է այն:
-Այո, ես խոսել եմ դրա մասին: Ներողություն եմ խնդրում ընթերցողից, ես խոստացել էի՝ այս գրքի նախաբանը, որը ինքնակենսագրականի փոխարեն եմ գրել, ավելի ընդլայնված նովելային ձևով ներկայացնել: Գիրքը գրեթե պատրաստ է, պարզապես այս տարի չհասցրի ի մի բերել, հրատարակել: Դա ինձ համար նաև հոգու պարտք է իմ նախնիների հիշատակին, նաև իմ կենսագրության վերաբերյալ, որովհետև հորաքրոջս կերպարի միջոցով փորձում եմ ցույց տալ նաև իմ կերպարի էվոլյուցիան: Տարիների ընթացքում, զգում եմ, նմանվում եմ նրան, գրում եմ նրա մասին, ու երբեմն ինձ թվում է, թե իմ մասին եմ գրում:
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ