top of page

ԱՅՍՕՐ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է... ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ...

Երկնքում նրանց տեղը ապահովված է, քանզի նրանց Արարիչը Ինքն է նշանակում այս հողի վրա բարու, արդարի, բարոյականի անկումը կանխելու առաքելությամբ: Եվ սակայն, երկրի վրա նրանց տաղանդի ճանաչողությունը հավասարապես օժտված մեկ այլ հոգևոր տեսանողի մենաշնորհն է, որովհետև սոսկ նրանց է տրված անքեն, անաչառ մարգարեական առաջնախոսքով ճանաչածը բարձրաձայնելու կոչումնու իրավունքը:


Այս ճշմարտության սահմաններում Վահան Վարդանյանպոետ-տեսանողի իրողությունը պետք է որ առաջինը գրանցվեր հենց Սոնա Վան բանաստեղծուհու զգայարաններում` ի լուր աշխարհի ավետելով բարձր չափանիշներով շնորհյալի ամենաբարձր գնահատականը:

Ժամանակը դեռ կկորզի շատերի շուրթերից Վահան Վարդանյան պոետի, դրամատուրգի ու մտածողի մեծ տաղանդի իրողությունն ընդունելու խոստովանանքը:

Սոնա Վանի <<Հանճարի մահը>> բանաստեղծությունը՝ գրված Վահան Վարդանյանի անժամանակ մահվան չարագուշակ լուրը լսելուց օրեր անց, և ապա <<Քեզ որոնելիս>>` դեռևս որևէ գրական ոճի հետ չնույնացող ստեղծագործությունը <<Նարցիսի>> էջերում ընթերցելուց հետո ունեցա այն մտահանգումը, որ ընտրյալ հոգիները միմյանցով զորացող, սնվող և անբարդույթ, միմյանց հանդեպ Աստվածընծա ճանաչողության զգացումով օժտված անհատականություններ են: Կրելով երկնային եզակի անհատական հատկանիշներ՝ նրանք երբևիցե չեն շեղվում իրենց, թող որ ասվի, գրեթե անսխալական ճանապարհից:

Ուստի՝ չքննենք, հանգիստ թողնենք նրանց իրենց արժանապատիվ բարձրության վրա ուլսենք նրանց ձայնը` որպես բարձրագույնին ձգտել-հասնելու ուղենիշ, քանզի նրանց է տրված արվեստի արժեքներ ստեղծելու, վերարժևորելու, Բարձրյալից ստացած մերանը փոխանցելու շնորհն ու իրավունքը:


Սամվել Սմբատյան


ՍՈՆԱ ՎԱՆ


Հանճարի մահը

-Վահանը չկա այլևս

ասաց մի ձայն

դեռ օվկիանոս չհասած` մեքենայում

Դու էիր ճանապարհը - այդուհետ

Մոցարտը

գույները հորիզոնի

և այնտեղ էիր արդեն

երբ հասա տեղ

կռացա-ոռնացի նախ ջրի մեջ

փորձելով ինչպես Ղազարոսին

ետ բերել սիրտդ` հայելու տակ

ապա լռելյայն համբուրեցի

ճակատիդ ալիքը հավերժահոս

օվկիանոսը դո՛ւ ես այսուհետ

հ.գ.

Քրիստոսի պես դու էլ -

բաժանեցիր ժամանակս երկու մասի

փետրվարի 18, Լոս Անջելես

bottom of page