top of page

Մտորումներ Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» Գրքի «Բանաստեղծական Էկոսիստեմի» Մասին

Սոնա Վանի «Լիբրետօ անապատի համար» գրքում զետեղուած բանաստեղծութիւնները մտքի կոնկրետութեամբ, տողի սահմանափակ օգտագործմամբ եւ բառերի չափաւորուած քանակով, մեզ են փոխանցում պատմա-մշակութային, էթնո-ազգային եւ քաղաքական դաշտում «վերամշակման» չենթարկուած հասարակական կեանքի տաբուները (արգիլուած թեմաներ-Խմբ.) քօղազերծող բանաստեղծական ազնիւ ֆրագմենտար պատկերներ:

Յաւերժական ժամանակի մէջ գտնուող հոգու, մարմնի եւ սիրոյ մասին նա կատարում է անսպասելի պօէտական բացայայտումներ:

Անցեալ եւ ներկայ պատերազմների եւ ահաբեկչութիւնների մասին բանաստեղծական վիրտուալ «օրգանիկ» պատկերները նա ներբեռնում է ժամանակակից «կառավարուող» տեղեկատուական դաշտի մէջ, այն դարձնում է մեզ համար մատչելի, մեր «մշակութային-տեղեկատուական օրգանիկ քաղցը» յագեցնելու համար:

Սոնայի առաջին հայեացքից թուացեալ «պարզ» բանաստեղծական տողերը եւ նրանց մէջ «ծածկագրուած» «կօդ-մեսիջները» ընկալելու եւ հասկանալու համար հարկաւոր է նախ դրանք «ապակոդաւորել», որի համար անհրաժեշտ է դառնում օգտուել աստուածաբանութեան, փիլիսոփայութեան, իրաւագիտութեան, կրօնաբանութեան, սոցոլոգիայի, հոգեբանութեան, սեքսօլոգիայի, անտրոպոլոգիայի (մարդաբանութեան-Խմբ.), անտրոպոսոֆիայի (մարդկային բնութեան ուսումնասիրութիւն-Խմբ.), գիտութեան, քուանտային ֆիզիկայի, սոցիալական մեդիաների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, քաղաքագիտութեան կոնֆլիկտաբանութեան նորագոյն հետազօտութիւնների հաւաքական ձեռքբերումներից:

Կարծես ճակատագրի հեգնանքով արդէն 5 տարի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը կրկնում է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան դէպքերը նոյն անապատի տարածքում, բայց արդէն սիրիացի ժողովուրդի հետ, որը 100 տարի առաջ իր մօտ պատսպարեց ցեղասպանուած հայ ժողովուրդի բեկորներին: Անմարդկային պատկերների անցեալի ֆրագմենտար (կոտորակուած-Խմբ.) յիշողութիւնները եւ ներկայի տպաւորութիւնները պահպանւում են «Լիբրետօ անապատի համար» գրքի պօէտիկ «ամպային վիրտուալ» տարածքներում: Բազմաէթնիկ եւ բազմաձայն հայ, արաբական, քրիստոնէական եւ իսլամական յիշողութեան պատկերները «թուայնացնելու» համար գրքը ձեռք է բերում վերազգային, ստանում միջմշակութային եւ քաղաքակրթական նշանակութիւն: Գրքում մէկտեղուած բանաստեղծութիւնները տողի վիրտուալ տարածքներից մեզ են փոխանցում անապատում թափառող ինչպէս քրիստոնեայ հայ եւ եզդի մոր կորուստեան 100ամեայ ճիչը, այնպէս էլ ներկայիս սիրիացի մուսուլման արաբ մօր կամ քրիստոնեայ արաբ մօր կորուստի ճիչը: Այս առումով գիրքը ուղիղ երկխօսութեան մէջ է ինչպէս անցեալի, այնպէս էլ ներկայ քաղաքակրթական ժամանակների տարածաշրջանային ճգնաժամերի հետ: Գրքում կատարուած սոնայական «ոչ բանական» բանաստեղծական հարցադրումները պահանջում են պատասխաններ տալ տարածաշրջանում տեղի ունեցող, դաժան անմարդկային, անիմաստ կորուստներին եւ միլիոնաւոր տեղահանուած եւ փախստական դարձած սիրիացիներին անտուն եւ անօգնական դարձած մարդկանց:

Ահա Սոնայական պօէտիկ հարցադրումներից մի քանիսը .

… Խառնւում է արդեօ՞ք Աստուած մարդու գործերին…, խիղճը մարդու մօտ է թէ աստծոյ, ի՞նչ է ճակատագիրը…, ո՞րն է մարդու դերը…, արդեօ՞ք նա ունի կամքի ազատութիւն եւ ընտրութեան իրաւունք, թէ՞ այս ամէնը ընդամէնը խաբկանք է եւ ֆիկցիա…թէ՞ մարդը ընդամէնը գործիք է եւ իրենից ոչինչ կախուած չէ…ինչո՞ւ է աշխարհում անտարբերութիւնը դառնում համատարած նորմ, որտեղ անկում են ապրում խղճի եւ բարոյականութեան դրսեւորումները… ինչո՞ւ 100 տարի առաջ Աստծոյ յանցաւոր լռութեան եւ նրա «բարձր հովանու» ներքոյ թուրքերի կողմից պետականօրէն կազմակերպուած, եւ իրագործած հայերի Ցեղասպանութեան ժամանակ, գերտերութիւնները ցուցաբերեցին լուռ անտարբերութիւն եւ ոչինչ չարեցին կանխելու համար զանգուածային մարդկային ողբերգութիւնը… Ցաւօք այս պահին ողբերգութիւնը նոյնութեամբ կրկնւում է Սիրիայի արաբ, քրիստոնեայ, եզդի, քուրդ ժողովուրդների հետ:

Հայր մեր որ համր ես

ու հետեւաբար

աւելի սո՛ւր է հոտառութիւնդ

ո՞նց ես դիմանում այս գարշահոտին

արեան

որ հաւաքուել է այսքա՛ն հազար տարի

…. մի՞շտ ես լռակեաց եղել այսքան Դու

թէ՞ վերջերս ես համրացել

Իսկ ի՞նչ բանաստեղծական գործիքներ է օգտագործում Սոնան բանաստեղծական մեսիջների (պատգամներու-Խմբ.) «հոգեւոր-թուային ֆրագմենտացուած ինֆորմացիան» «Այֆոն Քաղաքակրթութեան» (Iphone-Civilization) վայէրլէս-ացուած (Wireless), (Facebook generation) «ֆէյսբուկ սերունդ» – սպառողի ուղեղի «ամպային-այ կլաուդ» տարածքներում ներբեռնելու (Download) համար:

Ասելիքի քուանտային արագութիւն, «տող-տեքստի» թուիթերեան ֆրագմենտար կոնկրետութիւն, մտքի ֆրագմենտարային ֆէյսբուկեան «մեսիջային» դիպուկութիւն, անցեալի, ներկայի կամ ապագայի պօէտիկ ֆրագմենտար պատկերների ստացման «ֆօտոշոպային» վիրտուոզ արագութիւն, տեխնիկա եւ դրանք ինստագրամային արագութեամբ «ներբեռնում եւ օտարում» բանաստեղծական հոգեւոր-քուանտային ֆրագմենտար միջավայր: Տեղին է փաստել, որ մատնանշուած բանաստեղծական նորարական լեզուն տարիներ յետոյ պիտի դառնար «Այֆոն» եւ «Ֆէյսբուկ», «Թուիթեր», «Ինստագրամ», «Սնապշա»չ, «Ֆլիկեր», «Ռեդդիտ» եւ այլ սոցիալական հարթակների հիմնական մարդկային հաղորդակցման լեզուն, որի մասին կարծում եմ յետագայում պէտք է աւելի հանգամնալից խօսել:

Սոնան հայ եւ համաշխարհային այսպէս կոչուած «լուրջ գրականագիտական» ռաֆինացուած (յղկուած-Խմբ.) գրական տարածքներ է ներբեռնում բանաստեղծական մոդելի (նախատիպի-Խմբ.) նոր գործիքներ, կոնցեպտուալ (յղացքային-Խմբ.) մտածողութեան նոր տարրեր: Օրինակ՝ պատկերի ֆրագմենտայնութիւն / «մակերեսային» լեզու / ոչ մետաֆորային խօսք-միտք / խաղի, ֆլիրտի (սիրախաղ-Խմբ.) եւ հումորի, ծիծաղի ոչ մետաֆորային պատկերներ (նորութիւն համաշխարհային գրականութեան մէջ) /«խոհանոցային» պարզ խօսք / ուղիղ խօսք / «թեթեւամտութիւն» / կենցաղային առօրեայ խօսք, որը կարելի է բնութագրել որպէս ««անլուրջ» ԼՐՋՈՒԹԻՒՆ»: Այս «անլուրջ» բանաստեղծական կոնցեպցիան դառնում է բանաստեղծական «սոնաւանական» հզօր համաշխահային զէնք, որով Սոնան իր պօէզիայով մեֆիստոֆելեան (սադայելական-Խմբ.) հնարամտութեամբ եւ ճարպկութեամբ քանդում է եւրոպական եւ ամերիկեան, արեւելեան եւ արեւմտեան, քաղաքացիական եւ սահմանադրական, կրօնական, ազգային եւ վերազգային լճացած բիւրոկրատական եւ քաղաքական ինստիտուտները եւ բոլոր քաղաքակրթական կարծրատիպերը:

Բանաստեղծական կոնցեպտուալ նոր մոդել եւ պօէզիայի մէջ նորարական ֆորմա (ձեւ-Խմբ.)-բովանդակութիւն ստանալու համար Սոնան մերժել եւ խախտել է համաշխարհային գրականութեան մէջ յայտնի բանաստեղծական երկի կառուցման բոլոր ընդունուած օրէնքները եւ գրեթէ բոլոր ակադեմիական կանոնները. կէտադրական նշաններ, յանգաւորում, աւանդական պատկեր, ռիթմ, երգեցողութիւն եւ այլն…

Սոնայի պօէզիան եւ է՛ եւ դուրս է հայկական մշակութային միջավայրից եւ շատ բնական ձեւով ինտեգրւում (կը համարկուի-Խմբ.) է ամերիկեան մշակոյթի ժամանակակից կոնցեպտուալ տարածքների մէջ եւ դառնում նրա մասը: «Լիբրետօ անապատի համար» ժողովածուի մէջ Ցեղասպանութիւնների մասին ազգային գրական միջավայրում Սոնան աննկատ կերպով սահմանային գիծ է անցկացնում մերժելու համար լացի, ողբի եւ բողոքի գրական սովորութիւնները, իսկ ցեղասպանական համաշխարհային գրականութեան հոգեւոր-քուանտային տարածքներ է «ներբեռնում» ֆրագմենտար էրոտիկ (տարփական-Խմբ.) պատկերներ՝ համեմուած թեթեւ իրոնիայով (հեգնանքով-Խմբ.) եւ հումորի (երգիծանքի-խմբ.) նրբին երանգներով, վարպետօրէն եւ չափաւորուած: Նրա ազատ, կենդանի, թրթռուն եւ անմիջական «բառը» քուանտային արագութեամբ շարժւում է ամերիկեան քաղաքակրթական զարկերակի միջով, մաքրելով զարկերակի նեղացած պատերը մշակութային խոլեստերինից (cholesterol) կանխարգելելու համար մշակութային «կաթուածը»:

Եթէ մէկ նախադասութեամբ ներկայացնենք Սոնա Վանի պօէզիան ապա պէտք է փաստենք, որ նրա ամբողջական բանաստեղծական միտքը պայքարում է «քաղաքակրթական գլոբալ մատրիցայի» դէմ եւ քանի որ նրա պօէտիկ մտքի գլոբալ հարցադրումներին առայժմ բաւարարող պատասխաններ չկան, ինչպէս եւրոպական այնպէս էլ ամերիկեան աստուածաբանական հետազօտութիւնների մէջ եւ ժամանակակից փիլիսոփայական մտքի դաշտում, հետեւաբար նրա պօէզիան ստանձնում է մշակութային համաշխարհային առաջնորդողի դերը, առանց ճիգերի եւ բնական ձեւով ինտեգրւում է համաշխարհային գրականութեան նրբագոյն հոգեւոր բարձրագոյն վիբրացիոն տարածքների մէջ, որտեղ նա ձեւաւորում է նոր պօէտական քուանտային-բառ-վիբրացիոն (թրթռուն-Խմբ.) հարթակ-միջավայր երիտասարդ սերունդի պօէտների համար:

Նրա տեղադրած անլար (Wier-less) տեսախցիկները՝ առաջինը ժամանակակից մարդու եւ իր հոգեւոր ֆրագմենտար միջավայրում, յետոյ Աստծոյ անցեալ, ներկայ եւ ապագայ ֆրագմենտար ժամանակների մէջ, համաշխարհային պօէզիայում առաջին անգամ մեզ է ներկայացնում ժամանակի եւ Աստծոյ որպէս յաւերժական հոգեւոր ժամանակի, «մերկ» նիւթականացուած «խղճի եւ բարոյականութեան» շարժուող պօէտիկ «3D ֆրագմենտներ», որը ինֆորմացիայի (տեղեկութեանց-Խմբ.) սպառողը արդէն հազարաւոր տարիներ անապատում յայտնուած մարդու ծարաւի ուժով «3D պօէզիայի» այդ «գեղեցիկ» եւ մերկ «ֆրագմենտները» ներբեռնում է (Dawnload) իր «ֆրագմենտար» հոգեւոր տարածքներ:

Ժամանակակից ամերիկեան եւ համաշխարհային գրականութեան մէջ առաջին անգամ Սոնան ինտուիտիւ (պայծառատեսութեամբ-Խմբ.)կերպով իր պօէզիայում կիրառել է այսպէս կոչուած պօէտիկ «ամպային տեխնոլոգիա» (iCloud ) որով նա իր հիմնական ֆրագմենտար ասելիքը «պահեստաւորում» է (Save ) միջտողային ազատ «ամպային» (iCloud) տարածքներում, որը իրականում ոչ թէ բառ-տող է այլ «ֆրագմենտար միտք» բացայայտելուց յետոյ ընթերցողը այն «ներբեռնում» (Download) է իր «ֆրագմենտար հոգեւոր» տարածքների մէջ:

Սոնայի քաղաքակրթական մշակութային պօէտական տեսախցիկները անաչառ ու անկեղծ մերկացնում են մինչեւ վերջ առաջինը ինքը իրեն, յետոյ իր ժամանակակից մարդուն եւ վերջում «ֆրագմենտար աստուածներին» … թողնելով եզրայանգումները մեզ: Սոնան իր պօէզիայով ձեւաւորեց նորանկախ Հայաստանի նոր «գրական-մշակութային էկոհամակարգ» եւ ստանձնեց Չարենցից իրեն ժառանգուած 21րդ դարում հայ նորագոյն գրականութիւնը առաջնորդելու պատասխանատու դերը: Յիրաւի Սոնա Վանի պօէզիայի նորարական շնչի, որակական թարմութեան եւ միջազգային ճանաչման լաւագոյն ապացոյցը նրա բանաստեղծութիւնների թարգմանութիւններն են աշխարհի տարբեր լեզուներով, ռուսերէն, ուկրանիերէն, ֆրանսերէն, արաբերէն, թուրքերէն, լեհերէն, անգլերէն եւ գերմաներէն:

Ահա այսպիսին է սեքսառեղծ Սոնա Վանի բանաստեղծական համաշխարհային «սոնաւանական» ֆրագմենտար «մշակութային օրգանիկ բնահամակարգ»ը, «Cultural Organic Ecosistem”, որը նա առաջարկում է աշխարհին:

Կամօ Մկրտչեան՝ «ՖՌԱԳՄԵՆՏԱՐԻԶՄ» Համաշխարհային մշակութային շարժման եւ փիլիսոփայական ուղղութեան հիմնադիր


http://asbarez.com/arm/285118/%D5%84%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%8D%D5%B8%D5%B6%D5%A1-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%AB-%D4%BC%D5%AB%D5%A2%D6%80%D5%A5%D5%BF%D6%85-%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF/



bottom of page