top of page

ԴԵՐ ԶՈՐԻ ԲԱԶՄԱՁԱՅՆ ԵՐԳԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» բանաստեղծական ժողովածուն (Երևան, 2015) նվիրված է մեկուկես միլիոն հայ նահատակներին: Բանաստեղծուհին ցեղասպանության ասացումից դուրս է եկել երգասացական բազմահնար ձևերի օգտագործման դաշտ: Նախճիրի ծավալուն քնարական ասացումը, ներքին անդրադարձումներով, դեպի խորքն ընթացող մենախոսական առանցքով, տառապանքի և հոգենորոգման բախումով, թողնում է համանվագի տպավորություն: Սոնա Վանը գտել է գրականության և երաժշտության փոխկապի նոր ձևեր: Այլաբանությունը, տեսիլը ընձեռել են պատկերային բազմադարձումների, գեղարվեստական խոսքային համակարգումների նոր հնարավորություններ: Ցեղասպանության ասացումը համապատասխան է արյունոտ իրադարձությունների «բնագրին»: Բանաստեղծուհին ծավալվող վերապրումների առանցքում է: Նրա մեջ ցավը հնչյունապտույտի վերձգությունն ու ապրումի բացարձակությունն ունի: Ցեղասպանության վերապրումին միախառն է պատարագի իմաստային սիմվոլիկան: Մարդկության մեծ մեղքի դիմաց որոնվում են հոգեմաքրման ուղիներ: Կձերբազատվի՞ մարդկությունը հայոց ցեղասպանության մեղքից. «անապատի բանաստեղծը» պատասխան տալ չի կարող: Նա սուզվում է բազմաձայն աղոթասացական տարերքի մեջ: Երևակայության ազատությունն է բախվում պատմության սև էջերին, տառապագին վերապրումին, և հնչում է մարդկության հոգևոր ինքնամաքրումի թեման («ես»-ի առանցքով): Հետահայաց քնարական գնահատումները բխում են համամարդկային արժեքներից, որոնք ներքուստ հակադրվում են ամենաարյունոտ ոճրագործությանը: Անապատը խորհրդանիշ է ամայացման, պատմության սև թևկապի: Ըստ անապատի երգասացության՝ Եղեռնը իր հետևանքներով երբեք չի ավարտվում. Քամին վերադառնում է//հանցանքի վայր//խառնելու ողջը կրկին անգամ… Քնարական «ես»-ը իրեն զգում է խորհրդավոր ծիսակատարության կենտրոնում: Մահն ու կյանքը բախման մեջ պատկերող քնարական «դրաման» շարունակվում է արագ ռիթմով: Անապատը ծածկվում է անցյալի ու ապագայի տեսիլներով: Միստերիան ծավալվում է Նվիրյալի ներքին մենախոսություններով (Նվիրյալ՝ մեկուկես միլիոնի հիշատակին, հարության տեսիլին): Ավետարանական խոսքաշերտերի օգտագործումը ևս վկայում է, որ Սոնա Վանը իրեն փոխակերպում է որպես միստերիայի՝ խորհրդավոր ծիսակատարության հերոսի: Անապատի հարսն եմ ես հարյուրամյա//արնած աչքերով խելագարի…//ծփում է Դեր Զորը քողիս հետ//որպես մի ճերմակ ամբողջություն… («Անապատի հարսն եմ ես») Բանաստեղծուհին Դեր Զորի իրական և միևնույն ժամանակ տեսլական-պայմանական միջավայրում կրելով արյունոտ հիշողությունը, ձուլվում է մեկուկես միլիոն զոհերին: Անապատում ծավալվում է անժամանակ գործողություն. Եղեռն-վերապրում, զոհ-սրբացում, ինքնաողջակեզ-հարություն: Չի ուշանում ինքնահռչակումը. Ես եմ անապատն այսօրվանից… Ինքն է ցեղասպանության վկայարանը՝ անապատը, ինքն է անապատ-հուշարձանը: այսօր իմ հարսանիքն է//… ծփում է Դեր Զորը քողիս հետ//որպես մի ճերմակ ամբողջություն… Եղիշե Չարենցի «Կապուտաչյա հայրենիք» պոեմում քնարական հերոսի ըղձանքն է իր և տեսլական հայրենիքի հարսանիքը («Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն»): Այս մտատեսիլը հայրենիքի առավելագույն անձնականացման, նրա հարության և պայծառացումի խորհրդանիշն է: «Լիբրետո անապատի համար»-ում «ես»-ը միավորում է Դեր Զորը իր հետ («… ծփում է Դեր Զորը քողիս հետ // որպես մի ճերմակ ամբողջություն…»)՝ ծիսականացնելով զոհերի հավաքական հիշատակը: Դեր Զորը մտնում է ծիսականության դաշտ («ես պատկանում եմ ցեղին պարողների», «Պար ավազի վրա»): Բանաստեղծուհին հանձին «ցեղին պարողների» նկատի ունի ժայռապատկերներին դրոշմված հնագույն ծիսական պարերը: Մահ-ծիսական պար եզրույթների «գիտակցական հոսքը» նույնպես դառնում է առանցքային, որքանով որ «ես»-ն է պարողը: Ս. Վանը պատմական իրադարձությունների մեջ տեսնում է ծածկագրեր («ծածկագրեր են գետնի օղակները բոլոր», «Պար ավազի վրա»): Տեղ-տեղ Ս. Վանի տեսլապատումի մեջ նկատվում են օրատորիական ուրվագծեր. դրամատիկական առանցքը մշտառկա է: Դեր Զորի երգասացումը, այո, խոր դրամատիկական է: Սկզբից մինչև վերջ ուժգնանում է հակացեղասպանական մոտիվը: Բանաստեղծուհին, գտնելով դեռ չողբված ձևեր, զուգահեռաբար տրվում է գաղտնագիր վերասլացումների: «Լիբրետո անապատի համար» ժողովածուի գերակա սիմվոլը, իհարկե, անապատն է, որը համատեղում է ցեղասպանության և վերապրումի տեսիլները: Անապատը ցեղասպանության թանգարանն է և մարդ-հակամարդ ընթացքների ծածկագիրը: Ս. Վանը հայտնաբերել է հայոց դանթեականի խոսքային ինքնուրույն սիմվոլիկա: Մենք արդեն խոսել ենք քնարական «ես»-ի փոխակերպումների մասին: Սակայն այն լրացումների կարիք ունի: «Ես»-ը փոխակերպումների մի հանգույց է. զոհ՝ մեկուկես միլիոնի հավաքականությամբ, զոհ՝ մինչև թուրքական մանկուրտիզմի հաղթահարումը, Դեր Զորի միակ բնակիչը («հարդարում եմ ավազը անկողնու պես»), միակ օրորասացը, անապատի անթև սոխակ և այնտեղ մահացած հրեշտակ: – օրոր բոլորին//ու//շարժում եմ//Դեր Զորը՝ օրորոց հսկայական Բանաստեղծությունից բանաստեղծություն շարունակվում են նորանոր կերպափոխությունները: Ասվածին ավելացնենք նորերը՝ նահատակ, Դեր Զորի «վերջին հարս» (սրբացումի օբյեկտ), ջրահարս, ավազների մեջ խրված և այլն: «Մետամորֆոզ երազում» բանաստեղծությունը ներկայացնում է կերպափոխության նոր եզրեր: «Ես»-ի ճակատին հավաքվում են «սուրծայր փշերը հատ-հատ»: Կերպափոխության մեջ ինքը նմանվում է ինչ-որ մեկի. – ասում ես, Փրկիչի՞ն եմ նման -//տես՝ դու ես ասողը//ես անձամբ չէի համարձակվի «Ես»-ի միավորումը Փրկչի կերպարին՝ նահատակ ժողովրդին է կերպավորում՝ նրան հատկանշական համարելով հիսուսական տառապանքը: «Ես»-ը հիսուսական տառապանքի անձնավորումն է. – քաթանե շապիկով երկար//վազում եմ Բանաստեղծուհին դատապարտված է բարձրանալու «Սիզիփոսի աստիճաններով»: «Ես»-ը նախապես միավորվել է խաղաղ շվի փչող Աստծո պատկերի հետ: Ցեղասպանությունից հետո նա տեսիլվում է Փրկչի անձի մեջ՝ Գողգոթայի բարձունքում: Մեկ դար է, ինչ տառապանքը շարունակվում է. – ահա անապատը մեկ դար անց//փակում եմ աչքերս//ու Տերն է//մինչև ծնկները խրված ավազի մեջ Քնարական եղեռնապատումը շարունակվում է ցեղային ինքնաճանաչման վկայաբերումներով. Վանի «արևը փահլևան է», «թռչող հարսնաքողը՝ տանիքից վեր» և ապա. -… առյուծն է եղել իմ ստնտուն//եթե ոչ, ինչու//գազանի պես//չորս ձեռքով եմ աղոթում ես… («Ես մարդուց եմ ծնվել») «Չորս ձեռքով աղոթելը» ուժգնացնում է աղոթքի խորհուրդը, մարդու մեջ մատնանշում տոտեմի ուժը: Տոտեմական ինքնագիտակցությամբ «ես»-ն ամբողջանում է: Հարյուրամյա նախճիրի կնիքը խռովահույզ է պահում բանաստեղծուհու հոգեաշխարհը: Ցեղասպանության վերապրումը նրա մեջ ձևավորում է «վերջինը» լինելու ինքնագիտակցումը (վերջին զոհ, վերջին հառնող, վերջին հարս, վերջին երազ և այլն): «Վերջինը» լինելու զգացողությունը իր հետ բերում է լարված դրամատիզմ՝ չլիցքաթափվող տեսլադաշտով: Անապատը հավելումն է հարսնաշորի վրա, ցեղասպանության շերտը ծածկում է հարյուրամյակը: Սոնա Վանը ազգային ծանրագույն տառապանքը քողածածկում է տեսիլի մեղմությամբ՝ ծնունդ առած իրական հարության և վերածնումի ակունքից: Բանաստեղծուհին ցեղասպանության տեսիլի առջև է («ավարտում եմ, ամփոփում եմ դարը», և քամին խառնում է «ողջը կրկին անգամ»): «Լիբրետո անապատի համար» գիրքը վերածվում է մարդկության մեղքի քավության պահանջի բազմասացումի:



www.grakantert.am/դեր-զորի-բազմաձայն-երգասացությունը-ն/

bottom of page