top of page

Ֆիդայիների հուշաքարեր

հեռվից…


հեռվից

այդ դաշտը

այնքան նման էր

քարե

շախմատի


սակայն

մոտիկից


մոտիկից սակայն

երկար շարքերով

շիրմաքարերից

թաքուն ժպտացող

ֆիդայիները

շատ նման էին

դպրոցն ավարտած

աշակերտների

որ շարվել էին

խմբային 

վերջին

նկարի համար

ու…

պահել շունչը


ու… պահել շունչը


հետաքրքիր է

եթե 

հրաշքով

ճակատիս ընկներ

մի

փշե պսակ

ես

այս բոլորից

որի՞ն կընտրեի

որպես 

Ղազարոս


իսկ երազո՜ւմս


իսկ երազումս

ձյունով էր ծածկվել

կանաչ շախմատն

ու պսակս

փ

շ

ե


երազումս

ես

մոտենում էի

ու մատիս ծայրով

նախ

ձյունից մաքրում

դեմքը զինվորի

ապա

նույն մատով

մի

խաչ

նկարում քարի

ե

ր

կ

ա

յ

ն

ք

ո

վ


մաքրում… ապա խաչ

մաքրում… ապա խաչ


կարճ էր

երազս

ձմռան

օրվա պես

ու

ես չհասցրի

փրկել

ոչ

մեկին…

bottom of page