top of page

Օրս` ըստ հեռակառավարման վահանակի

Օրն ավարտվեց` նույն ժամին ճիշտ

իջավ վարագույրը ավտոմատ

էկրանը մթնեց ու միանգամից

ցանկասեր օդի մեջ ննջարանիս

ընդհատվեց ճիչը հերթական

զինվորի մոր


երազումս անցել էր հարյուր 

հազարամյակ

և մի գիտնական լայն ականջներով

փորձում էր վերծանել

Email-ները մեր ժամանակի

ոգևորված ճիշտ այնքան

որքան մենք

երբ խզբզոցներ ենք գտնում

քարանձավի պատի վրա

ու

պոչի պահպանված մի մազից

կլոնվում է նորից

ձին պատերազմի


երբ արթնացա քնից

շարունակվում էր դեռ

պատերազմը Իրաքի - ինչպես

հարուստ բեմադրիչի նկարած 

էկզոտիկ սերիալ 

համեմված    

իրական արյամբ ու մահերով


չորս կին ահա

ծածանելով սև շալերը օդի մեջ

փայլուն բայց անթափանց

ինչպես ագռավի թևեր

կռացան միևնույն դիակի վրա


հ.գ. արևածագ… ավտոմատ բացվեց վարագույրը

ու միացավ սրճեփը միանգամից


bottom of page