Հովիվ եմ սիրառատ - երազիս մեջ
նստած կատարին ինչ-որ սարի
փչում եմ շվիս ու գալիս են
խոպոպավոր գառներ
ամեն կողմից
փոքրերը հեծնում են մեծերին
որ տեսնեն ինձ
կենտրոնում
ավելի լավ
փակում եմ աչքերս ու առջևում
ես եմ՝ շատ նման ինչ-որ մեկին
վազում եմ
վազում եմ
վազում
ավազե հնոցում դժոխքի
սուրծայր փշերը հատ-հատ
քամին հավաքում է ճակատիս շուրջ
քաթանե շապիկով երկար
վազում եմ
շտապում - չգիտես ուր
ես եմ
անկասկած ես եմ
միայն թե շատ նման - ինչ որ մեկին
ասում ես Փրկչի՞ն եմ նման –
(տես՝ դո՛ւ ես ասողը
ես անձամբ չէի համարձակվի)
բայց ինձ զարմացնողը
անցումն էր
ավելի շատ
ցնորքից - մղձավանջի
այդքան արագ
***
Հիշողությունս - կույր խոփ
մթության մեջ
շարժվում է - մինչև դիպչի
հարազատ մի ոսկրի
ավազի տակ
ու լռվում... կանգնում է
անակնկալ
Դեր Զոր
ստորգետնյա որբանոց
լաց
լաց
այսօր ես կմնամ այստեղ
(հարդարում եմ ավազը
անկողնուս պես)
ու կերգեմ օրոր նրանց համար
ում գիտեմ ջարդի նկարներից
ընտանեկան
սա տատիդ քույրն է
Հուշիկը
ճերմակ ատամներով
մարգարտաշար
մահացավ հրեշտակն այս
անապատում
գիտե՞ս ... դու նրան նման ես շատ
գունավոր պուտիկներով - աչքերիդ մեջ
սա Նատոն է – թևատված սոխակ
չես լսել երբևէ այդպիսի ձայն
(ա՜խ .... ոնց եմ սիրում ես - Աստված իմ
մորս ժպիտը՝ ցավից ծնված
որ հասցնում էր խառնվել լույսի հետ
նախքան լրիվ պոկվելը շրթունքներից)
օրոր Հուշիկին հրեշտակ
ճերմակ ատամներով մարգարտաշար
օրոր Նատոյին չքնաղ
անթև սոխակին անապատի
օրոր և Շուշիկին նախշուն -
օրոր բոլորին
ու
շարժում եմ
Դեր Զորը՝ օրորոց հսկայական