top of page

Հոլիվուդյան էտյուդ նախկին սերերիս կատարմամբ

ՆԱԽԿԻՆ ՍԵՐԵՐԻՍ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Ամեն օր մի նվիրում ունի (թաքուն իր մեջ)

և այս օրը ես ուզում եմ

նվիրել ձեզ


եկեք լիմուզինով

(մենակ կամ ձեր զույգի հետ)

ու ճեմելով անցեք

ցուցադրաբար

կարմիր ուղեգորգով

ճակատագրիս

էժան լույսերի տակ

տեղ-տեղ կանգնեք

պատմեք մանրամասն

նոր կրծքերով կանանց

լրագրողուհի

կոստյումների մասին ձեր նորաձև

ու փողկապների չափազանց թանկ


իսկ ես ձեզ կսպասեմ

անխոս համբերությամբ

ինչպես հողն իր զինվորին

հաղթանակած


դուք նախ կերևաք ինձ

ինչպես անդեմ զանգված

մթության մեջ դանդաղ երևակվող

աղոտ ամպի տակից

մոռացումի

ապա առաջ կգաք

միմյանց հրմշտելով

ու ինձ կըողջունեք

ծածանելով անկարգ

ծանոթ ձեռքերը ձեր -

(ինչպես ալբոմի նկար

վատ երևակված)

բեռնատարի միջից

ցեխակոլոլ

bottom of page