top of page
Սպասեք մի քիչ
թախծոտ ուռենի
և անմար աստղեր
այսօր իմ երգը
մաշված գլխարկով
մուրացիկների
անվերջ երկարող
շարքի մասին է
ու հարսանիքից
մեկ ամիս հետո՝
մարտի մեջ ընկած
ֆիդայու
այրու
որը մահացավ
սառը - մետաղյա
սեղանի վրա
երկունքի պահին
փղոսկրե լուսին
փայլփլուն աստղեր
այսօր իմ երգը
ցուրտ ծնարանից
մենակ հեռացող
որբի մասին է
և այն աշխարհի
որ ժառանգել են
նրա ձեռքերը
աղքատի մաշված
գլխարկի նման
կանգնեցրե՛ք մի պահ
շարժվող թափորը
վիժված մայրության
ես մի անգամ էլ
ուզում եմ տեսնել
դեմքը այն կնոջ
որ մահացել էր
վերածնվելուց
մի փոքր առաջ
իսկ դուք… սպասեք
այսօր իմ երգը
հոգնած
բացակա
Աստծո մասին է
և մանկան մասին
որ ժառանգել է
որբությունը իր
անբուժ
բնածին
արատի նման
ճերմակ
կարապներ
ու լազուր երկինք
այսօր իմ երգը
բնածին որբի մասին է
միայն
bottom of page