top of page

Երազներ անապատից

Նախ զանգի դինգ դոնգն է

                               երազիս մեջ

ապա տեսիլվում է եկեղեցին

ինչ-որ մեկը կարմի՞ր է ներկում

                               խաչը

թե քահանա պապս է արյունում

                               խաչի վրա

դինգ-դոնգ

դինգ-դոնգ

ի՞նչ զգաց Քրիստոսը տեսնես

երբ անցավ տրանսը կատարվածի

ու հասկացավ

որ ցավն իրական է

և որ մեխը իրոք  է շարժվում  

Իր ոսկրի մեջ


դինգ-դոնգ՝ զնգում է արևը՝

միակ ժամացույցը անապատի


Տերը չէր ընդհատի երբևե

պապուս ալելույան կրակոցով

ո՞վ է ուրեմն ավելի մեծ

առավել կարողը ամեն ինչի


ձախ-աջ

ձախ-աջ

շարժվում են

երեք միլիոն ոտքեր

երազիս մեջ

որոնք մեկ բարձրանում են

                               ավազից վեր

մեկ նորից են խրվում ավազի տակ

հանց մահից լրիվ ցինիկացած

հսկիչներին ծաղրող Ղազարոսներ


ձախ-աջ

ձախ-աջ կրկնում է

միակ աճպարարը անապատի

քամին

խառնում է ոսկրերը

ապա վերադարսում ուրիշ ձևով

արդյունքում ստանալով

                               չգիտես ոնց

միևնույն կմախքը-

                               ամեն անգամ

bottom of page