top of page
Զգո՜ւյշ…
զգույշ քայլիր անապատով
սա սովորական ավազ չէ
սա… ավազե ճերմակ վիրակապ է
դրված միլիոն ու կես երազների վրա
ուզում ես իմանալ զոհերի ճշգրիտ թի՞վը
դժվար չէ…
մաղի՜ր անապատի ավազը
ցանցի վրա
ինչպես ձկնորս
հաշվիր
ահաբեկված աչքերի թիվը
ու բաժանիր երկուսի
քեզ հետաքրքրում է նրանց երազների
մանրամասնե՞րը…
հոգ չէ…
դի՛ր ականջդ ավազի վրա
ու ինչպես կամերային նվագախումբ
կհնչի
բազմամիլիոն ոսկրե շվիների երգը
անընդմեջ կնվագեն շվիները
ու ավազի վրա
կօրորվեն մեկ ու կես միլիոն
ուրվականներ
դեղի՜ն… անատամ ժպիտներով
մինչև… մինչև հեռվից լսվի
առաջին ոտնաձայնը
գիտե՞ս… այստեղ… անապատում
ուրվականները
չեն հավատում… մարդկանց
bottom of page