top of page

(կամ չավարտած գործերիս շատացող ուրվականները)


Նոր տարին ետեւում է արդեն

բայց տոնածառը դեռ չեմ հանել դուրս

լույսերը մարմրում են վաղուց հոգնած

իսկ մի մասը հանգել է անվերադարձ

քաղաքում այս որ չի քնում երբեք

ես քնել եմ սրա հետ ու նրա

հրաշքներ էլ գործել եմ – քանի~ցս

կաթ եմ դարձրել ավիշը կրծքերիս մեջ

Նոր տարին ետեւում է – դանդաղ

հարեւանս քաշում է եղեւնին դուրս

արածներս ոչինչ – սխալ թե ճիշտ

(հիշողությունը կարելի՛ է խմբագրել)

մոռացությո՛ւնն է հետապնդում ինձ

հանց ուրվական

այն` ինչ պիտի արվեր

սակայն մնաց

ուշ է – օվկիանոսն իմ պատուհանից

համայնական գոտի պորտապարի

արծաթները շրջվում են շղթայաբար

մղոններով մերթ գիր մերթ ղուշ

la bohème – հագիս ոչինչ

լիքը բաժակով անզգուշորեն (who cares?)

ես հենվում եմ ուսին սիրեկանիս

ու ականջին երգում Շառլից մի բան


bottom of page