top of page
Բարակել եմ խիստ եմ բարակել
ինչպես օրացույցը տարեվերջին
ալարկոտ բացում եմ պահարանս
շորերս ավելի շատ քան օրերս
և իհարկե տխրում թեթևակի
երկնքում հիշո՞ւմ ես երբեմն
գիշերը այն
վախն ավելի մեծ քան սերը
առաջինը պայթյունն էր կոճակների
իսկ անձրևը թափվեց ավելի ուշ
անանձնական սերը անանձներին
մեռյա՛լները թող թաղեն մեռելներին
այս կտուրի տակ ցածր ու կաթող
ես սիրել եմ քեզ
եւ դու էլ ինձ
դու ճիշտ էիր – անավարտ է Երկիրը
ես՝ հիմարս նոր եմ միայն հասկացել
ա՜խ որքան կուզեի քեզ հետ կիսել
այն ինչ իմացել եմ քեզնից հետո
սերը չի մահանում երբևիցե
իր բնական մահով զառամյալի
հուդաներն են սպանում այն
խաչի վրա
և կամ վերածում ինքնասպանի
հ.գ. հիշո՞ւմ ես հագուստներս հանելը քո
արագացող շարժումներդ հետզհետե
ոնց էիր առանձնացնում մեկը մյուսից`
բարակող օրացույցի թերթերի պես
bottom of page