top of page

ՊՈԵԶԻԱՆ Է ՄԱՔՐՈՒՄ ԵՐԿԻՆՔԸ

(մտորումներ «Մղձավանջների թանգարան» այցելելուց հետո)


Օ ոչ սիրելի Ուիթմեն

պատերազմը չի մաքրում պարզվում է

մոլորակի երկինքը ինչպես կայծակ

համոզվելու համար հարցրու

կոնգրեսի նկուղում ապրող

զինվորի ծակոտկեն ուրվականին

ով իր սեփական դիակը

նվիրել է թանգարանին

որպես նմուշ

որպեսզի գտնվի փամփուշտն այն

որ փշրում է ոսկրը ավելի լավ

նայիր երկնքին ու տես

խանձնվող գառնուկներ չեն դրանք

ամպեր են Հայր

նետիր գրիչդ ուրեմն

հարվածիր թմբուկին բարկությունից

void արա տողդ ու գրիր

սեփական մեզովդ հանճարեղ

միեւնույն կոնգրեսի պատի վրա

պատերազմը չի մաքրում երկինքը կայծակի պես

դասալիք

դու ես իմ հերոսը նոր

իմ վերջին հույսը

քեզ բրավո

փախիր մարտադաշտից

այլեւս վերջ

կրակիր սեփական ականջիդ մեջ

ատիր պատերազմը մահվանից շատ

փսխիր արյան հոտից ու վառոդի

մերժիր համազգեստը մարդասպանի

փայլուն կոճակներով

աղջնակ չես դու

մի վերածիր մաղի մարմինը քո

մի նվիրիր թանգարանին որպես նմուշ

մի շարժիր ոտքերդ համաչափ

մահվան գարշապարում խմբակային

գլուխդ լրիվ շրջելով

ուրիշի հրամանով մեկ աջ

մեկ ձախ

հայհոյիր պատերազմը

ասա fuck you

իսկ ես քեզ կսպասեմ

այն բալենու տակ


bottom of page