top of page

ՈՎՈՐԱԿԱՆ ՄԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ

(ծովափնյա հյուրանոցի պատուհանից բացօթյա շուկայում կտոր վաճառող տղայի

հիշողությամբ)


Անցյալս` անծանոթ քաղաք

անվերջ երկմտում եմ անցումներում

(ա՛խ իմ օտարվելու հանճարը այս)

գիշերը մոթելում թվում է սուտ

այո՛ գիշերը եղել է – Սոն

օճառի փրփուրը ծաղկահոտ

Սուրբ գիրքը օսլայած անկողնու մոտ

օվկիանոսը

պատերը – ամեն ինչ

պատրաստ ցավեցնելու` սիրուց հետո

եղե՛լ է – հիշիր երկինքը

կարեկից մայրամուտը պատուհանից

գույները

որ սահեցնում էր հորիզոնը

իր հսկա բազկի վրա չերեւացող

մետաքս վաճառող տղայի պես

կապույտը

վարդագույնը

ապա ոսկին

չթողնելով կտորը դիպչի գետնին

թե՞ տղան էր միակ իրականը

ճաքած շրթունքներով

ու

լողազգեստով

մետաքս վաճառող տղան այն

որին մուտքագրել է ուղեղս

որպես սովորական մի մայրամուտ


bottom of page