(սեռաշփոթների շքերթի մեջ` ձիակառքով)
Դե իհա՛րկե կարող եմ երգել նաև
պատերազմի մասին և վարդերի
սիրո ավազանի մեջ – անցյալ գիշեր
(իմ խայտացող ստինքներով ջրի վրա)
բայց այս երգը նվիրում եմ ես
ջորուն ու կառապանին թիկնեղ
վառ շրթներկով
չեմ սիրում ոչինչ
որ սոսկ մեկ բան է
կես թռչուն-կես կին եմ ես
այնպես որ ի՞նչ կա զարմանալու
սրճարանում – որ ընտրել էի ինքս
(ճիշտը ի՛մ ընտրելն է – թեկուզ սխալ)
նեգրուհին երգում էր բլյո՜ւզ... բլյո՜ւզ
հաստաշուրթ պատմում էր կիթառին
(ընդամենը երեք լար ու ճշմարտություն)
ռիթմիկ կռացնում էր մարմինը
գործիքի վրա ինչպես արտի
չէր երգում – չարչարկվում էր կարծես
բամբակի դաշտի մեջ աֆրիկական
այս երգը նվիրում եմ նաև նրան
երգիչ-ստրուկին այն բեմի վրա
իսկ սերդ ես կերգեմ ավելի ուշ
դե իհա՛րկե հիշում եմ մանրամասն
ափերդ խայծեր ջրի վրա
հալածված ստինքներս երկինք նայող
հանց մտածող ձկներ միաչքանի
լոգարանի չընդհատվող հայելու մեջ
հ.գ. այս երգը նվիրում եմ նրանց –
ջորուն ու շրթներկով այն կառապանին
որ քաշեցին ձիակառքը անտրտունջ
ի՛մ ընտրած ճանապարհով
ոչ թե իրենց