top of page

ՄԵՌՆՈՂ ՄԱՐԳԱՐԵՆ, ՈՐ ԳՈՒՇԱԿԵԼ ԷՐ ԻՐ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ ՃՇԳՐՏՈՐԵՆ

(հիշողություն գիշերային հերթապահության օրերից)


Նայում եմ գմբեթին ու անցնում

առանց ներս մտնելու ցանկության

եկեղեցի

ինձ չի հուզում քարոզը այլեւս

դժոխքի պատկերներով

ենթադրական

ես տեսել եմ քավարանը արդեն

միջանցքը գիշերային հոսպիտալի

ստորգետնյա թունելը կիսախավար

պատերին շարված վատ պատճեններով

մեռած բայց հանճարեղ վարպետների

ճանաչում եմ նաեւ դժոխքը ես

հեղձուցիչ սենյակը համար երեք

այրվող մարգարեն բոցերի մեջ

ամբարած լույսը աստվածային

ճիգով բաց պահված կոպերի տակ

եւ մատները նրա երկնակարկառ

կապված մահճակալին մետաղական

ես եղել եմ նաեւ

ձայնի քավարանում` կազմված

բուժքույրերի քայլքից չարագուշակ

շնամարդու ողբից տղամարդու

գլուխ գլխի հակված բժիշկների

դավադրության ձայնից

բամբասելու նման

հիվանդի անկողնու մոտ

ինչպես նաեւ նրբին

քնքուշ խշխշոցից

թղթե թաշկինակի

որով վերջին այրին մոլորակի

փաթաթում է ծամոնն իր զգուշորեն

զը~նգ հնչում է զանգը

ահեղ դատաստանի

երնեկ տղամարդկանց

ու

կույրերին

իսկ ինձ կներվի՛- հոգ չէ

ես սիրել եմ քանզի

չափազանց թունդ

քանզի ես տեսել եմ

դեռ աղջնակ

ունայնությունը ողջ

տիկնիկիս անմիտ աչքերի մեջ


bottom of page