top of page

Երանի քեզ Նոյ

հազար երնեկ

բայց դու ի՜նչ բախտավոր շուն դուրս եկար

իմ ուղարկած աղավնին ետ չդարձավ

ուր մնաց դեռ կտուցին էլ՝

ձիթենու ճյուղ

մյուս երանին քեզ

մեղու

ձմեռային քո պալատի համար

մեղրամոմե

հոտավետ տանդ համար նաև

ամառային

օդավետ ու գույնզգույն

կիսաթափանց առաստաղով

ծաղկաթերթի

մի ամբողջ կյանք չարչարվեցի՛ ես

այդպիսի մի ծածկի համար

ու չունեցա

անօգուտ վատնվեցի մի ամբողջ կյանք

երազելով

մի այդպիսի երջանկության մասին

բուրումնավետ

իսկ ինձ ի՞նչ երանի

ես արթնացել եմ

գիշերվա հոգնությունը մեջքիս առած

ասես ոչ թե քնել եմ

այլ ողջ գիշեր

կռվել եմ Աստծո հետ

մթության մեջ

գուցե եւ բարձրաձայն հայհոյել եմ Նրան

ի՞նչ իմանամ

ես մենակ էի

մեն-մենակ

անկողնուս մեջ


bottom of page