(հիվանդանոց – Սիրահարների այգի – մահ երթուղու վրա)
Այդ օրը անկողնու եզրին նստած
կամակոր ինչպես տղեկ
հայրս առավոտից կրկնեց
ու կրկնեց
ինձ տուն տար
տուն
տուն
մինչեւ ես քաշեցի բարձը նրա գրկից
(բուժքրոջ հեռանալուց մեկ վայրկյան անց)
հագցրի բաճկոնը
տիկնիկիս հագցնելու պես
թեւերը մեկ-մեկ բարձրացնելով
կապեցի կոշիկները նրա
ծնկի իջած
ու ձեռքը բռնած դուրս եկանք
հետեւի դռնից վթարային
ինչպես դասից փախած աշակերտներ
հայտնվելով փողոցում միանգամից
աչք ծակող լույսի մեջ ցերեկային
որտեղ ես
ինչպես արգելված ֆիլմ
տեսա «Հորս վերջին օրը» լիամետրաժ
3D ակնոցներով մահացողի
տեսա արեգակը վերջին
մազաթափ գլխով քաղցկեղային
այգու վերջին օդը` կազմված
կպչուն սերմնահյութից
ծաղիկների հոտից
ու
հայհոյանքից
վերջին պոռնկուհուն տեսա
ինչպես եւ
վերջին մուրացիկին դարպասի տակ
ձեռքի շարժվելը հորս` վերջին անգամ
մի գրպանից մյուսը
արագ
սակայն տնտղող
(ասես հանձնելու էր բաճկոնը քիմմաքրման)
մուրացիկը վերցրեց դրամն
ու բերանը բաց
անշարժացրեց կլորը շրթունքների
ֆիքսելով ի՛ր համար նախ եւ առաջ
վայրկյանը բացարձակ ճշմարտության
որի շրջանակում ինքը
վերջին մուրացիկն էր ճակատագրով
ոչ թե ինչ-որ մեկի կյանքում
այլ հենց նրա