top of page

ՀՈՐՍ ԹԱՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ՝ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ

(կամ հուսախաբություն)


Երրորդ օրը` կիրակի – հերթական օր

արեւը իջնում է հորիզոնում

ստվերները երկարում-ձգվում են

քիչ անց մի աստղ է

ու մի լուսին

կենտրոնում Աստված մորուքավոր

երկինքը զբաղված

բայց ընթեռնելի

ինչպես մանկական ավետարան

մայրս` դեռեւս անփորձ այրի

փետրում է երիցուկը իներցիայով

առանց սպասումի

հանց աշխատանք

որ պիտի արվի միեւնույն է

սիրում է

չի սիրում

սիրում է

ուզում եմ ասել մա՞մ – ցնցել իսկ

բայց լավ է լռում եմ ժամանակին

չգիտեմ ինչպես հասկանալով

որ շնչելը մինչեւ իսկ կլիներ

վայրենաբար ընդհատել մի կարեւոր բան

ուստի ետ կանգնած սոսկ դիտում եմ.

մատները գործիքներ ծաղկոտ

բաժանում են քարերը ձավարից

տոլմայի բարուրները կիպ

կանոնավոր շարած կաթսայի տակ

մայրս թեք դուրս է նայում պատուհանից

հարցական հայացքով ու ռիթմիկ

կուլ տալով արցունքները ընթացքի մեջ

բայց արդեն առանց սպասումի

ինչպես թերթիկները երիցուկի

հանցավորը ո՞վ է – չգիտեմ ես


bottom of page