top of page
Աշունը անձնական թշնամի
տերեւները շարժվում են ընդդեմ ինձ – տե՛ս
զգուշորեն սողալով հանց զինվորներ
հիմա
երբ մտածում եմ այդ մասին –
ինձ մի՛շտ է ահաբեկել քամու ձայնը
մերկ անտառի մեջ աշնան վերջին
երբ թվում է թե շարժվողը սոսկ
ոտքիդ տակի հողն է
ու մեկ էլ
կետագիծը գաղթող թռչունների
որ բաժանում է երկինքը երկու մասի
մնացած ամեն բան անշարժ է
եւ կամ շարժման մեջ հեռանալու
մտածում եմ` նայելով ծառի տակ
կոնֆետի թղթին գունաթափված
ինչպես երջանկության տոմսի
որով
կմտնեմ մանկություն
եթե ուզեմ
բայց արդյո՞ք ցանկանում եմ ես
ճամփորդել այդքան հեռու
այս տարիքում
ծնկների այս ցավով
օր օրի վրա ահագնացող
bottom of page