top of page

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎՈՂ ԽԶՈՑԸ ԱՅՍ

(արթնացա ու նոր հասկացա, որ իսկի էլ պատահական չէր շարժվելուդ զգուշությունը երազիս մեջ)

Առաջին գիշերը քո մահվանից հետո

ես անկողին մտա տարակուսած

հանց կույսը` առագաստի գիշերի մեջ

– Տեր... ինձ օգնի՛ր

մի կերպ լուսացնել առաջին գիշերը այս

իսկ վաղը խոստանում եմ այն փորձել մենակ

քիչ անց վերեւում եմ

ծեր հրեշտակ` մեկ գիշերում

սպիտակած փետուրներով

բաղաձայն երգում եմ` ջանալով

լցնել ողջ ունայնը հավերժության

մեկ-երկու բան հարցրի քեզ անկարեւոր

- դու ո՞ր ժամանակի մեջ ես ապրում հիմա

ապագայի մե՞ջ քո

թե՞ անցյալի իմ

ձայնդ մեկ լսվում էր ու մեկ խզվում

ինչպես վատ կապի ժամանակ

ռադիո-ծածկույթից դուրս

եւ կամ մեկն այն

խզում էր գիտակցաբար

մի բան հասկացա միայն պարզ

որ սուտ էր քահանայի վարկածը

հոգու թեթեւության մասին

մահից հետո

հ. գ. այս ի՞նչ լույսեր են - կարծես հասա

ուղղում եմ մազերս ու դեկոլտես

յոթերորդ երկնքի հայելու մեջ

հայտնվիր հենց հիմա՛ - լսո՞ւմ ես

լույսի

ու

կոնքիս

կորերի միջեւ - ինչպես առաջ

ու թող նախանձից պայթեն

բոլոր աստղերը միանգամից


bottom of page