top of page

ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

(թավշյա հեղափոխության հաղթանակի նախօրեին)

Կարո՞ղ ես չատել ինձ

այսօրվանից սկսած

շքեղության համար ոսկեղենիկ լեզվիս

հպարտության համար արքայական հոգուս

հիշողության համար երակներիս

նաեւ

երազներիս համար անպարտելի

(կարո՞ղ ես ներել ինձ մեղքերը այս)

փորձիր սիրել ինձ

դու… կարո՛ղ ես

քանզի

ծնարանից կորած

երկվորյակն ես դու իմ

որին մի օր դավով

գիշերվա մեջ թաքուն

փախցրել էր մի թուրք

օրորոցից

ու տես այսօր

մենք գտել ենք միմյանց

հասկանո՞ւմ ես – եղբայր

միասին ենք նորից

մի- ա- սին ենք

կոչիր սա հնդկական ֆիլմ

կարոտի կանչ արյան

հավերժական երազ`

ինչպես ուզես

միայն հարազատս

ձեռքս բռնիր ու եկ

քայլենք այս շքերթով

ջահել երջանկության

ժպտանք ու վանկարկենք

ծանր ականջի մեջ

Տիրոջ

ու

հավերժի

վեր-ջա-պես

մի-ա-սին ենք

բո-լո-րըս

հ.գ. փորձիր վանկարկել սա

ու սիրել ինձ հընթացս

դու… կարող ես

հ.գ. 2 Մի ձեռք ցնցելով արթնացնում է ինձ.

– Այս գիշեր ինչ-որ մեկը կփորձի վիժեցնել քո վերջին հույսը:

Սենյակում ոչ ոք չկա: Պարզ է` հորս ուրվականն է:

– Հավերժության մեջ ցանկացած գիշեր ճակատագրական է դառնում ինչ-որ մեկի համար:

Ես ամուր բռնում եմ iPhone-ս եւ սեղմում կրծքիս` որպես զենք: Սրանով ես կհսկեմ գիշերը:

Արթուն մնալու համար ես կտրում եմ ձեռքիս երակը:


bottom of page