top of page

ԾՈՒՅԼ ԵՎ ԱՆԵՐԱԶ

Փչում եմ ծննդյանս մոմերը

ու խնդրում աստղերին հընթացս

որ երազ պահեն ինձ համար

իրենց մտքում

(ծուլացել եմ վերջերս սարսափելի)

նայում եմ մի նկարի ու հիշում

անսխալ այն աշունը պատուհանից

(հավասար ոսկեգույնով ու դեղինով)

բրոնզե ժլատ լույսը սեպտեմբերի

եւ միամիտ սիրտն իմ

որ չգիտեր դեռ ոչինչ մեղքի մասին

նա անվերջ կրկնում էր շըշշ… շըշշ

ու ես լրջորեն հավատացի

որ երեխան ծնվում է լռությունից

հետո

շատ հետո իմացա ես

որ տատիկն էր քնած մյուս սենյակում

նայի՛ր սա ես եմ

շփոթվածն այս

փորձում եմ հասկանալ լայն աչքերով

աշխարհի բանը…

տղամարդուն


հ.գ. ավելորդ է ասելը

նա ինձ լքեց

Մարիա՛մ

ինձ այդպես էլ չհաջողվեց

մեկ հոգու իսկ համոզել

որ ես կույս եմ

իսկ դու հավատացրիր բոլորին

մինչեւ իսկ Տիրոջը ամենատես

եւ այն էլ այն դեպքում երբ

պտուղն արդեն խաղում էր ընդերքիդ մեջ

հետո էլ ի՛մ համար են մարդիկ ասում

հնարամիտ է…

լեզվանի է…

ճարպիկն է հա՛…


bottom of page