– Լրջացի՛ր․․․ բավական է… հայրս ասում է
աղջիկը չի կչկչա այդքան
քեզ կին չի առնի ոչ մի տղա
– ամեն շուն հարս դարձավ
իսկ դո՞ւ
հիշեցնում էր մայրս պարբերաբար
մեկ ուրիշը լաց կլիներ գուցե
իսկ ես ծիծաղում էի` հա հա հա հա
տեսա՞ր սխալ էիր հարգարժան հայր
ծիծաղն իմ հանճարն էր աստվածատուր
ինձ տրված ճանապարհին գողգոթայի
այլապես կմեռնեի տխրությունի՛ց
նախքան բարձրանալս խաչի վրա
ոչինչ էլ չի փոխվել այն օրվանից
իմ գիրը զուգահեռն է ծիծաղիս այն
այն ժպիտ է
քմծիծաղ
կամ հռհռոց
ես սիրում եմ պարել ու հընթացս
ջրել ծաղիկները մազերիս մեջ
իսկ երբ իջնում է գիշերը
սիրում եմ քնել կանգնած
ինչպես ծառ
մինչեւ կհստակվի աղջամուղջից
կացնով տղամարդը հորիզոնում
որից հետո
շրջում եմ աչքերս դեպի երկինք
գաղտնիք չէ
փրկողը երկինքն է միշտ
թռչունի համար ու պոետի
հ.գ. սիրում եմ հետեւել կախաղանից
անճիգ սավառնումին թռչունների –
ամեն բան անկշիռ է այնտեղ գիտե՞ս
եւ կամ շարժվում է դեպի ոչինչ