(բաժանվելու վճիռ` հորաքրոջս սիրային նամակները կարդալուց հետո)
– Կյանքը լիրբ կին է՝ բոզ
(ասացիր բարկացած – սեղանի շուրջ)
որ խաղացնում է մեզ անվերջ մատի վրա
եւ ես արտասվեցի այդ օրը
ամբողջ գիշեր
կյանքի փոխարեն վիրավորված
արցունքների միջից քեզ ասելով
որ սիրտն իմ պատկանում է մեկ ուրիշին
հիմա
երբ նոսրանում է հետզհետե
շքերթը իմ հետեւից վազող տղամարդկանց
ու գիտեմ` սխալ է ժամանակը
ուզում եմ կոտրել ԵՍ-դ եղունգովս
սառցաշերտի նման պատուհանիս
ու քեզ ասել` գնա
գը-նա
երեկ ես գտա ձեղնահարկում
նամակների տուփը հորաքրոջս
սեւացած եզրերով ու ծռմռված
այրված օդանավի սեւ արկղի պես
որ կարծես ընկել էր
քսքսվելով
խորդուբորդ պատերին
սեւ խոռոչի
մեծ պայթյունից հետո անմիջապես
– ձայնդ մի բարձրացրու մենակ չենք մենք
ողջ շենքը քնած է ու բացի այդ
ինչո՞ւ ենք իզուր երկարացնում
ես ճանաչում եմ արդեն տղամարդուն
ու վճռել եմ ես էլ
Դարվինի պես
ժամանակ չկորցնել այլեւս
ու կյանքիս մնացած տարիները
նվիրել որդերին – բացառապես
բայց ոչ` չեմ ուզում գնալ այդպես
հատկապես քանզի ստել եմ
իմ կյանքում չկա մեկ ուրիշը
այնպես որ կարող ես գրկել ինձ
ու ասել
գնա՛ Աստված քեզ հետ
ապրի՛ր
ի՞նչ կա որ
Դարվինի պես
թափանցիկ
վարդագույն
որդերի հետ