top of page

(նշանակալից ունայնություն` կյանք)

– Կյանքը փուչ բան է` փուչ

վայելչություն հաղորդիր շարժումներիդ

եւ գոյությունը կթվա վեհ

մահվան խոստումը սոսկ քո՛ւնն է հավերժական

առանց այն ընդհատող երազների

եւ ինձ

ով մինչեւ օրս տառապում է

քնի պակասից կնճռահարույց

իրոք սփոփում է այս միտքը

հորս վաղաժամ ուրվականի

իսկապես

նրա համար

ով մի ամբողջ կյանք

արթնացել է լացից երեխայի

ուշանալու վախից

չարագուշակ զանգից մթության մեջ

մուսայի այցից անժամանակ

եւ հատկապես

լույսի բացվելուց անկարեկից

չի կարող լինել լուր

ավելի լավ

եւ ինձ զարմացնում է իրոք

ցանկությունը ետմահու վերադարձի

հարության այս հույսը համատարած

Ղազարոսի գովազդը եկեղեցու

մի՞թե բաղձալի չէ այլեւս

փափուկ ու բարի մայր հողի մեջ

պարզապես ննջելը խաղաղությամբ

... եւ ոչ մեկին

հ.գ.

քանի տեղին է` ասեմ

որ ինձ մշտապես վախեցրել է

Քրիստոսի գալուստն ու հաջորդող

տեսարանը ստորգետնյա տարհանումի

հազարամյա մեռյալների հոսանքը վեր

քնահարամ

դժգոհ

աչքերում հող

ճռճռոցը հազարավոր կոշիկների

փայլուն

անորակ

էժանագին


bottom of page