top of page

ԶՐՈՒՅՑ ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿ ՎԻՈԼԵՏԻ ՀԵՏ

Առաջին մեղքիս մեջ

ընդունում եմ

սատանան օգնեց ինձ բավականին

սակայն ես բութ չեմ – Հա՛յր

մնացածը ինքնուրույն եմ կատարել ես

բայց սիրելը մե՞ղք է

միայն չասես

թե դու ինքդ երբեք չես ցանկացել

խելագար սեր անել անկողնու մեջ

թեկուզ եւ մեկ անգամ շաբաթվա մեջ

կամ խմել երբեմն գինի

մեկ-երկու բաժակ ընդամենը

եթե սխալվում եմ ուրեմն

թող փոխվի ամեն ինչ գլխիվայր

զանգերը թող հնչեն հողի տակից

ցորենը խմոր դառնա

խմորը հասկ

միայն թե խնդրում եմ Հայր

ետ չվերցնես բառը իմ շուրթերից

ու

ամենօրյա հրաշքներդ չդադարեցնես

ի՛նձ նայիր

տեսնո՞ւմ ես Հայր

մենությանս արճճե պղպջակը

որ ուռչում ու սեղմում է ինձ վերմակի տակ

չե՛ս սիրում

չե՛ս սիրում

չե՛ս սիրում ինձ

կրկնում եմ փակ աչքերով ու սպասում

ինձ չի տեսնում ոչ ոք այս պահին

արտաքսված եմ ասես ժամանակից

օգնի՛ր ինձ Վիոլետ

եթե ճիշտ է գովազդը քո ծառայության

որ չկան խնդիրներ անլուծելի

ու չեն ստում խաղաթղթերը աստղերը պես

հ.գ. հասկացի՛ր

նա ինձ խոստացավ սեր

Տերը` խաղաղություն

երկուսն էլ սուտ

փաստը մնում է փաստ

հոգիս խռով է

իսկ ես մենակ

... տիեզերքն` անտարբեր տառապանքիս


bottom of page