ԵՐԲ ՄՈԳԵՐԸ ԴԵՌ ՉԷԻՆ ՀԱՍԵԼ ԲԵԹՂԵՀԵՄ
(կամ թե ինչպես անցանկալի հղիությունից ծնվեց որդիս՝ Քրիստը, Քրիստոսի ծննդից ուղիղ մեկ ամիս առաջ – Գոհաբանության օրը՝ հրեշտակների քաղաքում ու փոխեց կյանքս ամբողջովին)
Գիշերից
շաբաթներ անց
երբ կարմրեց հղիության test-ձողիկը
ամպից էլ շուտ
ես փակեցի դուռն ու բարձիս վրա
հիստերիկ հեկեկացի անմխիթար
բայց երբ հանդարտվեցի մի քիչ
թուրմ պատրաստեցի անմիջապես
թունավոր մորիներից յոթ
ու կում-կում խմեցի ասվածի պես
չօգնեց
ուրիշ միջոցներ էլ փորձեցի
– ծոմ պահեցի թաքուն քառասուն օր
ու անձայն աղոթեցի յոթ սրբերին
չօգնեց
– յոթ սոխ եռացրի ու նստեցի գոլորշու վրա
բլթբլթացող ջրի
չօգնեց
– կծու պղպեղով եփուկ ներարկեցի ընդերքիս մեջ
չօգնեց
– ստիպեցի մի երեխայի
կոշիկներով ցատկոտել փորիս վրա
չօգնեց
– ոտաբոբիկ սար բարձրացա ու
գիշերեցի ձների մեջ
չօգնեց
– խնդրեցի մի մարզիկի
որ հարվածի փորիս
ամբողջ ուժով
չօգնեց
– համոզեցի երկու թիկնեղ տղամարդու
որ թափ տան մարմինս վայրենաբար
մինչև հոգնեն
ավելորդ է ասելը
չօգնեց
այդ ժամանակ էր
որ հարբած ցած թռա կտուրից իմ
ու նույն օրը
ծնվեց փրկիչը իմ անհատական
ով դեռ օրորոցում
բուժեց հոգիս – բորոտությունից
միտքս – խելագարությունից
սիրտս – կուրությունից
մարմինս փրկեց կրակներից
ինչպես նաև
մաքրեց երեսս լաքաներից
և այսպես
որդին իմ
հայտնվեց Քրիստոսից մեկ ամիս շուտ
երբ մոգերը դեռ չէին հասել Բեթղեհեմ
երբ Աստղը Արևելքի դեռ չէր երևացել
ամբողջովին
երբ ձյունը դեռ սարերում էր միայն
իսկ քաղաքի սառը փողոցներում
հրեշտակները նոր էին սկսել
ավետել
հրաշքների մասին
ու
Հարության
հ.գ. Պատկերացնո՞ւմ ես տղաս
մոգերը անգամ դեռ չգիտեին…