top of page

ԲԱՌԻ ԵՎ ԲԱՌԻ ՄԻՋԵՎ

(քո մահվանից հետո` արեւի տակ հենց այնպես պտտվելիս)

Բառը` վիրուս սովորական

որ աննկատ սողոսկում է քթովս ներս

լա՛վ լսիր ընթերցող

ասել է թե

ինձանից դու չես պրծնի անհետեւանք

առաջինը բառն էր այսինքն ես

դու ինձ ներս կքաշես օզոնի պես

դժվարը այդքանն է

որից հետո

տողս ի՛նքը կշնչի իմ փոխարեն

իսկ մարմինս կպտտվի աննպատակ

հայրս վերստին ճիշտ էր

պտտվելը ամեն բան դարձնում է հուշ

կպտտվի մարմինս հոլի նման

վերածվելով ձեւի անորսալի

այսպիսին է հանճարը այն կնոջ

ում միայն հոգնեցրե՛լ են տղամարդիկ

քեզ ի՞նչ կա – դու արդեն երկնքում ես

իսկ ես – զայրացած կին` քեզնից հետո

զայրացած կեսը տղամարդու

նախ կատաղեցին ոտքերս

որին հետո

հավելվեցին լեռները բարձրակրունկ

ես կին Կինգ Կոնգն եմ հիմա

քաղաքները ննջում են փեշերիս տակ

իմ արածը սեր չէ քեզնից հետո

եղունգնե՛րս եմ սրում ես կատվի նման

անհարթ մաշկի վրա տղամարդու

ես բառ եմ

ի՞նչ կյանք այսուհետեւ

ես ապրել եմ քե՛զ համար բացառապես

քանզի կարծել եմ թե առանց ինձ

կմեռնես

ինքզինքդ կգցես ցած

հիմա ձանձրույթից հայելու մոտ

ես փորձում եմ զգեստները աստվածների

(ուզում եմ թագավորել իմ կատվի հետ)

երեկ երազումս – կրկին անգամ

Հռոմում էի հայտնվել կայսերական

Դրազի՛լա – կանչեց մեկը

ու ձայնի ուղղությամբ գնացի ես

առանց մտածելու

ակամայից

թեպետ հարկավոր էր մտածել նախ

ժամանակը պտտվում է նրանց համար

ովքեր ոչինչ չեն սովորում իրենց փորձից

այլ դեպքում այն շարժվում է ուղիղ գծով

սկզբից դեպի վերջը ամեն անգամ

մահն ինձ չի վախեցնում այլեւս

«չլինելու» սեւեռումը այդ` երկրի վրա

ականջս գետնին դրած

լսում եմ ես

կոդավորված թխկթխկոցները մեռյալների

ինչպես հարակից բանտախցից

պատերազմը մեծացնում է շարքը

մեռնել ուզող կանանց` երկրի վրա

տղաներ կորցրած մայրերը

շտապում են ժամ առաջ հանդիպել

կամուֆլյաժ հոգիներին որդիների

ես նրանց տեսնում եմ

այդ կանաչ բանակը հրեշտակների

մայրերը ձախողվում են անվերջ

մեռնելու փորձի մեջ ամենօրյա

այսօրվա բժիշկները ինձ

հիշեցնում են ոմն Տիբերիուսին

ով ստիպում էր ապրել

մեռնել ուզողներին բացառապես

տողս խավարից զատված լույս

ինձ չես զարմացնի արարչությամբ

(այդպես էլ ապրում եմ քեզնից հետո

Դարվինի միջեւ ու Արարչի

երկուսն էլ ահավոր չեն սիրում ինձ)

կարեւորը գիտության հաղթանակն է

տղաները ծնվում են արդեն

ձեռքի մեջ սերտաճած հրացանով

անկարող սեր անել երկու ձեռքով

գիտնականը թուխս է նստել համբերատար

դինոզավրի հսկայական ձվի վրա

հույսով ծնունդ տալ մի նոր Աստծո

շշուկո՛վ խոսիր

հայրս ասում էր

եթե ուզում ես որ քեզ լսեն

ուզո՞ւմ ես քեզ տանեմ այնտեղ

որտեղ բառը ապրում է կոլբայի մեջ

ինչեւէ

երբ մեռնեմ

ես նույնպես

կզբաղվեմ գործերով հանգուցյալի

իսկ մինչ այդ

դեռ

Սոնեչկան եմ հորս

սեփական ծամերիցս բռնված

պտտվում եմ բակում աննպատակ

ոչինչ չի փոխվել

պարզապես ծամերս են ճերմակել արեւի տակ

նայում եմ երկնքին ինչպես առաջ

աչքերս թեթեւակի կկոցելով

ամպը թանաք է ամբողջությամբ

թաթախում եմ գրիչս ու գրում

– ես տեսնում եմ բոլորիդ

իսկ դո՞ւք

չե՞ք տեսնում

մարմինս արդեն չկա

մարդ չե՞ք դուք

օգնեք

մի բան արեք


հ.գ. Աստված Դու` որ բառ ես

ինձնից էլ լավ գիտես հավանաբար

հավասար հաճույքն ու տառապանքը

բերանից բերան փոխանցվելու


bottom of page