top of page

ԱՍՏԾՈ ԱՆԱՏՈՄԻԱՆ՝ ԲԱՌ

(Եվայի օրագրից)


Ես եմ

պարտեզն

ու Ադամը

ուրիշ բան չկա շրջակայքում

(եկեք սա պայմանական կոչենք դրախտ)

ձանձրույթից կծում եմ բառը անուշահամ

և այն անվանում խնձոր

(ելնելով խրթխրթոցի ձայնից՝ ատամիս տակ)

որտե՞ղ է Ադամը` մտածում եմ

նա ևս պիտի համտեսի սա

ահա և Ադամը

պառկած թզենու տակ

առանց հիշողության ինչպես մանուկ

ես զատում եմ բառը կանաչ խոտից

զգուշորեն

ինչպես խատուտիկը

(որն ավելի շատ օդ է քան նյութ)

ու փու՛հ փչում այն

Ադամի դեմքին խաղաղ քնած

հետևելով նրա արթնացումին

անմտության թմբիրից

դան-դա-ղո-րեն

(ափսոս սա չի տեսնում ուրիշ ոչ ոք)

հաջորդ օրը – կրկին նույն վայրն է

միևնույն կանաչը

նույն բույրը

միայն խրթխրթոցն է ավելացել –

Աստված

բառ առ բառ թառել է

կենաց ծառի ճյուղերին ինչպես թռչուն

ուզում եմ կիսել հիացումս

կչկչալ

գրկել

ասել տեսա՞ր

իսկ Ադամը չկա

չը-կա

կգտնեմ-չեմ գտնի կասկածի մեջ

ես ցնցում եմ ծառը հավերժական

և արտաքսում բոլոր թռչուններին

միանգամից

հ․գ․ այսպես պատահեց դեպքը

ճշմարիտ ճշմարիտ եմ ասում ձեզ

բարկացողը ես էի

այլ ոչ Աստված

իսկ օձ

ընդհա՛նրապես չի եղել

այն հետո՛ է սողոսկել

այս պատմության մեջ


bottom of page