top of page

ԱՆԹԱՓԱՆՑ ԹՌՉՈՒՆ

Փրկեա Տեր թուղթն իմ

չկայացած երգի փորձությունից

ու թույլ մի տուր

որ այն սահի անվերջ

սաղարթների միջով ու կտրատվի

կտուցների վրա հիմար թռչունների

ես գնում եմ

իսկ դուք այսուհետեւ

լսեք թռչնիս երգը կյանքիս մասին

որ կլինի վավերական հիմնականում

չնչին զեղումներով

այստեղ-այնտեղ

դարձնելու այն առավել հետաքրքիր

ես` բոդլերյան հոգիս անուղղելի

որ սիրում է թափառել ամենուրեք

չլինելով երբեք կոնկրետ մի տեղ

որտեղ էլ որ լինեմ

միեւնույն է

չեմ զգալու ինձ տանը ամբողջովին

քանզի հայ եմ ու բանաստեղծ

կրկնակի գաղթական հավերժորեն

մի ոտքս երկրի վրա մյուսը օդում

քամին ինձ թռցնում է ուզածի պես

կյանքս շարժվող կրկես

անիվների վրա

մի օր այստեղ եմ

մի օր այնտեղ

ես մահվան մասին հիշում եմ սոսկ

երբ մի անթափանց գաղթող թռչուն

փակում է ամպեղեն տեսադաշտն իմ

մի համառոտ պահ

հավերժի մեջ


bottom of page