top of page

ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ

(երեւանյան աղբատարի հիշողությամբ)


Այդ օրը

երբ կբացվի ամպը

հսկա մի զիգզագով

տիրոջ ականջի պես

պատրաստ լսելու

բոլորի մեղքերը մանր ու մեծ

մի կին բերանը ջուր առած կլռի

եւ դա կլինի իմ մայրը

այդ օրը

երբ զրնգա զանգը Ահեղ դատաստանի

ծովեր կտրած մի կին

հոգնած ծնկի կգա բոլորի պես

բայց սոսկ

նրա՛ ներբանները կլինեն թաց

եւ դա կլինի իմ մայրը

այդ օրը

երբ կհնչի զանգն այդ

վերջին անգամ

մի կին ներքեւ կիջնի արագ` գանգրիչներով

աղբատարի զանգի հիշողությամբ

դույլը ձեռքին – կրկին ուշացումով

ու կամաչի

եւ դա կլինի իմ մայրը

այդ օրը

երբ կկարմրի ամպը համատարած

եւ անհաշիվ ձեռքեր ահաբեկված

բաց կթողնեն երկինք միանգամից

մեղքերն իրենց

ինչպես յոթ բիլիոն վախեցած աղավնիներ

մի կին

ծաղրածուի նման

կձգի երկու ձեռքով

դեմքն իր ռետինի պես

ծածկելով տիեզերքը

իր ժպիտով

եւ դա կլինի իմ մայրը


bottom of page