top of page

Հրաշալի է չէ՞, որ շրջանակի մեջ առնված ժամանակը ի վերջո այն արվեստի գործի է վերածում: Ա. Էյնշտեյն Բաց նամակ ՀՀ հարգարժան Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Գրողական արժանապատվության համար չկա ավելի մեծ ցավ, քան խոսքի վատնվածության զգացումը, եւ հավանաբար չփորձեի հայ կնոջ իրականության եւ ողբերգության մասին Ձեզ հետ բարձրաձայն մտածել եւ նրանց համար Ձեր ներումը հայցել, եթե տարիների ընթացքում ի պաշտոնե կամ պետականորեն արժեվորած չլինեիք իմ տողն ու գրական գործունեությունը («Ոսկե մեդալ», «Մովսես Խորենացի», «Մայրենի լեզվի դեսպան»...): Բայց ոչ` կփորձեի, որովհետեւ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացած հանդիպումից արդեն երկու եւ ավելի ամիս անց ինձ դեռ հետապնդում են մետաղե սառը շրջանակների միջեւ կյանքի, մայրության ու երջանկության իրենց երկրորդ շանսին սպասող կանանց հայացքներն ու ակամա որբության մատնված նրանց զավակների անմեղ ստվերները, որոնցից թեկուզ մեկի մղձավանջը ընդհատելու պահանջը այս պահին իմ մեջ ավելի հրատապ է ու ավելի կարեւոր, քան գրողական արժանապատվությունը:


Մեր հանդիպման առիթը Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված «Լիբրետո անապատի համար» գիրքս էր (հայրենիքում այն առաջին անգամ էր ներկայացվում ընթերցողին, իսկ ԱՄՆ-ում այն պետականորեն ներկայացվել էր ավելի վաղ, մայիս ամսին, Նյու Յորքի համաշխարհային Book Expo 2015-ի շրջանակներում): Գրքի լեյտմոտիվը յաթաղանով ընդհատված կանացի երջանկությունն է` իր ժամանակի զոհը դարձած կնոջ ողբերգությունը: Լսարանի այսպիսի ընտրության պատճառը ոչ թե գաղութի կանանց անմեղ զոհերի հետ նույնացնելն էր (թեպետ բացառված չեն նաեւ այսպիսի դեպքերը), այլ այն գիտակցությունը միայն, որ անկախ հանգամանքներից նրա՛նք են այսօրվա զրկանքի ու նվաստացման ճանապարհի ուղեւորները, մեր ժամանակի «ոգով աղքատները», (սխալ է «հոգով աղքատները»), ովքեր ճակատագրի բերումով առավել ունակ են հասկանալու ընդհատված կանացի երջանկության ցավը, իսկ անհուսության բերումով նաեւ առավել պատրաստ խոսքի զորությանը ապավինելու: Ու չէի սխալվում: Այդ առումով առավել կատարյալ լսարան չէի ունեցել: Նրանց լսելու ձեւն ու նրանց լսելի դառնալու ցանկությունը: Նրանց հասկանալի

կասկածամտությունն ու կրկին վստահելու պահանջը: Նրանց աչքերի մեջ խաղարկվող հույսն ու անհուսությունը: Արգելված պտղի քաղցրությունն ու դրա հետեւանքների դառնությունը ճաշակած նրանց շրթունքների կիսաբացը. այս ամենը ինձ դեռ երկար է մտածել տալու մեղավոր ու ապաշխարած կնոջ առեղծվածային հմայքի, հայ կնոջ ֆենոմենի մասին: Այն մասին նաեւ, որ մեկ այլ ու առավել բարենպաստ ժամանակի մեջ այս կանանցից յուրաքանչյուրը մի գերդաստանի տիրուհի կարող էր լինել. որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է ընթացել:

«Անհավասարակշիռ ժամանակները անհավասարակշիռ ու խարխուլ են դարձնում նաեւ մարդուն»,- գրում է Ալբերտ Էյնշտեյնը, եւ գուցե մեծ հանճա՛ր էլ չի պահանջվում ընդունելու, որ մարդը իր ժամանակի ու իրականության հայելին է, դրա զավակը: Ամեն ժամանակ իր զոհերն ունի, եւ ակամայից սկսում ես մտածել այս կանանց վիճակված ժամանակի, պատերազմի ու նրա արհավիրքների շարունակականության մասին, որովհետեւ այդ կանանցից յուրաքանչյուրը մի նոր ավերված տուն է` աչքերի կոտրված պատուհաններով ու այնտեղից բարձրացող թանձր ու աներազ ծխով: Ասածս բանաստեղծական երեւակայությանս չվերագրեք, աղաչում եմ, որովհետեւ ավելի քան իրական էր զգացողությունս, եւ հենց այս պահին էլ վերհուշից ծակծկվում են աչքերս: Կարծում եմ, որ մետաֆորի կարիքը չկա, որպեսզի հավատանք, որ նրանք զոհերն են պատերազմի, աղքատության, կապիտալի նոր համակարգի եւ խեղաթյուրված բարոյական արժեքների: Այն նոր ժամանակի, որի պատմական անշրջանցելիությանը ու ժամանակավորությանը հավատալու համար մենք այն «անցումային ժամանակ» ենք կոչել: Այսպես ենք անվանել, որպեսզի հոգեբանորեն անարժանապատիվ չզգանք այն բնակեցնելու համար, որպեսզի մեղավորներ չփնտրենք, այլ ներողամիտ ու համբերատար լինենք, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու: Մինչդեռ պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ բռնության լեզուն եւ բիրտ ուժի անփոխարինելիության լեգենդը տեղափոխվել է խաղաղության հրապարակ ու շրջվել ազնվական հոգու եւ ինտելեկտի նուրբ ուժի դեմ`անդարձելիորեն պարտության տանելով այն ամենը, ինչը թանկ է մարդու ու ազգի էության համար՝ հանուն ինչի մարտնչեցին ու ընկան լուսավոր ու պայծառ այն կամավորները, որոնցից յուրաքանչյուրի ճակատը ակադեմիական թագի էր արժանի: Հիշենք, որ շարժման գաղափարը ի սկզբանե լեզվի կրողների ինտելեկտուալ ու հոգեւոր ա՛յս շրջանակներում էր ծնվել, ու հենց նրանք էլ դարձան պատերազմի առաջին կամավորները, հետեւաբար եւ մարդկային այս տեսակի պահպանությունը նախ եւ առաջ ազգային անվտանգության խնդիր է:

Պատմական փաստ է, որ «բիրտ ուժի» իներցիան խաղաղ ժամանակներում հաղթանակած տերություններին տանում է բարոյազրկման եւ ի վերջո` կայսրությունների փլուզման: Օրինաչափություն, որն ավելի քան տեսանելի է մեր օրերում, որտեղ գնալով ավելի է խրախուսվում հարցերի ուժային լուծումը, դաժանությունը, հաշվեհարդարը, քամահրանքը գիտելիքի

ու լեզվի նկատմամբ: Մինչդեռ խաղաղ պայմաններում բռնի ուժը իր տեղը պետք է զիջեր նուրբ ուժին, քանի որ պատերազմն ու խաղաղությունը հակառակ իրականություններ են: Պատերազմը հաղթում են, խաղաղությունը՝ ոչ: Պատերազմը սոսկ գործողություն չէ, այն մտածողություն է նաեւ, որը խաղաղ պայմաններում կարող է ավերել իր իսկ ձեռքբերումները- այն՝ ինչ տեսնում ենք: Ազնվականի ուղեղում ծնված դեմոկրատիան հեշտությամբ համատեղելի է բարիքները հավասարապես բաշխելու, մտքով ու մարմնով առավել թույլին հավասար իրավունքներ տալու գաղափարի հետ, մինչդեռ մեր օրերի դեմոկրատիան հիմնված է մեկ այլ հավասարության վրա. այն՝ որ ինտելեկտուալ հոգին ավելի լավը չէ, քան ինքը` բռին, ռաբիզը, անբանն ու տգետը: Դո՛ւք, որ բանասեր եք, լավ գիտեք նուրբ ուժի հրաշքն ու հմայքը:

«Ազատ խոսքի» ու դեմոկրատիայի անվան տակ չխմբագրված ու հոգեբանորեն սխալ «սերիալային» տեքստերով, վայրագության պատկերներով, երջանկությունը նյութի ու ուժի հետ նույնացնող ասոցիացիաներով, ծռմռված հայերենով եւ ծռմռված բերաններով (պարզ չէ, թե որն է որի հետեւանքը) երկխոսությունները «սերիալ» մարդասպանների նման ճանապարհին ջնջում-ոչնչացնում են մարդու մեջ գտնվող վեհն ու գեղեցիկը՝ հընթացս նրա աչքն ու ականջը ընտելացնելով անճաշակության, անօրինության, դաժանության, արյան ու բռնության («կցխեմ», «կմորթեմ», «գանգդ ցրիվ կտամ», «իմ դեմ խաղ չկա» եւ այլն), շփոթեցնում տգեղը մերժելու մարդկային բնազդը եւ այդպիսով առօրեականացնում չարը: Արդյունքում այն է, ինչ ունենք` այսպիսի «արժեքներ» գովազդող հասարակություն եւ դրա զոհն ու հայելին՝ այս կանայք: Քանզի աչքն ու ականջը սոսկ լույսն ու ձայնը անդրադարձնող մակերեսներ չեն, այլ ճանաչողության վերլուծական ապարատներ, որոնց մեկնաբանության հիմքում ընկած են միեւնույն համոզմունքները, ավանդությունները, կանխակալություններն ու գովազդային միեւնույն ազդեցությունները:

Աշխարհում ամեն օր գովազդի վրա միլիարդավոր դոլարներ են ծախսվում`մի պարզ պատճառով. որովհետեւ այն աշխատում է: Այն ազդում է մարդու ենթագիտակցության վրա` ստեղծելով նոր ու շահավետ ասոցիացիաներ: Այդ առումով ինչպիսի՞ն է եղել հետպատերազմյան ժամանակի բարոյական պատգամը: Ի՞նչ հոգեւոր երկրաշարժի միջով է անցել այս կանանց միտքը, երբ հանդիպել է մի գիշերվա մեջ հանցագործների պես փողոց շպրտված գրքերի կույտերին, ասես դրանք`այդ գրքերն են եղել ամբողջ ողբերգության պատճառը. այդ պատերազմի, այդ մթի, այդ ցրտի ու այդ աղքատության: Ի՞նչ է արձանագրել նրանց հայացքը` գրքերի դժոխքում այրվող հանճարների գլուխգործոցները տեսնելիս: Ի՞նչ ենթադրություն են արել նրանք: Հարցնենք այս կանանց ու նրանց, ովքեր չկարողացան հանդուրժել այդ նոր ժամանակի նոր «արժեքներն» ու նոր օրերի «տաս հակապատվիրանները» եւ լռելյայն հեռացան: Ու եթե հանցավոր, «անցումային ժամանակին» ներվում է այս ամենը, որովհետեւ այն բնականոն ենք

համարում ու հավատում դրա անցողիկությանն ու հոգեւոր ժամանակների վերադարձին (եւ տա Աստված), ապա ինչո՞ւ չհավատալ նաեւ այդ ժամանակի զավակների՛ հոգեւոր վերադարձին: Նրանց «հանցավոր ժամանակի» բնականոնությանն ու ավարտին: Ինչո՞ւ չընդհատել նրանց «անցումային, հանցավոր ժամանակը»: Ինչո՞ւ չհավատալ, որ չարի երբեմն անկառավարելի իմպուլսից բացի նրանք կրողն են նաեւ բարու ու գեղեցիկի, աստվածատուր տրանսֆորմացիայի եւ հոգեւոր հարության պոտենցիալի՝ հանցագործից մինչեւ հավատավոր... մինչեւ առաքյալ… մինչեւ սուրբ…(համաշխարհային գրականությունը լի է այսպիսի եղելություններով): Մարդուն իր հանցանքի հետ ցմահ նույնացնելը, դատապարտված եւ իր պատիժը կրած մարդուն այլեւս հասարակության մեջ լիովին չընդունելը մեր կոլեկտիվ մոլորություններից մեկն է: Այն կարելի է համարել մարդուն մեքենայի հետ նույնացնելու, նրա մեջ աստվածային պոտենցիալը չտեսնելուն հավասարազոր մեղք: Այստեղ եւս հստակ չէ հասարակության կեցվածքը: Այնպես չէ, որ մենք անհանդուրժող ենք հանդեպ հանցագործությունը ընդհա՛նրապես եւ կամ չենք ճանաչում այն կնքահայրերին, որոնց ձեռքերով օծվեց ծնունդը այս նոր ժամանակի: Նրանց հետ կարծես խնդիր չունենք մենք: Բռնվա՞ծ է, թե ոչ: Սա է հարցը: «Բռնվածությունն է», որ մենք չենք կարողանում ընդունել: Պատժված լինելն է, որ չենք կարողանում ներել: Մենք՝ «առաջին քրիստոնյաներս» ու հիմնականում «բռնված չէ, գող չէ» կարգախոսով ուղղորդվող երեսպաշտներս: Այս առումով մենք նույնպես կոլեկտիվ ռեաբիլիտացիայի կարիք ունենք: Բոլոր դեպքերում մարդուն իր հանցանքի հետ նույնացնելը ճիշտ չէ: «Որքա~ն վատ գործեր են արվել լավ մարդկանց ձեռքերով եւ որքան լավ գործեր` վատ մարդկանց ձեռքերով», - ասվում է Ավետարանում, ու մենք ամեն օր տեսնում ենք սա: Ի դեպ, ներողամտությունը ոչ թե նախկին հանցագործին է պետք, այլ նաեւ մեզ, որովհետեւ «ինձ այլեւս երբեք չի ընդունելու հասարակությունը» գիտակցությամբ ազատ արձակվածը «կորցնելու այլեւս ոչինչ չունեցողի» վտանգավոր հոգեվիճակով է հանդիպելու մեզ: Մեզանում համեմատաբար բարձր ռեցիդիվիզմի վիճակագրության մեջ այս հանգամանքը եւս մեծ դեր է կատարում: Խոսքը օրենքի կամայական մեկնաբանությամբ հանցանքը մեղմացնելը չէ եւ ոչ էլ անպատիժ թողնելը: Խոսքը մարդու մեջ չարը պատժելիս հարակից բարին ու աստվածայինը չվնասելու մասին է, մարդուն իր վերափոխման հույսից չզրկելը- որպեսզի իմաստ ունենա ռեաբիլիտացիան, որպեսզի մարդուն տրվի արժանապատիվ գոյության երկրորդ շանս:

Պատճառների մասին, թե ինչն է մարդուն մղում այս կամ այն գործողության`իմաստության ծառի վրա դեռ շատ պտուղներ կան, բայց մի բան հաստատ է. մարդը զոհն է իր բնական եւ ձեռքբերովի կրքերի. ի՞նչ է նա խենթի պես ցանկանում, ինչի՞ համար է պատրաստ զոհաբերելու իր ժամանակը, կյանքը, էներգիան: Քննարկումից դուրս է նաեւ, որ մարդը հասարակական էակ է, ում արարքների հիմքում ընկած է ընդունված, սիրված եւ երջանիկ լինելու ցանկությունը: Այստեղ շատ կարեւոր է, թե դրանց հասնելու ո՞ր

ճանապարհն է խրախուսվում կամ պատժվում այդ հասարակության կողմից: Ինչի՞ է տրամադրում տվյալ իրականության բարոյական, սոցիալական աուրան: Ովքե՞ր են տվյալ ժամանակի հերոսները: Հոգեւոր ու բարոյական ո՞ր make-up-ն է առավել նորաձեւ համարվում: Ի՞նչն է խրախուսվում կամ պատժվում: Ո՞րն է տվյալ ժամանակի երջանկության եւ հերոսականության սահմանումը: Ինչպիսի՞ն է տվյալ ժամանակի մորալ եւ էթիկական տենդենցը՝ Աստված: Սրանցով է ուղղորդվում մարդը եւ այն ենթագիտակցական ասոցիացիաներով, որոնք պատվաստվել են նրա մեջ: Գաղտնիք չէ, որ մարդու ողջ կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեւեռումների ու կրքերի խաղ, եւ որ սոսկ մահվան պահին է մարդը ազատ ու իրական: Անառողջ է այն հասարակությունը, որտեղ մարդուն զսպող հանգամանքը զուտ պատժվելու վախն է ու հետմահու կյանքի հույսը: Մարդ արարածի էթիկական եւ բարոյական վարքագիծը պետք է հիմնված լինի կարեկցանքի, կրթության եւ հասարակական հարաբերության վրա:

Մարդկային ամեն գործողություն ունի իր չգիտակցված, առեղծվածային կողմը, որը թվում է, թե առօրյա կյանքում մեծ դեր չի կատարում, բայց հենց այստեղ են գտնվում նրա գիտակցված մտքերի ու գործողությունների արմատները. «… չգիտեմ, թե ինչ եղավ ինձ հետ», «կարծես ես չէի… գիտեի, որ չպետք է անեմ, բայց եղավ…», «…չար սհաթ էր… », «չգիտեմ՝ ինչպես եղավ… դա ես չէի…»` այսպիսին էին գաղութի կանանց հիշողություններն իրենց կատարած հանցանքների մասին: Թերեւս այս կանայք երբեւէ չանդրադառնան իրենց գործողության եւ գովազդվող չափանիշների ենթագիտակցական կապին: Սխալ է ասել, որ հայ կինը սոսկ պատերազմի եւ աղքատության պատճառով է որդեգրել այս կերպարը, քանի որ պատերազմի եւ աղքատության ամենաթեժ օրերին հայրենիքում հանցագործության դեպքերի հարաբերական անկում է արձանագրվել եւ հոգեւոր աուրա` կարեկցանքի եւ հանդուրժողականության, միասնության ու զոհաբերումի բազմաթիվ պատումներով: Մինչեւ իսկ այն պատմական փաստը, որ Եղեռնի առավել դժնդակ իրականության մեջ լեզվի եւ էության կապի աստվածատուր կոդը գիտակցող հայ կինը մշակութային ու հոգեւոր գանձերի փրկությունը գերադասել է սեփական անձի եւ իր մանկան ֆիզիկական փրկությունից` գալիս է ոչ թե նսեմացնելու մերօրյա հայ կնոջ հոգեւոր պոտենցիալը, այլ վկայելու այն շփոթեցնող մեխանիզմի առկայության մասին:

Այս կանանցից յուրաքանչյուրը առանձին ու եզակի պատմություն է, որ ժամ առ ժամ ծավալվում է նրանց միջով, նրանց միջոցով ու նրանց մեջ, եւ ոչ ոք չգիտի, թե զրկանքի, տառապանքի, նվաստացման ու ներհայեցումի այս ազատազուրկ ժամանակի շրջանակը ի՞նչ արվեստի գործ է շրջանակելու իր մեջ, ի՞նչ տրանսֆորմացիաների է տանելու նրանց մեղանչած հոգիները: Իսկ դա հնարավոր է: Չհավատալ, որ ծայրահեղ վիճակներում մարդն ի զորու է ինքնամաքրման ու վերափոխման եւ որ մարդը ոչ թե «վերջնական պրոդուկտ»

է, այլ ընթացքի մեջ գտնվող «պրոյեկտ»` նշանակում է չհավատալ հոգու վեհացման գործընթացին, նշանակում է զրոյացնել կյանքի իմաստը:

Այն, ինչ կարելի է չափել, կարելի է նաեւ փոխել, իսկ վիճակագրությունը ասում է, որ մեր երկրում մեծացել է հանցագործությունը (հատկապես կանանց շրջանում) պատերազմից եւ համակարգի փոփոխությունից հետո: Ես կրթությամբ բժիշկ եմ ու հոգեբան եւ չեմ տիրապետում իրավագիտությանն ու օրինապահ համակարգի աշխատանքին, բայց օրենքը նաեւ տրամաբանություն է, ու աշխարհում ամենուրեք բանտարկությունը երկու նպատակ է հետապնդում` պատիժ եւ ռեաբիլիտացիա: Ռեաբիլիտացիայի արդյունավետության չափանիշը ռեցիդիվիզմի տոկոսն է, որը եւս մեր երկրում խոսում է մեթոդի անարդյունավետության մասին: Կատարյալ հասարակարգում պատժամիջոցի արդյունավետության ցուցանիշը այդ տարիների տառապանքի չափի եւ դրա բերած կատարսիսի համաչափության մեջ է. որպեսզի վատնված չլինեն մարդկային կյանքի թանկ ժամանակն ու պետության թանկ միջոցները: Հանցագործին ճիշտ պահին ազատազրկելու չափ կարեւոր է նրան ճիշտ պահին ազատ արձակելը, երբ պատժող համակարգը դեռեւս չի հասցրել ոչնչացնել մարդու մեջ գտնվող աստվածայինը. նրա խիղճը, պատասխանատվության զգացումը, մայրական բնազդը, երազելու, սիրելու, վստահելու, ներելու, ամոթի ու երախտագիտության, զոհողության ու երջանկության կարողությունը: «…Երազս սեպտեմբերի 1-ին երեխայիս ձեռքը բռնած, նրան առաջին անգամ դպրոց ուղեկցելն է… », «…հիվանդ ծնողիս պետք է խնամեմ… վիրահատության հարց կա...», «տղաս ինձ երբեք չի ների… կների՞…»: «…Ինձ այստեղ Ձեր բանաստեղծություններն են ուժ տվել»,- ասաց ինձ մի հանցավոր գեղեցկուհի` ցույց տալով ամսագրից պոկած մի խունացած էջ: Թվում է, թե այս կանայք հրաշքով դեռ պահպանել են իրենց մեջ ապրող մորը, հարազատին, երազողին ու բացառված չէ, որ նրանց հանցանքների հիմքում կամովի ստանձնած փրկարարի ու պատասխանատվության հիվանդագին չափն է, ժամանակի հրամայականով «սեղանին հաց հասցնողի» ավանդաբար տղամարդուն վերապահված դերի որդեգրումը` զոհված, անդամալույծ, գործազուրկ կամ, պարզապես, ծույլ ու անբան ամուսնու պատճառով: Խաթարված ժամանակների ու գենետիկ պարտականությունների շփոթի մեջ հայտնված այսպիսի կանայք (եւս մեկ մեղմացուցիչ հանգամանք) միայն հայրենիքում չեն: Նրանց ես հանդիպում եմ ամեն օր օվկիանոսի ա՛յս ափին: Նրանք շատ են: Արդեն քսան տարի է, ինչ ես ու ամուսինս` բժիշկ Նուբար Ջանոյանը, տնօրինում ենք «Ամեն ինչ առողջության համար. առողջություն բոլորին» բարեգործական մի հաստատություն, որի յոթ գործող մասնաճյուղերում ամեն օր շուրջ 700 այցելուների ենք սպասարկում: Դրանցից 500-ը հայ կանայք են` թող լինի՝ 400-ը (սա բացառիկ վիճակագրություն է): Նրանցից շատերը երկրում անօրինական են, հեռվում են թողել ընտանիքն ու զավակներին եւ այստեղ են «խոպանչի տղամարդու առաքելությամբ»: Նրանք

իրենց ժամանակի կամավոր կալանավորներն են, որոնց ազատության սահմանները չեն գերազանցում իրենց «տիրոջ» բնակ-տարածքը, (իսկ «տիրոջ» քմծիծաղի ցինիկությունը գուցե ավելին է, քան բանտի վերահսկիչի մոտ), որի շրջանակներում նա խնամում ու դաստիարակում է մեկ ուրիշի երեխային կամ ծերին, իսկ լավագույն դեպքում հետապնդում ուրիշի տան փոշեհատիկները: Քիչ չեն այս անծանոթ ափերում նրանց փորձության, մոլորության եւ նաեւ հանցագործության տանող հանգամանքները, վատ վճիռ ու սխալ ընտրություն անելու գայթակղությունը: Կինը` հավերժական գայթակղողը, հայտնվել է գայթակղվողի` տղամարդու դերում, եւ խաթարված այս աստվածային կոդի դեպքում ո՞վ է պատասխանատու նրա մեղավոր եւ սխալ վճիռների համար: Այս պահերին ես հակված եմ մեղադրել հենց իրեն` Տիրոջը, անկատար մարդուն ազատ ընտրության իրավունք վերապահելու համար: Ավելի ճիշտ չէ՞ր լինի մարդուն ոչ թե ազատ, այլ բարի՛ ընտրության իրավունք տալը, ու սա մի այնպիսի թերացում է Աստծո կողմից, որից նրան միայն «չլինելը» կփրկի: Ու կրկին պատասխանատվությունը մնում է նրա վրա, ով միաժամանակ բարի կամքն ու իրավասությունը ունի այս կանանց ու նրանց որբության մատնված զավակներին փրկության ձեռք մեկնելու: Նրա, ով խորապես ճանաչում է անցումային կոչվող այս ժամանակը` իր վտանգավոր բնականոնությամբ եւ դրանով անցնող կնոջը` իր յուրահատուկ փորձություններով: Նրա, ով գիտի, որ մեծ ազատությունը մեծ բարոյականություն է պահանջում, եւ որ անցումային տարիները ամենուրեք եւ պատմականորեն երբեւէ չեն նպաստել մարդու հոգեւոր եւ բարոյական զորացմանը: Նրա, ով այս կանանց աչքերում դեռեւս տեսնում է մայրության եւ զոհաբերության պատրաստ հայ կնոջը, սեփական մորը, աղջկան, քրոջը: Ձե՛զ:

Շուտով լրանում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը:

Այսօր նաեւ իմ ծննդյան օրն է, ու ես ավելի կարեւոր ոչինչ չունեմ անելու, քան այս նամակը:

Հայաստանի անկախ հանրապետության Նախագահի համաներման Ձեր իրավունքով խնդրում եմ «անցումային ժամանակը» որպես մեղմացուցիչ հանգամանք նկատելով եւ այս կանանց քրեական գործերը աչալուրջ ու անշահախնդիր ձեւով վերանայելուց հետո նրանցից առավել արժանիներին շնորհել նախագահական ներում եւ կամ նրանց տալ սահմանափակ ազատության մեջ վերահսկելի ռեաբիլիտացիայի հնարավորություն, որպեսզի նրանց զավակները եւս ունենան մայրական սիրո, երջանիկ մանկության եւ օրինապահ քաղաքացի դառնալու հնարավորություն: Վստահ եմ, որ Ձեր բարի կամքի արդյունքում երախտագիտությամբ լցված այս ապաշխարած կանայք իրենց շնորհված ազատությունը կօգտագործեն որպես կյանքի վերարժեւորման եւ փոխհատուցման տարիներ: Զոհաբերության դեռեւս ընդունակ այս կանայք միայն արժանի խորանի կարիքը ունեն, իսկ սիրո, հերոսականության, անձնազոհության նրանց մեջ տրոփող կրքերը ճիշտ նպատակաուղղելու դեպքում կենսաէներգիայի այս չափը հրաշքներ կարող է

գործել: Ես անձամբ պատրաստ եմ իմ մասնագիտական եւ անձնական հնարավորություններով մասնակցել նրանց ինտեգրման հոգեբանական եւ սոցիալական գործընթացին:

Շուտով մարտի 8-ն է: Ես արդեն տեսնում եմ իր կարոտած մորը ծաղիկ նվիրող այն տղային: Տեսնում եմ սեպտեմբերի մեկին իր երեխայի ձեռքը բռնած` նրան առաջին անգամ դպրոց ուղեկցող այն կնոջը

եւ... նախապես շնորհակալ եմ:


ՍՈՆԱ ՎԱՆ

8 Փետրվար 2016

Լոս Անջելես


Հ.Գ. Տարօրինակ է մարդու վիճակը այս երկրի վրա: Մեզանից յուրաքանչյուրը գալիս է կարճատեւ այցելության կամ թեկուզ վեհ առաքելության համար: Ոչ ոք չգիտի: Միայն մի բան կա, որ հաստատ գիտենք.

bottom of page