Ամեն անգամ, երբ երևակայությանս լարումով խառնվում եմ Դեր Զորով քայլող մահվան քարավանին, երբ զգայարաններիս հմտությամբ ինձ հաջողվում է կրծքիս վրա զգալ հաշմված պտուկների պատճառով սովամահ նվացող մանկան հետզհետե անշարժացող մարմնի սառնությունը կամ էմոցիոնալ հիշողությանս հաշվին կարողանում եմ հևալ յաթաղանից փախչող կույսի շնչառության ռիթմով՝ զայրույթով լիցքավորված ինքնագոհ
գրիչս օձապարույր շարժվում է ավազի դեղին հիշողության միջով, մինչև բախվում է առաջին ոսկորին և կանգ առնում: Այդ պահին իմ մեջ բարձրաձայն կափկափոցով ծիծաղում է մի կմախք` ինձ հեգնելով համարձակությանս համար և այն հավակնոտությանս, որ իբր, օ,՜ տես, ես արդեն իսկապես ճանաչում եմ մարդկային անասելի նվաստացման այս գազանային ձևն ու անպատմելի տառապանքի այս դիվային չափը և այն էլ` այնքան լավ, որ կարող եմ ինձ թույլ տալ կոնկրետ ձևի ու տողի վերածել: Ու քանի որ այս թեմային ոչ ականատես զոհի մատներով դիպչելն իսկ իրավունքի խնդիր եմ համարում, հանցանքի մեջ բռնվածի պես անմիջապես աղբարկղն եմ նետում խզբզոցս` այն նախապես մանր կտորների բաժանելուց հետո: Վստահ եմ, որ նույն ճակատագրին էր արժանանալու նաև Մեծ Եղեռնի հետ կապված ինքնակենսագրությանս ա՛յս փորձը, եթե պահանջատերը կրկին հավակնոտ երևակայությունս կամ շատախոս մուսաս լիներ, այլ` ոչ հարյուր տարի ավազով լցված ծնոտների լռությունը, այլ` ոչ ունկերիս մեջ օրեցօր ահագնացող իրական արյան գետի տխեղծ, սինթետիկ խշշոցը:
Ծնվել եմ Երևանում` ֆիզիկոս Անուշավան Տեր-Հովհաննիսյանի ընտանիքում: Հայրս ծնունդով Վանից է և 1915-ին ընդամենը 1-2 տարեկան էր, երբ ընտանիքի հետ հայտնվեց Հայաստանի Արևելյան հատվածում գտնվող Նոր Բայազետում (այսօր` Գավառ) հոր` վանեցի քահանա և Գերմանիայում դավանաբանություն ու փիլիսոփայություն ուսանած Հովհաննես Տեր-Հովհաննիսյանի, մոր` ադանացի հարուստ վաճառականի դուստր իրիցկին Մարիամի, եղբոր` 7-8 տարեկան Հրաչյայի և ավագ քրոջ` մոտ 18-ամյա Փեփրոնյայի հետ: Նրանց հետ էին նաև տան երեք սպասավորներից երկուսը. մեծը` Մեխակը, ով գնալու ուրիշ տեղ չունենալով և ընտանիքի հետ մտերիմ լինելու պատճառով միացել էր նրանց, ինչպես նաև Վահանը` առավել երիտասարդ սպասավորը, ում սիրահարվել էր Փեփրոնյա հորաքույրս և արդեն համարվում էր նրա փեսացուն: Մյուս սպասավորը` թրքուհի Բերֆին, մնացել էր պապիս տանը և խոստացել հոգ տանել ունեցվածքին` մինչև նրանց վերադարձը: Տեսնելով, որ անհնար է փոխել հորաքրոջս մտադրությունը (իր անհամապատասխան ընտրության հարցում), ուսումնասեր պապս ապագա փեսացուին` Վահանին, ուղարկում է Պոլիս բանկային գործ և հաշվապահություն սովորելու, և նա դեռ այնտեղ էր, երբ սկսում են քաղաքական խլրտումներն ու հետապնդումները, և սև ցուցակում հայտնված քահանա պապս երրորդ խուզարկությունից հետո տեղափոխվում է բանտ` «եկեղեցին որպես քաղաքական ժողովների հավաքատեղի օգտագործելու, զենք թաքցնելու և հավատացյալներին ըմբոստություն քարոզելու» մեղադրանքներով: Որպես մի քանի լեզուների տիրապետող մտավորական ու տարածաշրջանի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը, պապս բազմաթիվ օտարազգի բարեկամներ ու զրուցակիցներ ուներ, որոնց թվում` թուրք մոլլա Մուստաֆան, ով տարիներ շարունակ մտերմություն էր անում իր ընտանիքի հետ և պապիս ամենասիրելի զրուցակիցներից էր: Պապս իր գրառումներում Մուստաֆային անդրադառնում է որպես «պայծառ մտքի ու ազատ մտածողության տեր մարդու, ով չէր կորցրել իր դատողության անաչառությունը` ֆանատիկոսների մթնոլորտում և խիղճն ու խղճմտանքը` գազանների մեջ…»: Մոլլան սերված էր բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքից և մեծ կապեր ուներ օրենքի և ուժային համակարգում: Նրա որդին` Սայիդը, այդ օրերին ուսանում էր Գերմանիայի զինվորական ակադեմիայում: Մոլլան, քաղաքական ծրագրերին քաջատեղյակ լինելով, քահանա պապիս նախազգուշացրել էր երիտթուրքերի «փոքրամասնություններից ազատվելու» մտադրության մասին դեռ
տարիներ առաջ, բայց երկրում մթնոլորտը հանգիստ էր թվում, և հայերը եթերային տրամադրության մեջ էին, վստահ, որ թուրքական և գերմանական կառավարությունների հովանու տակ են գտնվում: Հասարակական և մշակութային նախաձեռնություններն ավելի հաճախակի էին դարձել, և սա կասկածն էր հարուցում նաև քահանա պապիս: Վարագույրի մյուս կողմից վատ հոտ առնող պապս փորձում էր նախազգուշացնել իր ժողովրդին, մարդկանց արթնացնել ու խորհուրդներ տալ, իսկ այդ լուրն արդեն հասել էր պատկան մարմիններին, և պապիս ներկայությունը դարձել էր անցանկալի: Այս մասին տեղյակ էր նաև մոլլան և պապիս համոզում էր «առաջին իսկ շոգենավով մեկնել Եվրոպա»: Այս միտքը պապիս վիրավորում է. «… ինչպե՞ս թե, ես ինչպե՞ս կարող եմ իմ ժողովրդին լքել ու կաշիս փրկելու համար հեռանալ… Ես ինչպե՞ս պիտի նայեմ նրանց երեսին, ապրեմ ինքս ինձ հետ …»: Պապս դեռ չէր ապաքինվել Փոքր ջարդի հիշողություններից, որի ընթացքում նրա քահանա հայրը սպանվել էր իր իսկ եկեղեցու դռանը: Այս ջարդին զոհ էին գնացել նաև նրա կնոջ` իրիցկին Մարիամ տատիս մայրն ու նրա երկվորյակ քույրերը: Մոլլան փորձում էր համոզել պապիս, որ ինքը չի կարող փոխել սկսածի ընթացքը և փոխարենը կկորցնի իր կյանքն ու կվտանգի ընտանիքը: Այդ ժամանակ արդեն, ինչպես նախազգուշացրել էր մոլլան, ազատ էին արձակել տասնյակ հազարավոր բանտարկյալների` բռնություն, թալան և սպանություն գործելու հրահանգով: Թուրք ելուզակը առաջին անգամ այցելելով պապիս` նրան գտնում է իր տան հսկայական այգու մի անկյունում, դիմակը դեմքին, զբաղված` իր մեղուներով: (Մեղվաբուծությունը քահանա պապիս մի շարք հետաքրքրություններից մեկն էր: Նա խորապես հավատում էր, որ իդեալական հասարակարգի նախատիպը գտնվում է փեթակի մեջ: Գերմանիայից նա իր հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխել երկու գիրք, որոնցից մեկը կոչվում էր «Մեղվաբուծության ձեռնարկ», իսկ մյուսը` «Թեոլոգիայի և բարոյականության ձեռնարկ», որը ֆիզիկոս հայրս թարգմանաբար անվանում էր «Մեղքի անատոմիայի ձեռնարկ»): Հանցագործը դեռ չէր հասցրել իր սև գործին անցնել, երբ բաց թողնված փեթակից դուրս պրծած մեղուները հարձակվում են խուժանի դեմքին, որը գոռգոռոցով թողնում ու փախչում է: «Աստված հազար ձև ունի մարդուն փրկելու, եթե դա է իր կամքը», ասել է կատակասեր պապս: Զինյալների հաջորդ այցելության ժամանակ պապս տնից բացակայել է: Գնացած է եղել մեռելատուն` աղոթելու և մխիթարելու: Տունը խուզարկելուց և ոչինչ չգտնելուց հետո զինյալներից առավել երիտասարդը նկատում է ամուսնության պատրաստվող հորաքրոջս հայելու նախշի կեռից կախված հարսնազգեստն ու քողը և սկսում ծաղրել նրա «սիրվելու ախորժակը, երբ աշխարհը արյան ախորժակի մեջ է»: «Ով ուզում է թող կռիվ անի, ով ուզում է թող սեր անի», - ինքնաբուխ և ինքն իր հետ խոսելու պես պատասխանում է հորաքույրս: Զինյալը քամահրանքով քաշում և ձեռքի մեջ ճմրթում է քողը` դու սա չես հագնելու և ոտքի տակ հայտնված կատվին քացով խփելով դուրս է գալիս` խոստանալով հաջորդ անգամ այսքան բարի չգտնվել, որից հետո դռան հետևում սպասող մյուս զինյալի հետ հեռանում է:
Երբ մեռելատնից վերադառնում են ծնողները և իմանում պատահածի մասին, պապս, խորապես գիտակցելով այցի լրջությունը, սիրելիների «ապահովության պղպջակը» չպայթեցնելու համար կրկին կատակի է տալիս պատահածը: «Մի ամբողջ կյանք կենդանի Աստծուն ապավինեցի, բայց երբ ժամը եկավ, ինձ անծանոթի մեռելը փրկեց», - ասում է ու ծիծաղում, իսկ երբ այս մասին իր ընկեր մոլլային է պատմում, նա կրկին հորդորում և շտապեցնում է պապիս` ժամ առաջ հավաքել ընտանիքն ու հեռանալ. «Ես և դու շատ լավ գիտենք, որ սա գաղափարի ժամանակ չէ, այլ` գլուխ փրկելու, և հարկավոր չէ հույս դնել երրորդ անգամ էլ փրկվելու վրա: Այն, ինչը պատահեց, սկիզբն է միայն, վատթարը դեռ առջևում է, հավատա ինձ: Չկարծես, թե ինձ համար հեշտ է ընկեր կորցնելը. ես շատ լավ եմ հասկանում իմ կորստյան չափը», - արտասուքն աչքերին խոստովանում է մոլլան: Իսկ սիրո թուրմերով արբեցած հորաքրոջս այս ամենը միայն վայրկենապես է վրդովում, որից հետո նա նորից է հայտնվում սպասումի ու երազի երևակայական տարածքում, դասավորում ու վերադասավորում մորից իրեն անցած թանկարժեք փայտից պատրաստված օժիտի
պահարանը` օվալաձև, նախշազարդ թագով (այս պահարանը ևս մի շարք այլ թանկարժեք իրերի, գորգերի և գրքերի հետ պապս մոլլայի օգնությամբ կարողանում է տեղափոխել արևելյան ափ, որոնց մի մասը մինչ օրս պահպանվում է քաղաքի թանգարանում` «Վանի տոհմական տան» ցուցանմուշների շարքում): «Քիչ մնաց` շուտով խոստացածի պես բարեկամ մոլլան Պոլսից տուն կվերադարձնի Վահանին, և այլևս ոչինչ չի խանգարի իր երջանկությանը: Կնոջ միակ օրինական պարտականությունը երջանիկ լինելն է», - սա էր հորաքրոջս հավատամքը, սակայն իրեն բաժին սիրո, գեղեցկության ու երջանկության ժամանակը լոտոյի ճշգրտությամբ համընկել էր աշխարհի տերերի արյան ախորժակի հետ: Նա սրտի տրոփով սպասում էր իր սիրեցյալին, ով հենց այդ պահին էլ կարող էր ներս մտնել: Մոտեցող ամեն մի ոտնաձայնի հետ նա վեր էր թռչում ու պատրաստվում երազային հանդիպմանը: Այսպես մտածելով հորաքույրս վերցնում, փակ պահարանի մեջ է տեղափոխում հասրսնազգեստը. «Ասում են, լավ նշան չէ, երբ փեսան այն նախապես է տեսնում, իսկ քողը կարող է մնալ հայելուց կախված: Այդպես գեղեցիկ է նայվում և, բացի այդ, Վահանն այն վաղուց է տեսել` մորից ժառանգած այդ քողը: Ահա կլսվի ոտնաձայնը, և թաքուն ներս կսահի Վահանը` ծաղիկը ձեռքին»:
Փոխարենը հաջորդում է կոշիկի հարվածով բացվող դռան ձայնը: Նախ` զենքն առաջ մի զինյալն է ներս մտնում, ապա` մյուսը: Մեղադրանքը նույնն էր` տանն ու եկեղեցում զենք ու զինամթերք պահելը: Կիրակի կեսօր էր, ծնողները տանը չէին, և իր դանդաղկոտությամբ հայտնի հորաքույրս դեռ նոր էր պատրաստվում դիմավորել օրը: Զինյալներից մեկը դուրս է գալիս պայտաձև հսկա տան մյուս հատվածներն ու շրջակայքը հետախուզելու, մինչդեռ առավել երիտասարդը, որին հորաքույրս անմիջապես հիշում է նախորդ այցելությունից, մնում է հորաքրոջս սենյակում: «Իսկ հարսնազգե՞ստդ ուր է, քողին նայելով քամահրանքով հարցնում է զինվորը, չլինի՞ սիրածիդ գլուխը թռցրել են արդեն»: «Փեսացուս քաղաքում չէ, իսկ հագուստս պահարանի մեջ է, - աշակերտի պես պատասխանում է հորաքույրս, ներքուստ զարմանալով, թե այն ի՞նչ կապ ունի իրենց փնտրած զենք ու զինամթերքի հետ»: Հանցագործը բացում է պահարանը և հարսնազգեստը զենքի ծայրին հանած մոտենում հորաքրոջս: «Հագի’ր»: Շփոթված հորաքույրս իրավիճակը և մահվան կոնցեպտը լրիվ չհասկացող երեխայի պես հարցնում է. «ինձ սպանելո՞ւ ես»: Խուժանը հայհոյախոս ծաղրում է հորաքրոջս. «Սուլթանը ինձ չի ների. դու հարեմի լավ ապրանք ես, - ասում է խուժանը հորաքրոջս` պատին ավելի սեղմելով: Հագիր, քեզ ասում են»: Չար երազից հետզհետե արթնացող հորաքույրս նախ փորձում է ազատվել խուժանի ճանկերից, ապա խորամանկում կաշառել իր վզի հաստ ոսկե շղթայով, հույսով, որ այդ ընթացքում կհայտնվի թրքուհի ծառայողը` Բերֆին, թեյի սկուտեղը ձեռքին, ու կավարտվի այս անիրական թվացող մղձավանջը: Բայց արդեն ուշ էր, ու Բերֆին ներս է խուժում փոքր-ինչ ուշ, կենդանական ճիչերից ահաբեկված ու գտնում հորաքրոջս պատառոտված հարսնաշորով ու բաց արյունոտ կրծքով մետաքսյա փայլուն գորգի վրա համարյա ուշագնաց ճմլվելիս: «Ալլահը ձեզ կպատժի, սա անմեղի արյուն է», - կատաղած գոռում է Բերֆին ու խոնարհվում հորաքրոջս վրա: «Ալլահը քե՛զ կպատժի, շուն, որ գյավուրների առաջ գլուխ ես ծռել»: Զինյալները ժամացույցին նայելով հեռանում են, իսկ Բերֆին հորաքրոջս ուշքի բերելուց ու վիրակապելուց հետո շտապում է մոլլայի մոտ նրանից օգնություն հայցելու:
Մոլլան, տեղեկանալով պատահածի մասին, երեկոյան գալիս ու իր տուն է տանում ընտանիքին: Ժամանակի համարյա միևնույն ընթացքում երկու այլ զինվոր է ուղարկված լինում եկեղեցի, և նրանք արդեն գտնում, ձերբակալում և, աչքերն ու ձեռքերը կապած, դխդխկացող կառքի մեջ տանում են քահանա պապիս: Կառքը շարժվում է առաջ, ու նա մտովի փորձում է գուշակել, թե հիմա որ փողոցով է անցնում ինքը և ուր է գնում: Միայն թե` միտքը արթուն պահի: Այլապես ինչ կապ ուներ, թե ուր էին տանում իրեն, թե ինչի էր նման լինելու այդ դժոխքը: Իր արժանապատվությունն իր ժողովրդի արժանապատվության հետ կապած ու հանուն ամբողջի զոհաբերվելու պատրաստ պապիս չէր կարող հետաքրքրել սա:
Քիչ անց նրան հրելով մտցնում են մի սենյակ ու կապերը քանդելով` հեգնում. «Հիմա ազատ ես: Կարող ես կանչել քո Աստծուն, որքան ուզում ես»: «... Միայն մի փայտե աթոռ կար, գետնին փռած նամազի համար մաշված մի փոքրիկ գորգ, պատից կախված անխնամ մետաղե լվացարան ու անհամաչափորեն մեծ ու կեղտոտ հայելի», - հիշում է պապս իր օրագրում: Զինյալներից մեկը հանել է տալիս պապիս փիլոնն ու հագուստը, և մինչ նրան բանտարկյալի նոր հանդերձանք տրամադրելը, նստեցնում, խուզում են մազերն ու սափրում մորուքը` փիլոնը վարսավիրի թիկնոցի պես նրա պարանոցի շուրջը փաթաթած: Այնուհետ մազածածկ փիլոնը նետում են արդեն հատակին գցած շղթայով մեծ խաչի վրա ու Ավետարանի, որը նրանից վերցրել էր զինվորը ձեռքերը կապելուց առաջ: Այդ օրվա մասին իր գրառումներում այսպես է արտահայտվում պապս. «... երբ դուրս եկան, մոտեցա կեղտոտ հայելուն ու նայեցի. այնտեղից ինձ նայողը մեկ ուրիշ մարդ էր: Ես նրան չէի ճանաչում: Ես այնտեղ էի` գետնին նետված այն մազածածկ փիլոնի տակ: Ես այլևս չէի երևում: Այս միտքը ինձ նախ վախեցրեց, ապա ոգևորեց: Անտեսանելի լինելը ազատության նոր ձևի էր նման... ինչ լավ է, որ սա ես չեմ: Որ ինձ հետ չի կատարվում այս ամենը...»: Այս զգացողությամբ է պապս կուլ տալիս ինքնության սոսկալի կորուստն ու այնուհետ լսում բանտապահների հայհոյական մեղադրանքներն ու բռի խոսքերը. «Սա քաղաքական դավաճանություն է. քո խաչից կախված Աստվածն էլ դատարանից չի ազատի քեզ»:
Հաջորդ օրվա կեսից բանտապահների վերաբերմունքը կտրուկ փոխվում է: «Եթե ճար ունենային, մորուքս ու մազերս էլ հետ կդնեին», - գրում է պապս, վստահ, որ սա իր ընկեր մոլլայի ձեռքի գործն է: Նրան ավելի լուսավոր ու մեծ սենյակ են տեղափոխում, որտեղ ոչ միայն սեղան ու մահճակալ է լինում, այլև գրքեր, ամսագրեր, նարդի ու շախմատ: Պապիս դիետիկ ուտելիք են առաջարկում, հաշվի առնելով նրա ստամոքսի խոցը, որն առավել է վստահեցնում պապիս` մոլլայի միջամտության հարցում: Առաջիկա հինգ շաբաթները նա իր օրագրում նկարագրում է որպես «առողջարանային պայմաններում անցկացրած շաբաթներ», իսկ հինգ շաբաթ անց, «...շաբաթներ, որոնք օրացուցային ճշգրտությամբ համընկնում էին հայ երևելիների սպանդի և Վանի պաշտպանության օրերի հետ», պապս ազատ է արձակվում և միանում մոլլայի տանը ծվարած իր ահաբեկված ընտանիքին: Քաղաքական լուրերից այդ ընթացքում հեռու պահված պապս այստեղ տեղեկանում է իր համար սիրելի գրողների ու մտավորականների սպանդի և հանուն իր քաղաքի պաշտպանության ընկած մարդկանց հերոսական մահվան իրողությանը, այն նույն ժամանակվա մեջ, երբ ինքը «ապահով մի վայրում դիետիկ ուտելիք էր ուտում ու գիրք կարդում»: Տեղեկանում է կատարվածին, առանց իմանալու, որ դանակով ու նույնքան սուր ատամներով թուրք արնախումը այնպիսի անբուժելի վերքեր է բացել իր աղջկա կրծքի վրա, որ մինչև իսկ գետի առավել ապահով թվացող ափին նա այլևս չպիտի ազատվեր այդ օրվա հիշողությունից` ձեռքն անընդմեջ աջ կրծքի վերքի վրա պահելով: Ինչ իմանար, որ իր աշխարհաճանաչողությամբ ու աստվածաճանաչողությամբ տարված` չէր էլ նկատել, թե այդ երբ էր իր գեղեցկուհին, իր չքնաղ ձագուկը հասցրել օրիորդ դառնալ ու դեռ սիրահարվել, չգիտեր, որ նա խուժանի պատճառով երբևէ չպիտի կարողանար վայելել կրծքով մանկանը կերակրելու մայրական բերկրանքը, սեփական մարմնի կատարելության հրաշքն ու կանացի այնքան սրտատրոփ սպասված երջանկությունը, հանուն որի ինքն արդեն որոշել էր հրաժարվել ամեն ինչից ու լքել վտանգավոր դարձած ափը:
Գաղթից հետո հորաքույրս կորցնում է իր առաջնեկին` Նարեկին, ոչ մի կերպ չապաքինվող վերքի պատճառով նրան կերակրել չկարողանալով: Իր ինքնությունը հայելու առաջ կորցրած պապս մեկ անգամ ևս զգում է իրեն սպասվող օրերի ունայնությունն ու ամոթը, համոզվում հավատամքին, գաղափարին ու ընտանիքին միաժամանակ ծառայելու անհնարինության մեջ: «…Գաղափարին հետևող մարդն ընտանիք կազմելու իրավունք չունի», «… Գաղափարը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է զավակիդ փորացավը» և նման այլ արտահայտություններ վկայում են նրա երկփեղկված, ծանր հոգեվիճակի մասին, որը նրան
ուղեկցում է մինչև կյանքի վերջին օրերը: «Մահացածներին նահատակ են անվանում, ընկածներին` հերոս, իսկ ինչպես են կոչվելու նրանք, ովքեր ապրում են, որ ամեն օր ամաչեն իրենց գոյության համար», - ասում է նա դառնացած: Զրուցասեր, ընթերցասեր ու զվարթ պապս իր նոր բնակավայրում դառնում է լռակյաց, չշփվող, խուսափում է բոլոր տեսակի հանդիպումներից ու գրքերից, ամեն բան փուչիկ է, ասում է, այդ գաղափարները միայն գրքերի մեջ են ապրում: Նա երբևէ չի ցանկանում վերականգնել իր քահանայական արտաքինը կամ մորուք պահել, մինչև իսկ հրաժարվում է ազգանվան Տեր նախածանցից, ասելով` «Տերը մնաց այն բանտախցում, հատակին ընկած, մորուքիս ու փիլոնիս տակ, խաչի և Ավետարանի միջև: Տերը նա է, ով խաչի վրա մեռավ: Տեր-Հովհաննիսյանը հայրս էր, ով մեռավ խաչի տակ ու իր ժողովրդի կողքին: Ես ի՞նչ Տեր եմ»: Եվ վհատությունն ու դառնությունը այլևս չեն լքում նրան. «Չլինելու հազար ու մի ձև կա, ու մեռած լինելը դրանցից ամենաանցավն է»: Թեպետ ընտանիքը նյութապես շատ ապահով էր և կարող էր վերսկսել իր բարեկեցիկ կյանքը Եվրոպայում, բայց պապս նախընտրում է Արևելյան Հայաստանը, որն ավելի մոտ էր և պահպանում էր վերադարձի հույսը: Բարեկամ մոլլան տեղափոխման իր միջոցներով և իր ուղեկցությամբ ընտանիքի անդամներին, սպասավորներին ու ունեցվածքը հասցնում է փրկության սահման և հրաժեշտ տալիս նրանց` կրկին հանդիպելու հույսով: Տոհմական ընտանիքի բարգավաճ ու ճոխ անցյալին հաջորդում է գաղթի չարքաշ իրականությունը: Կյանքն, այնուամենայնիվ, շարունակվում է:
Թվում է, թե փրկված ընտանիքին Արաքսի մյուս ափին սպասում էր ապահով ու արժանապատիվ կյանքի մի նոր հնարավորություն, սակայն, ունեցվածքի ծալքերում թաքնված, սահմանից այս կողմ էր անցել նաև շոշափելի և անշոշափելի վերքերի հեղինակի` «խուժանի ուրվականը», որը և դառնում է միասնաբար փրկված ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի խիստ յուրահատուկ ձևով խեղված ճակատագրի շարունակական ուղեկիցը:
Անհատական կյանքերում շարունակվում է Եղեռնը, որը քահանա պապս խոսքի իրեն հատուկ խնայողականությամբ խտացնում է մեկ նախադասության մեջ. «...Իմ բաժին եղեռնը ինձ տրվեց փրկության տեսքով»:
ՍՈՆԱ ՎԱՆ