top of page

Սոնա Վանը՝ Վանո Սիրադեղյանի մասին. «Ես անձամբ հավատում եմ մարդու վերափոխման հնարավորությանը, նրա արժանապատիվ վերադարձին»

Հատված ամերիկաբնակ բանաստեղծ, բժիշկ, հոգեբան Սոնա Վանի հարցազրույցից:


 – Վերջին շրջանում Վանո Սիրաղեղյանին վերադարձնելու ուղղությամբ է քարոզարշավ տարվում։ Իրականությունը վերափոխելու հուսահատ փո՞րձ է սա, քաղաքական նոր շոո՞ւ, թե՞ լավ կշռադատված պահանջ։


 – Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են։ Քաղաքական շախմատն իմ հեռավորությունից ու իմ չիմացությամբ (եւ ոչ միայն իմ) քննարկողի կարծիքն այս դեպքում շատ բան չի կարող նշանակել, որովհետեւ ծանոթ չեմ թատերաբեմի գաղտնի խութերին, գործող բոլոր անձանց, ներառյալ՝ Վանո Սիրադեղյանին։ Նման դեպքերում ես վստահում եմ ժողովրդի կոլեկտիվ ինտուիցիային ու իմաստությանը։ Պատմության մեջ եղել են անսպասելի վերադարձեր երկար բացակայությունից հետո։ Նելսոն Մանդելան, որը մահվան էր դատապարտված, ոչ միայն վերադարձավ 27 տարի անց, այլեւ թագադրվեց անգամ ու ինչեր արեց այնուհետեւ իրեն հետ բերած ժողովրդի համար։ Հեղափոխության կամ պատերազմի մթնոլորտում սխալներն անխուսափելի են, պղտոր ջրում ձուկ որսացողների թիվը՝ շատ. սրիկաները հերոսանում են իրական հերոսների վրա կանգնելով, նրանցից մեկին զոհաբերելով որպես քավության նոխազ։ Սա բացառելու համար անհրաժեշտ է խաղաղ օրերում վերարժեւորել եղածը, վերաքննել փաստերը, հարգել անմեղության վարկածը եւ այն ապացուցելու իրավունքը։ Որքանո՞վ է դա հնարավոր Հայաստանի այսօրվա իրականության մեջ, չգիտեմ։ Եթե արդարությունը չհաղթի անգամ, գոնե ականատեսը կդառնանք քաղաքական նոր շոուի, մի փոքր կհանգստանա հեռուստադիտողը ձանձրալի սերիալներից։ Ավելացնեմ, որ ես անձամբ հավատում եմ մարդու վերափոխման հնարավորությանը, նրա արժանապատիվ վերադարձին։ Այդպիսի անհատի «ինքնապացուցելու» պատրաստակամությունից հրաշքներ կարող են ծնվել։ Այսքան երկար ինքն իր հետ երկխոսելու, սխալն ու ճիշտը վերաբաժանելու, հայրենիքի ներկան ու անցյալը վերարժեւորելու եւ հատկապես այդքան երկարատեւ ապաշխարանքից հետո (իր եւ ուրիշների մեղքերի ու սխալների համար) վերադարձող մարդը հնարավոր է, որ նոր տեսողություն ձեռք բերած լինի, որի միջոցով անսպասելի կերեւա ափը։ Ամբողջ գրականությունն այս ճշմարտության վրա չի՞ կառուցված։ Ավետարանն է ասում՝ որքա՜ն լավ գործեր կատարել են մեղավորները եւ որքան վատ գործեր՝ անմեղները։ 



Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ «Իրատես de facto» 


bottom of page