top of page

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՀՈՂ Է՝ ՈՐՔԱՆ ԼԵԶՈՒ.ՍՈՆԱ ՎԱՆ

Հարցազրույց լրագրող Վարդ Սիմոնյանի հետ 2016թ․


Վ.Ս.- -Սիրելի Սոնա , դուք պոետ և հրապարախոս լինելուց բացի մասնագիտությամբ բժիշկ հոգեբան եք՝ Ամերիկյան համալսարանում ստացել եք կլինիկական և հոգևոր հոգեբանության մագիստորսի կոչում: Ես ուզում եմ խոսեք փակ, մեկուսացված տարածքի հոգեբանական մատրիցայի մասին: 1993 թվականից սկսած Թուրքիան ի պատասխան Քարվաճառի ազատագրման շրջափակեց Հայաստանը՝ մեզ ստիպելով ապրել փակ տարածքների հատուկ ռեժիմով, որով ապրում են ասենք՝ կալանավայրում, հոգեբուժարանում կամ մանկատներում: Ցեղասպանության ավելի գործուն մոդել, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել՝ դուռը կողպում ես դրսից և Հայաստանը դարձնում մի մեծ կալանավայր բաց երկնքի տակ: Արդյոք սա յուրօրինակ ճերմակ ջարդ չէ՞:

Սոնա Վան – Անհավասակշիռ թագավորների, գենոցիդների, պատերազմների եւ ոխերիմ աստվածների մեր ժամանակներում, երբ երկնքի և երկրի միջով մի տիտանական ողբաքամի է անցնում՝ և ոչ ոք չգիտի, թե վաղը ի՞նչ է սպասվում մոլորակին և մարդ տեսակին ընդհանրապես, ես դժվարանում եմ մտածել 1993 թվականից սկսած թուրքական շրջափակման ու մինչ օրս կալանավայրի ռեժիմով ապրող Հայաստան աշխարհի իրադրության մասին՝ որպես ցնցող իրավիճակ: Դժվարանում եմ շրջափակումն ու իրավիճակը միանշանակ իրար հետ կապելուց, որովհետև այդպիսի գնահատականից շատ կշոյվեր թուրքական կառավարության ինքնասիրությունը: Չէ որ մենք նախկինում ավելի հզոր թշնամիներ ենք հաղթահարել: «Բաբելոնն է եղել ախոյանը մեր գիտե՞ս...փոշիացել է չկա՝ իսկ մենք դեռ կանք...» այսպիսի մի բան է ասել Տերյանը. Բայց միայն սա չէ, որ ինձ համոզում է այս իրականության արմատները կապել ոչ միայն արտաքին, այլ նախ և առաջ ներքին թշնամու հետ, որին ևս շատ ձեռնատու է ողջ պատասխանատվությունը թուրքական շրջափակման վրա բարդելը: Մինչև իսկ աշխարհագրական, տնտեսական, քաղաքական շրջափակման պարագայում շրջափակված տարածքն ունի իր ընտրությունը- դառնալ կալանավա՞յր, որբանո՞ց , թե դպրոց կամ լույսի գործարան: Ինչպե՞ս փակ տարածքը լավագույնս օգտագործել այնպես, որ չտուժի այդ տարածքում ակամայից հայտնված մարդու ամենօրյա արժանապատվությունը, որպեսզի հնարավորինս պահպանվի նրա ապրելու իրավունքն ու երջանկության հնարավորությունը: Ճիշտ է՝ դրսից մեր վրա դուռը փակողը մեր թշնամին էր (այսպիսին է պատերազմի օրենքը՝ կամ դու ես փակում, կամ նա), բայց ովքե՞ր են ներսի՛ց լույսը հանգցնողները և ժողովրդին անհուսության ու ընկճվածության մատնողները: Այսօրվա իրավիճակը այդ օրերի տրամաբանական շարունակությունն է եւ իր վրա պատասխանատվություն չվերցնող այն իշխանության, որին՝ թույլ տվեք հիշեցնել, մենք ինքներս ենք ընտրում: Ու գնալով հեշտանում է այդ սխալ ընտրությունը, որովհետև գոյությունը պահպանելու գերխնդիր ունեցող անհատը դեռևս լիարժեք քաղաքացի չէ և նրան շատ հեշտ է գայթակղել մեկ օրվա հացով կամ նպաստի փշրանքներով: Փակ տարածքի հիվանդագին վախը՝ կլոստրոֆոբիան, ոչ այնքան արտաքին, որքան ներքին հոգեբանական խնդիր է և մինչև իսկ ազատ ու անսահմանափակ տարածքում մարդը կարող է ունենալ այդ երևակայության վախը՝ իր բոլոր ախտանիշներով- սրտի արագացած խփոց, շնչարգելություն, ներքին խուճապ, մահվան վախ և այլն, որը երևակայական վախի

պատճառով արտադրվող ադրենալինի հետևանքն է: Հակառակը նույնպես ճիշտ է: Առողջ հոգու տեր մարդը մինչև իսկ սահմանափակ տարածքում (հիվանդանոց, կալանավայր, ինքնաթիռ, վերելակ, ամուսնություն եւ այլն) կարող է ազատ ու անսահմանափակ տարածքի զգացողություն որդեգրել, ապրել ու ապրեցնել, արարել ու երջանկացնել: Համաշխարհային գրականությունը լի է անկողնուն գամված գրողների ու գիտնակաների հանճարեղ ստեղծագործություններով և հատորներով, որոնք վերասահմանում են փակ ու բաց տարածքը: Ի՞նչ խոսք, որ եթե փակ տարածքը տնօրինողը զոնի մտածողություն ունի ու կալանավայրի հիշողություն, նա հակված կլինի իրեն վստահված տարածքը որպես զոն օգտագործելու միջոցով իր սեփական բարդույթներին հագուրդ տալու, դաժանության ու բռնության: Դրա համար ճիշտ կլինի հետագա ընտրությունների ժամանակ ուղղորդվել ոչ թե «լավ տղա» հասկացությամբ, այլ նրա կենսագրության, ընտանեկան դաստիարակության, կրթության և հոգեկերտվածքի մանրամասներով, նրա մտահոգությունների ու մտադրությունների թափանցիկությամբ, տեսլականով ու այն իրագործելու ինտելեկտուալ և հոգևոր պոտենցիալով: Ճիշտ ընտրություն կարող է կատարել միայն լավ տեղեկացված, ճիշտ ձևով կողմնորոշված, հասուն, գիտակից, մտահոգ ու փոփոխության հնարավորությանը հավատացող անհատը, որոնց թիվը ահագնացող արտագաղթի պատճառով գնալով նվազում է, ընտրությունը թողնելով կիսամութ լուսամուտներով« մերսեդեսատերերին» և «կիսաբաց լուսամուտներ» -ի հերոսներին, որոնցից առաջինները don’t care են, իսկ վերջինները՝ don’t know: Ինձ իրապես անհանգստացնում է խավարի մեջ երկրաչափական պրոգրեսով բազմացող այս նոր տեսակը: Սա սոցիոլոգիական աղետ է և ուսումնասիրության նյութ: Ո՞վ կարող էր մտածել, որ էկոնոմիկ ճեղքվածքի որոշակի կրիտիկական չափից հետո էվոլուցիոն անիվը ընդունակ է ետ պտտվել՝ ընդդեմ ժամանակի և ընդամենը քսանհինգ տարվա մեջ առաջ բերել մարդանման նոր մուտանտ, նոր նախամարդ, որն ապրում է սոցիալական ու իրավական կոդեքսից դուրս, չունի հիշողությունը ավանդական բարոյական նորմերի և գոյատևում է բացառապես բնազդների հաշվին: Առավել եւս, որ այս մուտանտը կհայտնվի նաեւ կառավարական աթոռի վրա` թելադրողի ու հրամանատարի դերում: Ամենավտանգավորն այն է, որ այս տեսա՛կն է համալրելու մեր բանակի շարքերը՝ լրացնելով օտար ափերում իրենց երազը հետապնդող օլիգարխների որդիներին, որ 1991-ի հոգևոր ու լուսավոր տղաներին փոխարինելու են Հայրենիք բառի իմաստը չհասկացող, Հայրենիքի կողմից լքված և նրա հանդեպ վրեժով լցված այս նոր տղաները`հընթացս լրացնելով ազգաբնակչության թիվը կրկնապատկելու կառավարական խոստումը: Չեմ կարծում, որ սա փրկություն է: Վաստակավոր ռաբիսները խրախուսվում են հանուն մեծ ընտրաբանակի, մտավորականությունը շահախնդրորեն լուռ դաշինքի մեջ է իշխանությունների հետ և այս իրավիճակում ավելի հոգևոր, ազգային ու բարձր բան սպասելը համարյա անիրատեսական է: Այդ առումով ուզում եմ ասել, որ կալանավայր կատարած իմ այցելությունը ինձ կրկին անգամ համոզեց, որ կինը՝ մինչև իսկ փակ տարածքում կարողանում է պահպանել իր արդարամտությունը, գոյության էսթետիկան, հույսի կենսունակությունը՝ ավելի առողջ մեխանիզներով, քան հայ տղամարդը: Կինն ավելի դժվարությամբ է ընդունում երջանկության ու հույսի պարտությունը:

Վարդ Սիմոնյան - Ձեր «Լիբերտո անապատի համար» հրաշալի բանաստեղծությունների ժողովածուն արդեն թարգմանվել է տասնհինգ լեզուներով, այդ թվում նաև թուրքերեն: Արդյոք բառերն անզոր չե՞ն, իհարկե բանաստեղծություն գրելու այլ ելք չկա, բայց երբեմնի ժրաջան բառերն այնքան չարաշահվեցին, շրջուն շարադասվեցին ու ստվեցին, որ թվում է երբեք էլ չեն հասնելու մտքերի ու իմաստների արքայությանը, չեն գտնելու միմյանց, մինչդեռ պոեզիան հենց ապրածդ կյանքն է, մեկ մարդուն ինչ-որ կերպ օգնելը, սիրելը, հատկապես սիրելը...հը՞: Խոսեք նաեւ ցավի շուրջ ամենաարագ համախմբվող մեր էթնիկ անխափան կոդի մասին. հանգուցյալին հրաժեշտ տալու ողջ ծիսակարգն ընթանում է ցավի շուրջ խմբվելու և թաղման վերջնական հանգրվանում հողի մոտ հանգիստ առնելու ելքով: Ինչո՞ւ ենք մենք համախմբվում միայն ֆորս մաժորի շուրջ: Արդյո՞ք ազգն ինքնին նույն ցավերից, տանջանքներից ու զոհերից բաղկացած մի միավոր է, եւ գուցե Հայրենիքն էլ այլ բան չէ, քան հենց այդ ընդհանուր ցավի և ցավակիրների ամբողջությունը:

Սոնա Վան - «Լիբրետո անապատի համար» գիրքը իմ մինչ օրս միակ «պլանային« գիրքն է, որն ունի կոնկրետ թիրախ` պատերազմ, ցեղասպանություն ու կրոն: Ասում եմ թիրախ, որովհետեւ սրանց հետ կապված մեր համոզմունքները ( որ պատերազմը անխուսափելի է, որ կրոնը խաղաղություն է խոստանում, որ մի կրոնը ավելի լավն է, քան մյուսը), լուրջ վերանայման կարիք ունեն: Ոչ մի շահեկան կամ եկամտաբեր բիզնես (ինչպիսիք են պատերազմն ու եկեղեցին) ինքնակամ չի ավարտվում:

Կրոնի եւ աստվածների անունից կատարվող այս հանցագործությունները «սրբազան պատերազմի» ու տեռորիզմի զոհերով ու գաղթականներով լցված այս աշխարհը լուրջ քննարկման կարիք ունեն: Քաղաքականությունը եւ մինչեւ իսկ բանակը անզոր է դիմակայել նրանց, ովքեր կրոնական ծայրահեղականության ու սխալ համոզմունքների պատճառով պատրաստ են զենքի վերածել իրենց սեփական մարմինը: Մարդիկ, որոնց ոգեւորությունը ոչ թե կյանքի մեջ է, այլ մահվան: Փաստը մնում է փաստ, որ սա լվացված ուղեղների պատերազմ է, ծրագրված քառակուսի այնպիսի մտածության դրսեւորում, որի համար թշմանի է այդ տուփից դուրս գտնվող ամեն բան: Նրանք հավատացած են իրենց ճշմարտության մեջ եւ այդ առումով ոչնչով չեն տարբերվում հոգեկան հիվանդից, ով հավատացած է, որ իրեն հետեւում են: Հետեւաբար` ինչ որ առումով նաեւ անմեղսունակ է: Մարդը մեղավոր չէ, որ իր ուղեղը ընդունակ է քառակուսիացման, եւ որ կան որոշ մարդիկ, ովքեր ունեն մեկ ուրիշի ուղեղը «քառակուսիացնելու» հանճար: Իրենց ճշմարտության մեջ մեկ ուրիշին համոզելու աստվածատուր շնորհ: Սա նաեւ լա՛վ նորություն է, քանի որ հույս է տալիս մարդուն նաեւ հակառակ բանի մեջ համոզելու: Կարեւորը համոզողի մտադրությունն է, մնացածը արհեստ է: Հիտլերը իր ձեռքով ոչ մի մարդ չի սպանել, բայց քանի՞ հոգու համոզեց անել այդ: Նույնը եւ Հայոց ցեղասպան փաշաները: Ես կասկածում եմ, որ նրանք երբեւէ արյունոտել են իրենց ձեռքերը: Լավը նաեւ այն է, որ ուղեղի լվացման նյութը եւ մեթոդը` բառն է, որին լավագույնս տիրապետողը հենց ինքը` բանաստեղծն է: Այնպես որ, թույլ տուր չհամաձայնել: Ասածդ քաոսում, որտեղ խոսքերը կարծես թե չեն գտնում իրար` պոեզիան միայն ապրելը կամ կյանքը չէ, այլ նախ եւ առաջ ճիշտ տեղից եւ ճիշտ ժամանակ արտաբերված բառը, բայց մի այնպիսի գտնված հնչեղությամբ ու ինտոնացիայով, որ կկարողանա ոչ միայն քանդել նախկին աղետալի քառակուսին, այլ նաեւ դրա փոխարեն կառուցել մի այնպիսին, որն առանց մարդու միտքն ու հոգին վիրավորելու, ճշգրտորենտեղավորվի այդ քառակուսու մեջ եւ իրեն այնպես պահի, որ ասես ոչինչ էլ չի պատահել: Մինչեւ որ այդ քառակուսին մի օր պայթի լույսով եւ հեղափոխված մարդը այլեւս չունենա այլընտրանք բացի evrica բացականչելուց` այնպիսի ոգեւրությամբ, որ կարծես ինքը` հենց ինքն է հայտնաբերել այդ լույսը: Սա է ճշմարիտ պոետի գերխնդիրը այս դարում, որտեղ բացի իրենից ոչ ոք չի կարող լուծարել քաոսը: Միայն պոետին է տրված աճպարարության սկզբունքով աշխատելու ձեւը: Լսողի ուշադրությունը շեղելու, նրա մտքի միջից մի բան հանելու եւ տեղը մեկ այլ բան դնելու արվեստը: Արձակագիրը այսպիսի խնդիր չի դնում: Բանաստեղծի տողը երկշեղբ սուր է, ու մինչեւ լսողը փորձում է գտնել այն բռնելու ապահով ձեւը` բանաստեղծը հասցնում է անել իր անելիքը: Այդպիսի զարմանալի բան է պոեզիան: Իսկական ռումբ: Պատահական չէ, որ հենց այս գիրքն է թարգմանվել տասնհինգ լեզուներով: Կարող եմ ասել, որ ես «զենք» եմ տեղափոխել տասնհինգ երկիր, իսկ դա քիչ բան չէ: Ի՞նչ խոսք, որ բառերը չարչրկված են, որ նրանցից յուրաքանչյուրը հազար անգամ կեղծվել ու խաչ է բարձրացել քաղաքական գործչի շուրթերի վրա, դարձել նախընտրական ստի ջատագով: Սակայն բառերի համար եւս, (ինչպես հեքիաթի մեջ ապրող հարուստի որդիների, որոնք հազարավոր փորձությունների ենթարկվելուց հետո տուն են վերադառնում) ժամանակն է տուն վերադառնալ, այսինքն ժամանակն է, որ նրանք վերադարձվեն իրենց իսկական տիրոջը` պոետին: Բազմիցս ասել եմ ու չեմ ձանձրանա կրկնելուց- բառի դրախտը բանաստեղծի շուրթերի վրա է: Հայրենիքը նույնքան հող է, որքան լեզու: Այն ժողովուրդը, որը հավերժության հավակնություն ունի, պահպանում է իր լեզուն ու իր երգը:Հիփ-հափը բողոքը դարձրեց հետաքրքիր ու կյանքով լի: Այն բաբախում է քո կրծքի տակ: Սեւամորթ երգիչը բարձրանում է բեմ ու հազարավորների դեմքին նետում իր բողոքը` պարբերաբար կրկնելով նույն բառերը` Fuck the police!!!!, դիմելով իր մարդկային արժանապատվությունը ոտնահարած եւ իրեն նվաստացրած ոստիկանին: Ծայրահեղ իսլամիստը ավելին արեց` բարձրացավ լեռը եւ գագաթից գոռաց ամբողջ աշխարհին` Fuck you all!! Ես կրում եմ իմ ռումբը մեջքիս վրա: Դժվար է պարտության տանել նրան, ով մահվան մեջ է գտնում իր փրկությունը, ով խորապես հավատում է իր հետմահու երջանկությանը եւ իր կատարածի աստվածահաճոյությանը: Դժվար է գլուխ դնել լվացված ուղեղի ու խավարամիտ մտքի հետ: Իսլամի թշնամին ոչ ես եմ, ոչ դու, նրա թշնամին լույսն է ու քաղաքակրթությունը: Նրա թշնամին անորսալի է, ինչպես լույսն ու միտքը եւ այդ իմաստով էլ հավերժական: Բայց այս ամենը կարելի էր կանխատեսել եւ կանխարգելել: Թեպետ այնպես է ներկայացվում, կարծես կատարվածը անակնկալ է, կարծես իսլամական ռեսպուբլիկան հասունացել է վերջին մի քանի տարում եւ այս երկրից դուրս` զուգահեռ մեկ ալյ մոլորակի վրա: Երբ բառի իմաստը դառնում է շրջուն` կախված թարգմանողի միտումներից` (ազատամարտիկ կամ տեռորիստ), չարիքը դառնում է անխուսափելի: Աստվածային նախասկզբի` բառի հետ կատարված ամեն անօրինություն պատժվում է վերին բանականությամբ: Այսօրվա պատերազմները ֆանտաստիկայի ժանրից են: Կռվում են անտեսանելի աստվածները եւ անօդաչու սարքերը, բայց զարմանալիորեն այս երկուսի բախումից ընկնում են իրական տղաներ, որբանում են իրական մանուկներ, դժբախտանում են իրական մայրեր եւ խելագարվում իրական հարսեր: Այս միտքը իմ ուղեղում սեւեռումի է վերածվել: Ես ուրիշ ոչինչ չեմ կարողանում մտածել կամ անել, թեպետ /ինչպես ամեն աղջիկ/ ես սիրում եմ երգել ցնցուղի տակ/ խառնելով ջուրն ու բառերը/ հավասար տաք/ ինչպես ամեն աղջիկ ես երգել եմ սիրում/ ու վերք ունեմ` ինչպես ամեն աղջիկ/:

Սկսեմ վերջին հարցիդ վերջին տողից` «պոեզիան հենց ապրածդ կյանքն է հատկապես սիրելը… հ՞ը»: Այո հատկապես` սիրելը: Սերը հակաթույնն է ամենայն չարիքի եւ չարիքների չարիքի` պատերազմի: Գրքումս փորձել եմ պատերազմն ու կրոնը ներկայացնել

որպես բիզնես գործընկերներ: Պատերազմը անհուսություն ու տառապանք է շաղ տալիս այս աշխարհում, իսկ կրոնը հույս ու երջանկություն է վաճառում ա՛յն աշխարհի համար: Երկուսն էլ չափազանց շահութաբեր են, այդ պատճառով էլ ձեռք-ձեռքի ուղեկցել են մարդկության պատմությանը: Այլապես Աստված մեկն է ու բոլորը համաձայն են դրանում: Կռիվը նրա մանրամասնությունների պատճառով է, որոնք կոչվում են կրոններ: Իրականում այն ոչ մի կապ չունի Աստծո հետ: Իրապես հոգեւոր մարդը կրոնի կարիք չունի: Կրոնը անմեկնաբանելին մեկնաբանելու անհամեստության արգասիք է նաեւ: Չենք ուզում ընդունել, որ կան մեր գիտակցության համար անմատչելի իրողություններ: Այս հարցում ինձ չիմացությունն ավելի է փրկում, քան իմացությունը: Սա իմ կարծիքն է եւ կարող եք չհամաձայնել: Ես առաջարկում եմ միանալ իմ հավատամքին: Ես պատկանում եմ «չգիտեմի» եկեղեցուն, որտեղ մենք ապավինում ենք «ոչ մի բանին»: Ու … եթե անգամ ինձ հալածող ճիպոտները ուղարկված են եղել երկնքից` ես ոչինչ չեմ հիշում այդ մասին… ես շատ հարբած էի հավանաբար:

Ինչ վերաբերվում է ցավի շուրջ խմբվելու հակվածությանը, կորստյան եւ մահվան ծիսականացմանը, իմ կարծիքով դա ոչ այնքան էթնիկ- հայկական, որքան գոյաբանական կոդի արտահայտություն է: Մարդ արարածը ճանաչելի դարձած ցավը նախընտրում է աբստրակտ դարձած հույսից: Հիշո՞ւմ ես Ավետարանում Ղովտի կնոջ կերպարը: Նա կարող էր փրկել իր կյանքը` եթե ետ չնայեր: Բայց նախընտրեց եւս մեկ հայացք գցել այն աղետալի իրականությանը, որից փրկվել էր մի կերպ ու վերածվեց աղե արձանի: Մահը ամենաճանաչելի ու ամենաանդավաճան իրականությունն է, ամենականխատեսելին ու ամենադեմոկրատը: Մինչդեռ հույսը կամ փրկությունը գտնվում են ապագայի մեջ, որը մշտապես մութ է: Երջանկությունը կարող է դավաճանել, տառապանքը` ոչ: Մշտապես ավելի հեշտ է բնութագրել բացասականը, քան դրականը, հիվանդությունը, քան առողջությունը: Սերը ավելի դժվար է նկարագրել, քան ատելությունը ու խանդը, եթե անգամ դու անտեղյակ ես քո սեփական իմացությունից: Այս պահին հիշեցի մաեստրո Գուրզադյանին (ես նրան տեսնում եմ որպես տիեզերքի մաեստրո): Մի առիթով անակնկալ հարցրեց`

- Երբեւէ գրե՞լ ես կանացի խանդի մասին:- Ոչ:- Ինչո՞ւ:- Որովհետեւ շատ բան չգիտեմ այդ մասին, բացի նրանից, որ շատ նվաստացնող զգացում է:- Ուրի՞շ:- Որ անշարժացնում է ներսդ: Դարձնում թափանցիկ, ինչպես ապակե ժամացույցը… գաղտնիք չի մնում:- Ուրի՞շ:- Քեզ զրկում է արդար դատելու կարողությունից: Սկսում ես բարոյական ու վեհ բաներից խոսել, արժեզրկել մեկ ուրիշին, բայց հիմքում ոչ թե քո սեփական արժեհամակարգն է, այլ քո անձնական վիրավորանքը: Հետադարձ հայացքով դա նվաստացնող վիճակ է:- Ես այդպես էլ գիտեի, որ գիտե՛ս խանդը, - ասաց նա – ուրեմն ինչո՞ւ չես գրում այդ մասին:- Ես գիտե՞մ - զարմացա ես:Մենք մինչեւ իսկ կարոտո՛ւմ ենք ճանաչելին, եթե անգամ այն ցավի էլեմենտ է պարունակում իր մեջ: Ինչպես ծեծող ամուսին ունեցող կինն է ուզում վերադարձնել իր ամուսնուն, իր ցանկությունը արդարացնելու համար զգացածը սեր կոչելով:

Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ցանցաբնակներին: Իրոք, եթե բոլորն իսկապես զբաղված են like-ելով ու share անելով, երկինքը ինչո՞ւ է այսքան տխուր․․․

bottom of page