top of page

«Ես պոեզիայով եմ բժշկում մարդկանց». Սոնա Վան

«…Չափման միավորն իսկապես պահն է հավերժականի,

բայց կա նաև պահ,

որ ժամանակի լծակի վրա

հակակշռում է հավերժությանը

տիեզերական ներդաշնակությամբ»:

Սոնա Վան

Հենց այդ տիեզերական ներդաշնակության պահն էլ, Աստծո կամքով, ընձեռվեց ինձ՝ զրուցելու հրաշալի, շա՜տ ինքնատիպ հայուհու և բանաստեղծուհու՝ Սոնա Վանի հետ, ով Հայրենի՛ք է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Հայոց մեծ եղեռնի 1.500.000 հայ նահատակների հիշատակին նվիրված «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսի առիթով և Հայաստանի՝ հայրենի տան կարոտվ:

-  Սոնա՛, Ձեր մասին՝ որպես բանաստեղծուհու, շատ են խոսում. Ձեզ ի՞նչն է ամենից շատ հուզում և ուրախացնում՝ ճանաչված լինե՞լը, Ձեր գործերի ընթերցո՞ւմը, թե՞ ի վերուստ տրված գրելու չընդհատվող ընթացքը:


-  Շնորհակալությո՛ւն հարցի համար: Որպես բանաստեղծուհի՝ ինձ ամենից շատ հուզում է այն, որ իմ տողերը թարգմանությունների միջոցով կարողանում են դիպչել ավելի շատ հոգիների. դա գրողի համար երազ է: Գրելու ընթացքն ինձ համար շատ ինքնաբուխ է, ես դա չեմ անում կոնկրետ ընթերցողի համար կամ չեմ հասցեագրում կոնկրետ հասցեատիրոջ: Գրելն իմ ներսի կրակը մարելու, ինչ-որ բան հանդարտեցնելու ցանկությունն է: Եթե իմ տողերը դիպչում են ընթերցողի հոգուն, սրտին, օգնում են նրան, ուրեմն իզուր չէ դրանց ծնունդը: Գրելու ձիրքը Աստվածային նվեր է, որը ես ուրիշների հետ կիսելու մարդկային ցանկություն ունեմ, որով ուզում եմ օգնել մարդկանց: Դա իմ մեջ միշտ եղել է, այդ պատճառով էլ մանկուց ես բժշկությունն էի ընտրել որպես մասնագիտություն (դա նաև հորս ցանկությունն էր)՝ օգնելու, կարեկցելու մարդկանց, իմ ունեցած սիրո, գթության պաշարը կիսելու ուրիշների հետ: Բայց պարզվեց, որ կարեկցանքի այս տեսակը կարելի է արտահայտել գրով, որի միջոցով հնարավոր է փոխել հազարավոր մարդկանց զգացողությունները, նոր զգացողություններ պարգևել, հանել նրանց մեր դարի չարիքի՝ ռոբոտացման վիճակից: Բանաստեղծը գործում է ընդդեմ այդ մեքենայի:

-  Իմ ճանաչած բացառիկ գրողներից եք, ում գրքերը շատ արագ են սպառվում և գործերը շատ են ընթերցվում ու տարածվում. ինչո՞ւմն է այդօրինակ հաջողության գաղտնիքը:

 

-  Ինչպես ցանկացած կախվածություն, ասենք՝ խմիչքից, ծխախոտից, դեղորայքից, կայանում է, երբ մարդը հաճույքի, բավարարվածության զգացում է ունենում, ինչ-որ տեղ այդ տարածքում գտնում է ինքն իրեն, տեսնում է իրեն… Իմ կարծիքով գրականությունը նույնն է. երբ ընթերցողը էջերում տեսնում է իրեն, հասկանում է, որ բանաստեղծը կիսել է հե՛նց իր զգայական տարածքը, որ այնտեղ հնչողը ոչ թե կեղծ, սինթետիկ ճշմարտություն է, այլ այն ճշմարտությունը, որով ինքն ապրում է, արթնանում է ամեն օր, ուստի դա նրա համար դառնում է նշանակալի, ցանկալի, և այդ ընթերցողը ցանկանում է հետևել իր նախընտրած բանաստեղծի բոլոր գործերին, հասկանալ, թե նա ինչ է մտածում, ինչ է զգում: Իմ վերջին գիրքը վերջերս ռուսերեն թարգմանեց ռուս նշանավոր բանաստեղծ Եվգենի Ռեյնը, ում Բրոդսկին համարում էր իր ուսուցիչը: Այս վիթխարի բանաստեղծը հեռախոսով մի օր ինձ ասաց. «Սոնա՛, եթե այլևս բանաստեղծություններ չկան թարգմանելու, խնդրում եմ, ուղարկիր ինձ հայերեն թարգմանությունները, որովհետև ես ուզում եմ իմանալ, թե դու ինչ ես մտածում այսօր»: Դե պատկերացրեք, եթե այդ տրամաչափի բանաստեղծը ցանկություն ունի հետևելու իմ զգացողություններին և հասկանալու դրանք, ապա պարզ կլինի, թե իմ ընթերցողները որքան ավելի շատ կուզենան հետևել իմ գործերի լույս ընծայմանը:

-  Քանի՞ գիրք եք տպագրել և քանի՞ լեզուներով են դրանք թարգմանվել:


-  Դրանք շատ չեն. ես ունեմ տպագրված 6 գիրք և 10 թարգմանական գրքեր: Իմ գրքերը թարգմանվել են 11 լեզուներով: Ամենից շատ ինձ շոյում են ռուսերենով արված թարգմանությունները, որովհետև ռուս գրականությունն այսօր գրական  էտալոն է: Իմ թարգմանական գրքի շնորհանդեսը այս անգամ տեղի ունեցավ թանգարանային 200-ամյա պատմություն ունեցող «Дача на Покровке» վայրում, ուր իրենց գործերի առաջին ընթերցումներն են ունեցել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են՝ Դոստոևսկին, Գոգոլը, Մայակովսկին, Չեխովը… Դա կազմակերպել էին իմ գրականության սիրահար երկու երիտասարդ ռուս բանաստեղծներ: Ես միանգամից հայտնվել էի ռուս գրականության աստղաբույլում՝ իմ՝ գրեթե բառացի թարգմանություններով և ինձ համար շատ կարևոր էր այդ աստղաբույլի կարծիքը. նրանք ինձ չէին ճանաչում: Բարեբախտաբար, ես միանգամից ընդունվեցի նրանց կողմից: «Культура» մշակութային ամսագրի խմբագիր Յուրի Բելյավսկին կարդաց իմ բանաստեղծությունները և անմիջապես տպագրել տվեց դրանք հանրաճանաչ «Орел» ամսագրում՝ Յուրի Պալիկովի թարգմանությամբ ու հրաշալի նախաբանով, որից հետո տպագրվեցի «Дружба народов»«Новый мир» և ռուսական այլ ամսագրերում: Ռուս ընթերցողը սիրեց իմ գործերը:

-  Սոնա՛, գրական Պառնասի քանի՞ տարվա «գերին» եք Դուք:

-  Որքան ինձ հիշում եմ, միշտ գրել եմ, սակայն պրոֆեսիոնալ առումով գրում եմ վերջին 20 տարիներին: Հենց այս 20 տարիներին էլ կայացավ իմ միությունը ռուս և համաշխարհային գրական աշխարհի հետ:

-  Խոսենք «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսի մասին:

-  Խորհուրդը մեծ է, որ գրքիս շնորհանդեսը կայացավ հենց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Հոգիս լիացավ: Հարսնաքող չկրած իմ հորաքրոջ հիշատակը, յաթաղանով ընդհատված նրա երջանկության պատմությունը, որը գրել եմ և՛ բանաստեղծության, և՛ ինքնակենսագրության ձևով, միայն այստեղ կարող էր գտնել իր ճիշտ հանգրվանը: Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, ովքեր հենց երիտասարդական համաժողովի ընթացքում կազմակերպեցին գրքիս շնորհանդեսը: Դուք տեսաք երիտասարդների արձագանքը, հուզումը:


-  Համաշխարհային ո՞ր կին գրողներին են Ձեզ նմանեցնում, նրանցից ո՞ւմ գործերն են Ձեր հոգուն առավել հոգեհարազատ:

-  Ես պաշտամունք ունեմ բոլոր կին-մեծություն գրողների հանդեպ, որևէ մեկին իմ գրականությանը, իմ տեսակին չեմ նմանեցնում: Հայ և արտասահմանյան գրաքննադատները նշել են, որ ինձ որևէ մեկի հետ հնարավոր չէ համեմատել, և դա ինձ տրված ամենամեծ գնահատականն է:

-  Ետ վերադառնանք Ձեր առաջին մասնագիտությանը՝ բժշկությանը. ինչո՞ւ բժշկությամբ չզբաղվեցիք:

-  Ես հոգեբանորեն չէի կարողանում տանել մարդու մեջ գտնվող ցավի զգացողությունը: Շատ բարձր առաջադիությամբ ավարտեցի Բժշկական համալսարանը, սակայն այդպես էլ բժիշկ չդարձա, քանի որ հիվանդների հանդեպ կարեկցանքս այն աստիճանի է հասնում, որ ես չեմ կարողանում օգտագործել իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունը: Ես պոեզիայով եմ բժշկում մարդկանց:

-  Ձեր բանաստեղծությունները դարձե՞լ են երգ:

-  Այո՛: Բազմաթիվ երգեր կան իմ բանաստեղծություններով գրված, և ստեղծվում են նորերը:

-  Վերջին հարցս՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-  Հայրենիքն ինձ համար հոգևոր տարածք է, որտեղ իմ հողի վրայով քայլում է հայ կոչվող մարդկային Աստվածահաճո տեսակը:

-Սիրելի՛ Սոնա, շնորհակալությո՛ւն բովանդակալից, ջերմ և Ձեր բանաստեղծությունների նման ինքնատիպ հարցազրույցի համար: 


Կարինե Ավագյան

bottom of page