top of page

Վահան, իմ հանճարեղ ընկեր


Երեկո է: Հենված եմ օվկիանոսի մեջ ցցված շիրմաքարիդ: Շուրջս ամեն բան կապույտ է: Երկինքը: Հորիզոնը: Դու: Կապույտը քո գույնն է իմ մտքի մեջ: Դու այն կապույտն ես, որով հանճարեղ նկարիչը լցնում է կորուսյալ ու անիրական տարածքները, վաղանցուկն ու հոգեղենը: Այն կապույտը սարի, որը թվում է իրական, բայց հասնելուդ պես տեղափոխվում է մյուս լեռան վրա: Այն կապույտը, որ աչքերի համար իրական է, բայց մնում է անմատչելի ձեռքերի եւ ոտքերի համար: Այս ամենից բացի քո կապույտը նաեւ անկշռելիության կապույտն է, որովհետեւ այն անսպասելի կտրվում ու վեր է բարձրանում անճիգ ու արագորեն` հակասելով իմ ու երկրի ձգողության օրենքին, եւ ես չեմ հասցնում ասել` ցը-տես-ու-թյուն. . .

Ես քեզ եմ նվիրում բոլոր- բոլոր վայ –լե-լեները Կոմիտասի, Սուրբ Նարեկացու բոլոր աղոթքները, Հենդելի Ալելույան, շրջանաձեւ շարժվող տիբեթյան մունկի մանթրան` եզակի բառի կրկնությամբ` վե-րա-դար-ձիր: Բայց ամենից շատ ես քեզ կանչում եմ մոլորակի ամենաբարձր լեռնագագաթից` հնդկական աստվածուհու բազմաթիվ ձեռքերով` վե-րա-դար-ձիր:

... իսկ դու` կարող ես

... եւ կամ ... թույլ տուր քեզ կրկին պատրաստել կավից: Ես այդ կարող եմ:

--------------------------------------------------արարման երկրորդ շանս

------------------------------------------------- կամ իմ վերջին կապրիզը

... ես դեռ որքան պետք է զարթնեմ

արեգակի կծող սառնությունից

այսպես չի կարող շարունակվել

դու պե՛տք է վերածնվես

այդպե՛ս

քննարկման ենթակա չէ

հարությունդ

դժվար չէ ... թուլացիր միայն

քեզնից չի սպասվում ուրիշ ոչինչ

կցնցվեմ ես մինչեւ ամբողջապես

մարմինս դատարկվի տխրությունից

ու մնան սոսկ կամքս եւ կավը

բավարար կերտելու քեզ

երկրորդ անգամ

դեբիլների համար բացառապես

(որ չհասցրին ճանաչել քեզ

նախորդ անգամ)

իսկ հիմա պատրաստ եմ – լսո՞ւմ ես

Սոնա Վան

17.02.15

---------------------------------------------------------------------------------------

Վահանը չկա այլևս

ասաց մի ձայն

դեռ օվկիանոս չհասած` մեքենայում

Դու էիր ճանապարհը - այդուհետ

Մոցարտը

գույները հորիզոնի

և այնտեղ էիր արդեն

երբ հասա տեղ

կռացա-ոռնացի նախ ջրի մեջ

փորձելով ինչպես Ղազարոսին

ետ բերել սիրտդ` հայելու տակ

ապա լռելյայն համբուրեցի

ճակատիդ ալիքը հավերժահոս

օվկիանոսը դո՛ւ ես այսուհետ

հ.գ.

Քրիստոսի պես դու էլ -

բաժանեցիր ժամանակս երկու մասի

փետրվարի 18, Լոս Անջելես 2013թ

.Սոնա Վան

--------------------------------------------------------------------------

ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Քո գնալուց հետո

երկինքը անձրևեց յոթ օր

ու կտրվեց

ինչպես սգվոր մարդը

որը սոսկ յոթ օր է

ընդունակ լալ

քո գնալուց հետո

կգլորվե՛մ ես էլ այսպես

աննպատակ

ինչպես մեքենայից պոկված անիվ

մինչև բախվեմ մի օր

ինչ-որ պատի

ու ընկնեմ վար

քո գնալուց հետո

շքեղանում է սոսկ

ժամանակը անցյալ

կարմիրը լուսնի մակերեսի

և

մեռյալների քաղաքը

ոտքերիս տակ

Սոնա Վան

bottom of page