top of page

ՍՈՆԱ ՎԱՆ Քո լսած ձայնը՝ քո անունն ունի…

Կյանքը, որ ներկա դեպքում արվեստագետի կյանքն է, և ինքնին՝ անսահմանորեն շարունակվող ստեղծագործություն, առավել շեշտված, քան բերգսոնյան ձևակերպման պարագայում է, կարող ենք դիտել որպես մի օր արդեն արձակված ռումբի պայթյուն, որի ամեն բեկորն իր հերթին պայթել-հեռացել է նախնական հետագծից, և փնջի ձևով, շարունակաբար ճյուղավորված, բարդ հետագծով, ավելի ու ավելի է հեռանում՝ կորչելով տեսանելիի պայմանական դաշտից, - հեռո՜ւ է և ավելի է սփռված… Ստեղծարար էվոլյուցիայի իր մանրազննության մեջ, ինտելեկտի և ինտուիցիայի փոխներթափանցման հազարաչքանի տեսանող Բերգսոնն այս իրավիճակը բխեցնում է սկզբնական շարժումից, առավելապես կարևորելով դեպի սկզբնական շարժում վերադառնալու անհրաժեշտության պահանջը, որպես նախանյութի հատկությունները բնորոշող, անտարակույս, նրա մեկնակետի տիեզերա-աշխարհագրական կոորդինատները հաստատող նախապայման:Ո՞րն է ընդգծված ինտելեկտի և հզոր ինտուիցիայի փոխներթափանցման, Սոնա Վան բանաստեղծի մոտ այսքան ճշգրիտ արտահայտված, սկզբնական շարժման մեզ ճանաչելի մեկնակետը, - արդյո՞ք գիրը, իբրև որակական վերջնանյութ, գրազննության առարկա՝ իր բարձրակետում, գրողական հնարքների կամ տաղանդի դրսևորման, տեսողական փաստը (նաև լսողական՝ երաժշտականության) տեսանկյունից դիտարկելը ավելին է բերելու, քան այն, ինչ հենց Սոնա Վանն է հուշում. իր համակրական հաղորդակցության վստահության չափ վստահում ես ինքդ քեզ, և մոտենում ես բանալու անցքին, որտեղից փոքրիկ աղջկա բիբը ներառում է կյանքը («Կենսագրություն», էջ 7-9), բացվում է բնազդի առավել կատարյալ դրսևորման, նույն բերգսոնյան «ինտուիցիայի միգամածության» առաջ… Աղջնակն ու «ես»դ ամեն բան գիտեն հավատի, սիրո, արարման մասին, վստահության ու ճանաչողության, քահանա պապի աշխարհիկության , հոր - Երկնավոր հոր մեծ խղճի մասին, «Աստծո համար» բառ հորինելու պահանջի դեպքում՝ մի անօրինակ զգուշավորության («հայրս ասում էր…», էջ 34), անհավատների հոնքի կորության («Գյուղում», էջ 15), հավատավորի՝ շուրթերի վրա անուն առնելու և այն անտեղի չճաշակելու պատվիրանային գաղտնիքի մասին. «…ես քեզ կբռնեմ / նույն զգուշությամբ / որով հայրիկս / տուփից հանում էր / մարմինդ փխրուն / ու զգույշ դնում / իմ տոնածառի կատարի վրա…», «…բավ է անտարբեր / փշրես պսակդ / աշխարհի վրա / ահա իմ ձեռքը / իջիր ափիս մեջ…», «…վերջին անգամ եմ / ձեռքս հանում դուրս / եթե ուզում ես / իջիր ափիս մեջ…» («Սուրբ Ծնունդ», էջ 21), և այս բոլորը՝ «Ես անուն չունեմ» գրքի առաջին էջից սկսած…Քեզ են վստահված ժառանգվող ժպիտն ու նամակները… տատի գաղտնիքն ու Աստվածուհի մոր «ոտնահետքերը / երկինք բարձրացող» (էջ 39), մայրապաշտության աղոթքի մասը, երբ որ ականջ է դնում երկնքին, իր յուրատեսակ «ամեն»ով հանդերձ և «…ի՞նչ է / Աստված մի մոր չափ չկա՞ / կամ ավելի շուտ / մի՞թե բավարար / Աստված չես դու / ՄԱՅՐ…» (էջ 19), ավելացնելով՝ «Աստված / երբ որ գա գնալու ժամը / ինձ մորս ձայնով կկանչես միայն…» (էջ 64), իսկ մինչ այդ՝ ահա, «տարբեր չափերի / վիրակապեր են / մորս մատները…», «ես վախենում եմ / եկող օրերիս / վերքերի համար…» (էջ 66):Սրբությունների իր սկիզբն ունի Սոնա Վանը, որից գալիս ու որին մերձենում է իր՝ օղակ-օղակ խոյապարի մեջ. «Պար ավազի վրա», բայց խոյապարը թողնենք հաջորդիվ. («Ես ձայն եմ լսում»), իսկ նախ՝ թարս երազ, ապա՝ թարս հրաշք, - ծանոթ քահանա, որ թողություն է տալիս մեղքերին, դատարկված մեղքատուն…Ապաշխարության կարիքը չունի, ապաշխարության մասին խոսք չկա երկնքի ճամփին, դրախտի հեռու արվարձաններում, և ո՛չ դժոխքում. «…մի ուղեկորույս / հրեշտակ է մեզ / հանդիպում ճամփին», ծռվում է ճամփան, «…բայց հետո ուղիղ / տանում է… ԱՅՆՏԵՂ» (էջ 19), իսկ «սուրբ ծերունին» նույն հառաչանքով մի քանի կոճղ է դնում դժոխքի կրակի վրա («Այդ օրը», էջ 36)… ու դանդաղ խառնում:Սոնան իր ներքին բարեխոսն ունի՝ բանալու անցքից նայող մանուկ աղջկական անկեղծ-խաղարկուն խոսքով, ծնկներին արյունած, «հրեշտակների սուրբ սխալներից» մի քիչ վախեցող (էջ 37), որ որոշել է իր «…հաջորդ կյանքում / ապրել որպես փուշ / պսակի վրա հաջորդ փրկիչի…» («Ես ձանձրացել եմ», էջ 45) և միանգամից երանգավորել. «Դու / չե՞ս ձանձրացել / այսքան ժամանակ / Աստված լինելուց…» (էջ 46), մինչդեռ՝ մազերն ուսերին թափած, ինքն էլ պատրաստ է մի փշե պսակ կրել ճակատին. - և համոզում է… («Երբ ես ուզում եմ», էջ 90):Ինտելեկտի և ինտուիցիայի, գիտակցության կամ ենթագիտակցության, իմացության կամ բնատուր ճանաչողության, - ինչ կերպ էլ ասենք, - Սոնա Վան բանաստեղծի երևույթին իր հաշվեկշիռը կարգավորում է վերևներում, - զգայական նյութը, թերևս, վստահելով վերընթաց կամ գահավիժ հոսանքներին… Կին է իր զգայական տեսակով, Արթյուր-ռեմբոյական հայտնությանը պատշաճող, - պայծառատեսի խոսքերով ասած՝ այն մեկը, որ «կհայտնաբերի արտասովոր, անչափելի, զզվելի, հմայիչ բաներ» ու կասի անսովոր կերպով, երբ հենց ինքը՝ կին բանաստեղծը գա…Հիրավի, տողի թափն ու պատկերի գեղարվեստական արժեքը ճշմարիտ գրողի համար սեռային տարանջատումներ չի ճանաչում, իսկ զգայականության տարածքից եկող սարսուռը, ահա, իր անունն ունի՝ Սոնա անունով. մրգահոտ դրախտ, և լեզվի վրա իր սովոր համը՝ նաև արցունքի, - «ու լեզվիս ծայրով / փորձում-գտնում եմ / մեր նստարանը» (էջ 70), իր՝ դողդողացող ազդրերի միջով իրեն համաքայլ երջանկության պես ծանոթ, «նախորդ / ու հաջորդ / շարժման արանքում / լլկված ազդրերի / անշարժությունը…» (էջ 83), կնոջ կոնքերի մետամորֆոզը կերպարավորող… նրա, որ մեկ-մեկ ուզում է ասել «պարզապես գնա», ու հարցնում է. «գնա՞ / բայց տեսնես / իր քարանձավում / ի՞նչ խոսքերով է ողբացել մահը առաջին այրին…» (էջ 80)… նրա, ում հասուն զայրույթի պահին ասել են՝ գնա՛, ով ինքը գիտե իրեն համոզել. «հետո իմացա… / որ դու այդ օրը / արթնացել էիր / ձախ ոտքիդ վրա…» (էջ 37):Կինն է, որ ինքնին մոր պաշտամունք է, և պաշտամունքն այդ կրելով հանդերձ, դստերը պիտի ճանաչողության իր դասերը տա, և դա էլ կանի նրբատեսորեն. «ուզո՞ւմ ես տեսնել / ինչ են դառնալու / նրբին մատներդ… / տարիներ հետո…» (էջ 69), և տեսանելին պիտի ճանաչես ալքիմիկոսի խոհանոցային իրավիճակում. «նա թերթ էր կարդում…», «իսկ ես… / այդ օրը… / որոշել էի / վերջապես մաքրել / սևացած / թասս» (էջ 89)…Արվեստագետ-կնոջ զուգադիր գոյակցությունը, երկուսն էլ գունեղ, բանաստեղծի մեջ խթանում են այն նույն գեղագետին, ով ճաշակավոր ընտրողականությամբ ճշգրիտ զգեստ է հանում իր տողի պահարաններից, - ծաղկավոր հագուստ, կարճառոտ մի փեշ, երբ խաղարկում է, զոլավոր հագուստ, լաթը ճակատին, երբ սպասումից խելահեղորեն ետուառաջ է անում սենյակում, կարմիր ու թիթիզ՝ կրծքաբաց մի շոր, երբ տոն է տոնում ոգեցնծության, մենության ներսում՝ չթե անշուք շոր, դիմակների մի ողջ պատկերասրահ, երբ անկեղծության հաբ է ընդունում, վարդը՝ վարսերին, երբ իր սրտի չափ անկեղծանում է ուրախությունից…Իր սիրելիի, անցած ու գալիք սերերի հանդեպ պաշտամունքային ներքին դող ունի Աստծո անունով, Աստծո չափ ներկա, Նրա չափ անտես, շղթայից կախված խաչելությունը համբուրող շուրթի և նույն շուրթերի խոնավության ու բառի արանքում…Սոնան անկեղծ է. «Ես անուն չունեմ…» կասի այն օրը, երբ արմատախիլ ծառի պես պոկվի իր սովոր հողից… Օտար քաղաքում, օտարալեզու, - մատով կկանչեն… Հուշերն ու անցյալ հուշատետրերը որքան էլ այրի, մեկ է, երազում հուշը կարթնանա…«Ես ձայն եմ լսում…», - ինքն իրեն հետո դեռ կարձագանքի, երբ օդանավի ծանոթ չվերթը մոլորակային ուղեծրի նման հարազատ դառնա, ամեն թռիչքով մերձենա Աստծուն, մոտիկից լսի ձայնը վերևի, գրի երկնքից՝ օդանավի մեջ, բայցև հասկանա, որ ձգողության կենտրոնը ահա հողի վրա է, Աստված էլ՝ այնտեղ, և այդ ձայնից է զորանում նաև իր նոր հավատը… Նրա, ով գիտե դեռ չծնվածին կենսագրություն տալ ու հիշողություն՝ «Զրույց կորցրած մանկանս հետ», ով ի զորու է գրել մի բալլադ… իր «…ձիու մասին…»:ԳՈՀԱՐ  ԳԱԼՍՏՅԱՆբանաստեղծ, հրապարակախոսՀ.Գ. Կիսատ մնաց գուցե… «դիմանկարս թող կիսատ մնա / (ես ընդհանրապես / այդպես եմ սիրում)…» (էջ 116), իսկ ես կասեմ որ, ոչ թե կիսատ, այլ թող որ բաց մնա… և ամեն հաջորդ անդրադարձի մեջ, թող նոր դիմագիծ ճանաչվի քեզնից…


2008թ., Երևան


bottom of page