top of page

Կարծիքներ / Սոնա Վանի մասին

   ***

…Տարբեր են մեր` իմ և քո բանաստեղծական ձեռագրերը, պոետիկան, արվեստի ու գրականության նկատմամբ ունեցած մեր մոտեցումները: Սակայն դա չի խանգարում, որ ես բարձր գնահատեմ քո պոեզիան, գրելաձևիդ թարմությունը, մտածողությանդ ինքնատիպությունը, աստվածայինի քո յուրահատուկ ըմբռնումը, Քրիստոսին խոհանոց հրավիրող` երկրորդ հարկի հարևան ու երբեմն էլ ճաշիդ սոխ հասցնող` կանացիորեն հմայիչ համարձակությունդ, չի խանգարում, որ ես խորապես արժեվորեմ օտար ափերում այդքան հայորեն մտածելու ու այսպիսի հմտությամբ գրելու քո անուրանալի շնորհը: Սրտանց ողջունում եմ «Ես անուն չունեմ» գրքիդ անուն հանելը և մաղթում, որ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում լինի գիրն ու խոսքը սնող մի այնպիսի մթնոլորտ, ուր դու կկարողանաս լիովին իրացնել քո աստվածատուր շնորհները:


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

                                                                               ***

Սրանք… բանաստեղծություններ են: Ուրիշ ածականներ պետք չեն: Առաջին իսկ ընթերցումի ընթացքում հասկացա, որ սա բոլորովին նոր ձայն է, և այս գործերը իրավունքը ունեն անհատական ճակատագրի: Այստեղ առկա են հավերժական կնոջ հոգեբանական բոլոր ենթաշերտերը` նախնական ժամանակներից մինչև ժամանակակից, քաղաքակիրթ կինը: Սոնա Վանի այս գիրքը (խոսքը «Զուգահեռ անքնություններ» ռուսերեն գրքի մասին է) աննախադեպ երևույթ է` սովետական կայսրության փլուզումից հետո: Շնորհավորում եմ այս գրքի ճանապարհին հավատացողներին և Սոնա Վանի նոր ռուս ընթերցողներին…

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ, արձակագիր

Մոսկվա, «Բիլինգվա» ակումբ,

հատված շնորհանդեսի բացման խոսքից





                                                                           ***

...Սթափ անզարդ բառեր:

Տողերի կառուցիկ հյուսվածք:

Շարժումի ներքին ուժականություն:

Ապրումի տաք, դյուրահաղորդ շունչ:

Այս և նման բոլոր որակները միասինª թռիչքի մեջ գոյատևող արարվածք- բանաստեղծություն:

Սոնա - Վանի հասունության միջօրեին հասած բանաստեղծությունը զորավոր ուժ է հայոց լեզվով ու հայ գրականությամբ ապրող ամեն մեկիս համար:

Բանաստեղծական շշուկն ու բանաստեղծական ճիչը նրա գրվածքներում, մեր մանկության տան ձայները մեզ վերադարձնելուց զատ, գնում են միանալու նույնանման շշուկներին ու ճիչերին, որ դարերով արձանագրվել են հայ բանաստեղծական արվեստում:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

                                                                             ***

Չնայած ակնհայտ ինտելեկտուալ ուժի, սա ոչ թե իմացության, այլ էմոցիայի ներքին հոգևոր շարժման տանող գրականություն է, որը ընթերցողին հասնում է հաճույքի ու կարեկցանքի նրբերանգով£ Զգացողությունների և հոգեվիճակների համարյա աճպարարական ընթացքի մեջ Սոնա Վանը բազմաթիվ հոգեբանական հայտնություններ է անում, առանց զոհաբերելու խոսքի պարզությունն ու թափանցիկությունը: Սա գիր է, որը հայտվում է անճիգ թեթևությամբ, բայց ընթերցողի հիշողության մեջ ամրագրվում է որմնանկարի ամրությամբ, հաճախ դառնալով նրա հոգևոր կենսագրության հավելումը:

Սա գգացող ու մտածող կնոջ ձայն է... ինքնատիպ, ոչ մեկին չնմանվող: Ինձ հատկապես հիացնում է մտքի խորը և մակերեսային շերտերի միջև ճշգրիտ ու նուրբ հարաբերություններ ստեղծելու նրա տաղանդը, բնության ու արյան լսելի ու երևակայական ոիթմերի միջև ներդաշնակություն գտնելու նրա անճիգ մղվածությունը: Ոչ միայն դրամատիկ վիճակներում ու հավերժական թեմաներում, այլ մինչև իսկ ապրումի կոմիկականության մեջ Սոնա Վանին զարմանալիորեն հաջողվում է դիպչել ընթերցողի հոգու ու ինտելեկտի նրբագույն շերտերին, առաջացնելով մարդկային փորձի իրական զգացողություն: Մեր հանդիպումը նախ տողերի մեջ և ապա անձամբ, իմ կյանքի ամենաթանկ ու գունեղ անակնկալներից է: Սոնա վանը մեր ժամանակների մեծագույն երևույթներից է:

                                                                                                                     ԻՆՆԱ  ԼԻՍՆՅԱՆՍԿԱՅԱ

                                                                                                                        բանաստեղծ, թարգմանիչ,

                                                                                                              «Պոետ» մրցանակի դափնեկիր


                                                                                    ***

Առաջինը «Արևածաղիկներ» շարքն էր, որն իր անփույթ հզորությամբ ու վանգոգյան արևածաղիկների գունեղ, պարզ տաքությամբ ապշեցրեց ինձ: Դրանից հետո էր, որ որ ես դարձա Սոնայի նոր հայտնությունների սպասողը, առաջին ընթերցողն ու առաջին քննադատը: Չգիտեմ, գրականության պատմության մեջ կա՞ գրող, ով ինքն իրենով (այլ ոչ իր կերպարներով) այնպես ամբողջականորեն ներկայացնի արական սկիզբը, ինչպես Սոնան է ներկայացնում իգականը - ահա կինը ասելու պես: Կա՞ արդյոք իր անհատականության հետ այդքան համահունչ պոետական ձայն, կանացիության այսպիսի եզակի չափ կրող մեկ այլ կին-բանաստեղծ (գիտեմ, որ չի սիրում բանաստեղծուհի բառը), որի ապրելու ու գրելու ձևը քմահաճ ու թեթև «պար է ավազի վրա», բայց որի ձայնի հոգևոր հետագիծը իր հզորության առումով առավել քան արական է: Կարելի է ասել, որ սա ոչ թե կնոջ կամ տղամարդու, այլ անսեռ հոգու ձայն է: Սա «հաց տվողի», «կարմիր խաչի» «գթության քրոջ» գործ է, որտեղ սեռը ոչ թե բացակայում է, այլ պարզապես կարևոր չէ: Սա մարդո°ւ պոեզիա է, որի միջոցով կինը տոնում է իր սեռի կատարելությունը, ծանոթանում իր գենի պոտենցիալին, իսկ տղամարդը` հայտնաբերում է կնոջը, առավել ամբողջական ու զգոն մեկ այլ ավելի բարձր հարթության մեջ: Սա միևնույն բաց ու գզոն ներվով կյանքն ու մահը փորձակող, տառապանքն ու հրճվանքը հավասարապես կրողի խոսք է, որտեղ չկա ճիգ, չկա քարոզելու ցանկություն, չկա երևալու մարմաջ: Կա շռայլ օժտվածություն, լեզվի յուրօրինակ զգացողություն, մերկանալու համարձակություն, բացարձակ աչք ու ճաշակ, աննախադեպ կենսաէներգիա, մեծ անհատականություն ու արտիստիզմ, որը ի դեպ ոչ թե գեղագիտությանն է ծառայում միայն, այլ նախ և առաջ կարեկցանքի գործիք է, որով Սոնան նախ իր, ապա ընթերցողի աչքն է փրկում իրականության տխեղծությունից: Միայն ընտրյալին հատուկ այս շնորհների համադրությամբ է, որ դասականության ու պոետական լեզվի պայմանականությունները խախտելով հանդերձ ու առանց պաթոսի Սոնա Վանին այնուամենայնիվ հաջողվում է ընթերցողի ծույլ ականջը բերել կատարյալ սևեռումի, պաթոսը թողնելով տողի անակնկալ վերադարձին: նրա հիշողության մեջ, որը երբեք չի ուշանում:

ՎԱՀԱՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ (2013թ.)

բանաստեղծ, թատերագիր,

«Նարցիս» պարբերականի համահիմնադիր և

գլխավոր խմբագիր:

ԲԱՌԻ ՏԱՃԱՐԸ

Ահա իմ առջև «Բառի տաճարը» վրացերեն գիրքն է:

Այն կառուցվել է կին-բանաստեղծ Սոնա Վանի խոսքով, ողողված նրա արցունքներով, գեղեցկացված ամենօրյա աշխատանքով: Հանուն ինչի: Հանուն հոգու հանգստությա՞ն: Հանուն մեղքերի թողությա՞ն, թե՞ պարզապես տանիք է գլխավերևում, որտեղ կարելի է պատսպարվել չար աչքից, փրկություն գտնել բոլոր կարերով ճարճատող այս աշխարհից: Ի՞նչ անել, «երբ նույնիսկ արհեստական ծաղիկներն են թոշնում ծաղկամանում եւ չկա վերքերը բուժող եւ ոչ ոք»

Ի՞նչ անել: Երևի պետք է գրել այնպիսի բանաստեղծություններ, ինչպիսին այս գրքում են - մեր բոլորիս ճանաչելի ցավով ու տագնապով լի, որոնց բանաստեղծը հայում է ոչ ոքի չնմանվող հայացքով: Սոնա Վանի բանաստեղծությունները ինձ երևակվում են քնի եւ արթնության, խելացնորության եւ իմաստության, հոգեկան ջերմության և ցավի սահմանում:

       Ծայրագույն վարդապետ Ռաֆայիլը (Կարելին) գրում է. «Որտեղ չկա ճշմարտություն, այնտեղ չկա Քրիստոս»:  Սոնա Վանի ճշմարտապես բյուրեղյա գիրքը ասես ներթափանցված է Փրկչի օրհնյալ հայացքով...

ՄԱՂԼԱՎԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ

Վրաստանի Գրողների միության նախագահ


                                                                              ***

Լինի դա հեռուստացույցից-երկինք... թե խոհանոցից-դրախտ... այստեղ կատարված թռիչքը ոչ թե իր մեծությամբ է զարմացնում, այլ այն բալետային ու նրբագեղ թեթևությամբ, որով ուղեկցվում է այդ համարյա անհնարին թվացող ցատկը: Տողի հավաստիությունը պահպանվում է հիմնականում ոչ թե ասվածով, այլ ասելու ձևով ու ձայնի ճշմարտացի ինտոնացիայով, որը հնչում է ոչ թե կրոնական դոգմայի դիրքերից, այլ պայծառատեսության առավել բարձր մի տարածքից «...այդպես է, որովհետև ինձ այդպես երևաց...»-ի պես: Սա արժանապատիվ մերկության պոեզիա է, որը սակայն ոչ թե վայրենի էրոսի, այլ ընդհակառակը` ողբերգականության ու կարեկցանքի զգացողություն է ծնում հանդեպ կանացի անպաշտպան մարմինն ու մինչև իսկ զայրյույթ, հանդեպ այն չարաշահելու կիրքը` ինչպես ռեմբրանդյան կտավներում պատկերված կանացի մերկությունը: ...Ոչ միայն լեզվական հյուսվածքի, այլ նաև կտավի, գծի, շարժանկարի, դրամայի, լույսի ու ստվերի տեղին ու ճշգրիտ կիրառումով է ստացվում վերջնական էֆեկտը և հենց այդ պատճառով էլ այն ոչ միայն ակուստիկ-իմացական է, այլ սիմֆոնիկ... գոյաբանական ռեալիզացիայի պահը ոչ թե ցնցումի, այլ հաճելի գլխապտույտի մեջ է գցում ընթերցողին... ու ցանկանում ես հենվել կոդքիդ մարդուն: Եվ սա ինքնին լավ, կարևոր բան է մեր օրերում... սա նաև բանաստեղծության սահմաները ընդարձակելու հաջողված օրինակ է... Վերջնարդյունքում սա քնի մեջ տեսանող կնոջ զրույցն է բաց աչքերով քնած ժամանակի տիկնիկի հետ:

ՅՈՒՐԻ  ԲԵԼՅԱՎՍԿԻ

«Կուլտուրա» թերթի գլխավոր խմբագիր /Մոսկվա

                                                                               ***

Ռուս բանաստեղծներին հիշելով ես փորձում եմ գտնել կապող թելեր, որոնցով հայկական մուսան առաջնորդում է Սոնա Վանին: Բայց բանը հենց այն է, որ նրա կոնցեպտուալ ժամանակակցությունը այստեղ սկսում է առնվազն Նարեկացուց (10-11 դդ) ... այս ամենը եղել է... եղել է... եղել է...:  Ալ. Բլոկը գնահատում էր Իսահակյանի պոեզիան հատկապես դրա թարմ, նորաստեղծ կուսականության համար: Թերևս այս երկու հատկանիշների` գոյաբանական սավառնումի և առարկայական անմիջականության համադրությունն է ժառանգել Սոնա Վանը իր երկարակյաց նախնիներից: Օվիդիոսի մասին չենք խոսում, բայց ասենք, որ անցյալ դարում ռուս բանաստեղծները ևս համակված էին «իրենց կորցրածի ցավով» ու կարոտախտով: Նրանց տանջում էր ոսկեդարի աղոտ հիշողությունը: Սոնա Վանը այդ ամենով առանձնապես չի տառապում, իսկ մանկության ոսկեդարը հայտնվում է անճիգ, ինքնին, երբ նա քայլում է մերթ Մոնմարտրով, մերթ Դաուն-Թաուն-ով, հընթացս յուրացնելով ու իրենը դարձնելով հիմա, այսօր իր շուրջ փռվող առօրեական, առարկայական աշխարհը:

Սոնա Վանը մտածում է վերլիբրով,  գրեթե չի հանդուրժում որևէ ձևական արգելք ու խայծ: Ձայնը, ռիթմը, զուգորդական ազատությունը չես որսա վերլուծության կարթով:  Ես հարցրեցի Սոնա Վանին, կարելի՞ է արդյոք հանգավորել նրա պոեզիան: Նա ասաց` կարելի է, բայց այնպես ասաց, որ ես իմ կողմից ավելացրեցի` սակայն զգուշորեն: Սա այն դեպքն է, երբ հեղինակի ինտուիցիան խթանում է թարգմանչի ինտուիցիան, և, ի վերջո, դրանք համընկնում են իրար:

Սոնային կոչում են նոր Սապֆո: Նոր` ամեն ինչում: Առավել կարևորն այլ բան է` ժամանակի բնական զգացողություն, որն ավելի խորն է ու ավելի նախնական, քան պատմական ժամանակը:

ԻԼՅԱ  ՖԱԼԻԿՈՎ

բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննադատ


                                                                                 ***

Սոնա Վանը տիրապետում է առանց տեսանելի ճիգի հոգեբանական մեկ ծայրահեղ վիճակից մյուսին անցնելու, փոքր ձևերի մեջ դրամատիկական մեծ խորք ու լիրիկական շարժում ստանալու դժվարին արվեստին: Բանաստեղծությունը այստեղ սկիզբ է առնում ապրումի ու թեմայի միաձույլ հայտնությամբ և մի քանի տողում ծավալվում որպես ամբողջական համակարգ, լի պատկերահոգեբանական գյուտերով, հարուստ, պարզ, բայց յուրօրինակ լեզվով ու գույնի ինքնատիպությամբ: Խոսք, որտեղ կարևորն ու տեսանելին միայն իրական, կենսական ուժով լի գեղարվեստական ապրումի զիգզագն է... պոեզիան որպես շարժվող գիտակցության նկար: Ինչպես Ուիլիամ Բլեյքի լիրիկայում այստեղ ևս Աստված ազատ, ճշմարիտ ու ստեղծագործ էություն է և ինչպես սարոյանական լավագույն պատմվածքներում այստեղ ևս առկա է ամերիկյան պրագմատիկ իրողության և հայի բնական էության բախումը:

...Ճիչի պես պրկված, պաճուճանքից զերծ ու կուռ այս տողերի հեղինակը երևի ինքն էլ չի գիտակցում, թե մտքի ինչ զարմանալի ու ինքնատիպ, գունեղ, հզոր ու ղրամատիկ շարժում ունի իր պոեզիան;

Ուիթմենյան «Խոտի տերևների» կյանք կոչվող համակարգի բացահայտման մղումներով և Սիլվա Պլատի խոստովանական լեզվի հմտությամբ է Սոնա Վանը յուրովի վերակերտում իր ներաշխարհի սահմանները, նոր չափումներ ու իմաստ հաղորղում իրականությանը, դառնալով բնական իրողությունների արձանագրողը, արդարացնողն ու ամոքիչը:

Ինչպես Վան Գոգի «Ծերունու կոշիկները» կտավի մեջ, Սոնա Վանի գործերը ևս ներկայացնում են մարդկային ճակատագիր, մարդու անցած ուղի-այնքան որ խորն է ապրումի, գույնի և առարկայի միասնությունը: Սոնա Վանը իմաստուն է որևէ հոգեվիճակ նկարագրելիս, բացառիկ` ճաշակի առումով և նաև հնարամիտ` անսպասելի ու ճիշտ բառը ընտրելու և պատկերը նոր ուղղությամբ ու չափումների մեջ դնելու հարցում: Մի ներքին գաղտնիք կա այստեղ` մտերմիկ, քեզ հետ, հենց կողքիդ գտնվող բնական ձայնի ներկայություն, որը միայն իրենն է... շփոթել անհնար է:

ԱՐՏԵՄ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ

բանաստեղծ, գրականագետ,                                                                                                              արտասահմանյան գրականության դոկտոր, պրոֆեսոր

                                                                             ***

…Ողջ ժողովածուն կարելի է կարդալ մեկ շնչով` չնայած որոշ փիլիսոփայական հարցադրումների խորության: Պատճառը գրի ազատ, ներքին անբռնազբոս ընթացքն է. բանաստեղծության մեջ չկա ճիգի հետք: Ջեյմս Ջոյսի §Ուլիս¦-ի նման այստեղ ևս խոսքի տրոհման հոգեբանական և տրամաբանական պահը վերապահված է ընթերցողին: Սոնա Վանը իր էությամբ արտիստ է: Նա բանաստեղծության մեջ դնում է իր էությունը, իր եսը, իր զգացումը, սակայն այնուհետ դուրս է գալիս այդ կեղևից, կախարդական մի ուժով մտնում մարդ էակի ներաշխարհը, ներսից զննում է նրան, մտահոգ է նրանով, ապրում է զգացման բազմազանությամբ և այն յուրօրինակ ներկայացնում ընթերցողին- նորովի, թարմաշունչ ասելիքով, նոր գույնով ու նոր շեշտով…

ԱԵԼԻՏԱ ԴՈԼԱԽԱՆՅԱՆ

գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ


***

 

Ես Սոնա Վանին կարդացի ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, և երկու դեպքում էլ առկա էր ինքնատիպ, հզոր բանաստևծական անհատականությունը և մտքի սրընթաց շարժման բնատուր ու թարմ պլաստիկան: Ժամանակն այստեղ գծային չէ: Այն կարող է սկսել տեսիլվող կամ դեռևս ոչ այնքան հստակ ապագայից և ընթանալ դեպի ներկան կամ անցյալը, ընթացքում աջ ու ձախ շրջվելով, կամ հապաղելով: Ժամանակի այսպիսի զիգզագումների  և ասոցիացիաների համարյա տարօրինակ թվացող այսպիսի նորության պարագայում` ստեղծագործողի մտքի առողջությունն ու իրատեսությունը պահպանելն իսկ ինքնին փորձություն է, որից Սոնա Վանը անցնում է առանց տեսանելի ճիգի, իր իսկ պատրաստած ծուղակից ամեն անգամ դուրս գալով հաղթանակած: Այս հնարքի հիմքում ընկած է կրքոտ սևեռումով տողի շարժման գիծը պահպանելու մեծ կարողությունը, գիծ, որը հաճախ հանճարեղ նկարչի գծի ճշգրտությունն ունի: Սա մտքի վիրտուոզ շարժման ակտ է` առանց մատիտը թղթից կտրելու` կատարյալ պատկեր ստանալու բացառիկ շնորհ: Հիշողության և ժամանակի կոնտեքստում Սոնա Վանին հաջողվում է փոխանցել ոչ միայն ճշմարիտ ապրումի փորձը կամ հուշը, այլ նաև տեսանելի դարձնել տարբեր ժամանակների և տարբեր հիշողությունների փոխհարաբերությունը, դրանց կենսագրությունն ու էվոլյուցիան` ծնունդից մինչև քայքայում, մինչև մոռացություն, մինչև մահ: Սա բանաստեղծի միակ ձեռքբերումը չէ: Ու սա միակ ձեռքբերումը չէ: Ես հպարտությամբ կներկայացնեմ Սոնա Վանին թե՛ եվրոպացի ընթերցողին, թե՛ նախնական կամ վայրի ցեղերին: Ու ես պետք է անեմ դա:

ԱՄԻՆԱ  ՄՈՒՀԱՄԵԴ / արվեստաբան

Լոս Անջելես, Փարիզ


                                                                               ***

Կյանքի բանաստեղծության հայտնաբերումը որքան դժվարին, նույնքան էլ համոզիչ գրավականն է իսկական տաղանդի: Սոնա Վանի գրի առանձնահատկությունը նոր խոսք ասելու ձգտումն է և այն իրագործելու ակնբախ կարողությունը… որով շարժումը դառնում է բանաստեղծական կառույցի գլխավոր միջոցը` վարակիչ քնարականության հետ միասին… և անկենդան իրերը նրա գրչի տակ դառնում են մարդկային ապրումների դրսևորման միջոցներ: Սոնա Վանի հերոսուհին վերին աստիճանի կանացի էակ է, հմայիչ, մի փոքր անսովոր, բայց ոչ սանձարձակ: Հեղինակը հաճախ է դիմում քրիստոնեական միֆերի ու կերպարների, սակայն դժվար է կողմնորոշվել` հավատացյա±լ է նա, թե ոչ: Ինքն էլ չգիտի` «մեկ հավատում եմ…մեկ չեմ հավատում…»:

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի

թղթակից անդամ

 

                                                                             ***

Ես չեմ ուզում Սոնա Վանի պոեզիան որևէ իզմով անվանակոչել, եթե անվանակոչեմ, կանվանակոչեմ` Հայ բանաստեղծական աշխարհի նոր երևույթ… Ինքնատիպ մտածելակերպի ազատություն, որը արվեստի ուժ ունի… որքան էլ եսական լինի սերը… այն չունի ներփակ վիճակ, իսկույն ընդհանրանում է, դառնում ամենքինը, դառնում բոլորանվեր: Ինչպես արևաբաց վարդը, որ ինքն է իր հմայքով, բայց շրջապատված բույրի ու թովչանքի ձգողականությամբ, այս գիրքը եդեմական մի պտուղ է… հայախոս սիրո մատյան…


 ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆ,1996 Թ.

բանաստեղծ Երևան


                                                                             ***

…Կին զգայադարան, այս է գրքի քնարական հերոսուհին… հոգեբանական խորություններ ու ներքին անդունդներ ունեցող անհատը, որը քեզ ասելիք ունի և այդ ասելիքն ասելու այնպիսի շնորհք, որ կես բառով, հեռավոր մի ակնարկով քեզ գաղտնիք է վստահում` ապրած կյանքի թանկարժեք գաղտնիք:

Լավ է գտնված գրքի վերնագիրը. «Ես անուն չունեմ», որ նշանակում է նախ` ես կին եմ, կնոջ ոգի, համատարած ու հարակա… գիշերային վարդ… առկա, իրական, մոտիկ ու մատչելի, բայց առեղծված, որովհետև դա թե՛ առասպելական, թե՛ ժամանակակից, Շամիրամի ու Կլեոպատրայի մարմինն է` դարերի թրթիռը վրան:

Սոնա Վանը բանաստեղծական հայտնությանը հասնում է զգացումի և ընկալման աննախադեպ հոգևոր համադրությամբ: Արարչագործությամբ կամ պարզ ալքիլիայով նյութը վերածվում է ոգու ազնիվ մետաղի` իր նույնքան ազնիվ հնչեղությամբ: Ահա սա է Սոնա Վանը, որը ներկայացնում է հայ բանաստեղծության 21-րդ դարը: Նրա խոսքի հմայքը իրականի և անիրականի սահմանագիծն է` որպես կախարդանք, որպես կյանքի բանաստեղծական պատմություն և կամ պատմության բանաստեղծական կյանք: Սոնա Վանը բարձր ու մնայուն, ինտելեկտուալ բանաստեղծության իր վարկանիշով և մտքի սրընթացությամբ, որ գերազանցում է կայծակի արագությունը, ներկայանում է որպես մեր ժամանակների մի նոր Սաֆո, որն «ուզում է տրվել անծանոթներին / անցնել ձեռքեձեռք / բերնեբերան / հի¯ն / տերունական աղոթքի նման…»: Ծափահարենք ժամանակակից հայ պոեզիայի թագուհուն…

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Չարենցագետ 


                                                                            ***

…Պատումի ջղաձիգ ընթացքը ձևավորվում է գործողությունների սուր և կտրող շրջադարձումներով, բառի սուղ և սեղմ գործածումով, տողի պիրկ և պլաստիկ շարժումներով, հնչերանգի ընդհատ և ծորուն շեշտադրումներով` հոգու դանդաղ, մանրամասն ճկվածքով ու բացվածությամբ… ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի ավելորդ բառ, խիտ, լեցուն ու լարված… Հատու ռիթմն ու խոսուն դադարները դառնում են պահի ճակատագրայնությունը շեշտող կառուցվածքային որոշիչ գործոններ: Տագնապի դրոշմն առկա է անգամ բանաստեղծական տեքստի սեղմվող- ձգվող գծանկարում: Խոսքի դրամատիկ զարգացման մեջ կա գրավիչ ինտրիգի տարր: Սոնա Վանը չի կոկում-հղկում մտային հոսքը, այլ թողնում է, որ նախանյութը հոսի իր բացած հունով` բնազդորեն: Բանաստեղծի միտքը անսանձ թափառումների մեջ խախտելով բոլոր կաշկանդումները, գունավորում, իմաստավորում է կյանքի դատարկ շրջանակները: Այստեղ միատեղ են լինելն ու չլինելը, հիշելն ու մոռանալը, որովհետև մտքի սահմաններում միաձույլ են առարկայականն ու աննյութականը, իրականն ու անիրականը, իմանալին և անորսալին: Հակադարձումների ուժից ծնվում է բախումը, որ մի ծայրով պայքար է աշխարհի և մարդու, մեկ այլ ծայրով` Աստծո, ապա նաև` իր դեմ: Խոհերը ծնվում են ներկայից, բայց չեն հենվում դրան: Ապագան` հավերժության խոստումով անգամ չի ձգում բանաստեղծին: Ծնվում է ժամանակի մի նոր չափում` ապագայի ապագան, որ հոգու ազատության ժամանակն է… ու հենց այդ ժամանակի բարձունքից է հեգնում, քամահրում հավերժությունն ու մահը: Ժամանակի ուղղագիծ ընթացքը խախտվում է և որոնող միտքը ազատորեն թևածում է անժամանակ կեցության տիրույթներում: Սա մենաթատրոն է… խոսք, որը ներանձնական ապրումների խորացող վիհերում ստանում է տիեզերական ընդգրկումներ:

ՌՈՒԶԱՆՆԱ  ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

գրականագետ,

բանասիրական գիտությունների դոկտոր


                                                                           ***

…Առաջին ցնցումը «Քրիստոսը խոհանոցում»  բանաստեղծությունն էր… պարականոն մի տեքստ, որտեղ շարունակելով պարականոնի ավանդույթները, Սոնա Վանը տալիս է միայն զտարյուն պոեզիայի ընձեռած հնարավորություններով դարձի ու փրկության ճանապարհը… այս մեկ բանաստեղծությամբ կատարելով իր առաքելությունը… և այս մեկ բանաստեղծությամբ արդեն կատարյալ է ծեսը…: Համաշխարհային գրականության պատմության ընթացքին միայն Լև Տոլստոյին և Ուոլթ Ուիթմենին է հաջողվել խուսափել գրողին պարտադրված օտարացումից: Այս հոլովույթում` Սոնա Վանը կարողացել է հաղթահարել պոեզիայի նկատմամբ անտարբերությունն ու անհասկացողությունը: Հայտնի միտք կա. «Թումանյանը իր տաղանդն էր տվել գրականությանը, իսկ հանճարը` կյանքին» : Ահա Սոնա Վանը արդի կյանքի համար առավել հերոս հոգի է:

ՏԻԳՐԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

բանաստեղծ, թարգմանիչ


                                                                               ***

…Արամյան երկրի բնիկներին Աստված ի վերուստ է շնորհել ոգեղեն քնար… և ահա նրանցից մեկը, որը կրկին մշակույթով զարմացնում է հայրենի հողը, այն դարձնելով սրբազան աշխարհագրություն: կարդում եմ Սոնա Վանին ու հիշում Կոմիտասի «Չինարը», «Սոնա յարը»: Այս նույն Սոնան է… Հիշում ես նաև հանճարների սերունդ Վանը իր հնագույն երգերով: Սերն էլ հին է Սոնա Վանի երգերում: Սերը շատ հին է, զգացմունքը դեռևս իր մաքուր վիճակում է` բախված 20-րդ դարի փաստին, բախված նաև մի Բաբելոնի աղմուկի, որի մեջ ծվարած թաքուն վառվում է իր սերը, աշխարհի սերը, մեր սերը:

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ


                                                                          ***…«Առանց հրաշագործի կեցվածք ընդունելու» Սոնա Վանը հրաշքներ է գործում գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ... այնքան անճիգ, հեշտ ու աննկատ է իր եսը քո եսին խառնում, զարմանալի տեսողականությամբ նոր գույներ, նոր կողմեր բացում քեզ համար… Ե’վ վարպետության, և’ ասելիքի և թե թեմատիկ ընդգրկումների առումով Սոնան նոր սահմաններ է նվաճել: Պարզ ու անպաճույճ խոսքերով, հասարակ, առօրեական բաների մասին խոսել-խորհելով բանաստեղծական նման իրողություն ստեղծելու, առանց ճիգ ու ջանքի ընթերցողին իր համախոհը դարձնելու համար յուրահատուկ շնորհ, հազվագյուտ տաղանդ է հարկավոր, որով հաստատապես օժտված է Սոնա Վանը…ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆբանաստեղծ, թարգմանիչ«Ես անուն չունեմ»


                                                                             ***

…Սոնա Վանը անսպասելի հայտնություններ է անում, որոնք ավելի շուտ բանաստեղծական են, քան հոգեբանական: Սերը այստեղ հեռու է անձուկ լինելուց, չկան տրտունջներ, բողոքներ, լալկան բառեր ու տողեր, որ հատուկ են կին բանաստեղծին: Սոնան միշտ ընդգծում է հոգեվիճակը, որը փիլիսոփայորեն հրաշալի է և վկայում է այն մասին, որ հեղինակը իր զգացմունքների վրա իշխող ուժեղ անհատականություն է: Ինձ դուր է գալիս նրա օբեկտիվ հայեցողության այն անկեղծ, անմիջական, թարմ, հետաքրքիր ու գրավիչ ձևը, ինչպես նաև պատկերային-այլաբանական ընդհանրացումների հասնելու մեծ կարողությունը…

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

բանաստեղծ, թարգմանիչ


                                                                                ***… Գոյության իմաստի շուրջ ռիթմական ասելիք ունի Սոնա Վանը. ասելիք, որը իբրև կենսափիլիսոփայություն ընդգրկվել և խորացրել է իր սահմաններն այնքան, որ ամեն բան, կամ ամենայն ինչը տեսնվում է համամոլորակային դիտարկմամբ, մասշտաբային անհանգստությամբ ու տագնապով, արդիականության և պատմության մեկտեղմամբ:Աշխարհի մասին նրա վկայությունը` ճգնավորի չէ, այլ մասնակցի` ճակատագրով… Հանկարծակի մետաֆորների ինչպիսի անձրևներ էլ տեղան նրա պոետական տեղանքում` լուսավոր, վառվռուն, խավարամուծ, ուժգին, մեղմ, թե ցաքուցրիվ- ճակատագիրն ու ապրումը տողի մեջ են. և իրականության հետ այդ իրավունքով է խոսում կամ մենախոսում բանաստեղծը…Մեծ կոնֆլիկտները լուծվում են բանաստեղծական էջի վրա: Լուծվում են` միայն տաղանդի ուժով: Լուծվում են` միմիայն օրհնությամբ լույսիՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆբանաստեղծ, թարգմանիչ



                                                                         ***

Այս արական գրի հեղինակը մարտահրավեր է նետում անցյալին ու ներկային, ձեռնոց` ապագային, իսկ որպես էսթետ` ամեն տեսակի ու գույնի «իզմերին» ու ուղղություններին: Բայց իր ասելիքն ասում է մերթ մեղեդու հնչերանգով, մերթ սաղմոսագիր, մերթ որպես կարկտահերթ, որ ցնցում է սեփական էությունը: Եվ, ուրեմն նաև, մե՞ր էությունը` իր ընթերցողի: Եվ ինչպիսի՜ ազատություն: Հավատ, Հույս, Սեր եռաստիճան շառայլներում է թևածում այս տաղանդավոր արտիստի բանաստեղծությունը, և նման է Սիրո:

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

բանաստեղծ


                                                                             ***

… Թարմություն, անկեցվածք ըմբոստություն, խաղարկուն բանաստեղծական սեթևեթանք: Տեքստային ներկառուցվածքային հարուստ ընդգրկումներով նորաշունչ պոեզիա է ստեղծում Սոնա Վանը, որտեղ հաջողվում է կարճել մարդուն Աստծուց բաժանող սահմանը` խոսքի միջոցով: Սոնա Վանը մարտահրավեր է նետում ամենակարող ժամանակին ու հաղթում:

Մարդկային սիրո ընկալման մեջ Ս. Վանը վայելքի երգիչ է: Նրա ձայնը հատկապես պարզ է լսվում մարմնական սիրո` էրոսի դրսևորումներում, որոնք երբեք չեն անցնում նրբագեղության սահմանները ինչպես «Երգ- երգոցում»: Սեթևեթանքը հանկարծ վերածվում է կենսական ճշգրիտ ողբերգականության ընկալման, միանգամից բանաստեղծական աշխարհ է թափանցում մոգականությունը և մարգարեն վերածվում է աճպարարի, կախարդի, հրեշտակի: Սարսափելի ոչինչ չկա, քանզի Աստծո հետ լուռ մենամարտի մեջ պարտվում է մահը…

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

գրականագետ,

բանասիրական գիտությունների թեկնածու


                                                                      ***

Պարզության, անմիջականության և անկաշկանդության ձգտումը բարեբախտաբար չի անցնում այն սահմանը, որից այն կողմ «ինքնատիպություն» խաղալու ամեն փորձ պատժվում է հմայքի ու հրապույրի անխուսափելի կորուստներով:

Մարդկային և բանաստեղծական էությունների ներդաշնակությամբ Սոնա Վանը ստեղծում է նուրբ, թարմ ու տպավորիչ ապրումներով հագեցած մի աշխարհ, որը սիրվեց ու ճանաչվեց Հայաստանում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

բանաստեղծ, թարգմանիչ


                                                                    ***

…Նոր աշխարհի անիմաստության վտանգավորության գաղափարից ծնվում է մի նոր հայտնություն, նոր մարգարեություն` ապոկոլիպսի մասին:

«Ես անուն չունեմ» գիրքն աչքի է ընկնում հղացման ու արտահայտման զարմանալի միասնությամբ… և իր բացառիկությամբ, անկասկած իր տեղը և դերը ունի մեր նորագույն պոեզիայի մեջ: … Աշխարհաճանաչողության մի ուրույն ու նոր համակարգ է ներկայացվում մեզ, որը նպատակային զարգացմամբ հանգեցնում է հավերժական արժեքների` բարու, գեղեցիկի, գթության, սիրո, հավատի և Աստծո պաշտամունքին:

Հեղինակը ոչինչ չի պարտադրում, այլ իր փորձ-փորձությունների տեսքով փոխանցում է մեզ: Եվ այդ արվեստը հենց նրանով է յուրօրինակ, որ կիսով չափ հայտնություն է, կիսով չափ խաղ կամ պարզապես աստվածային սրբազան պահմտոցի: 

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

գրականագետ,

բանասիրական գիտությունների թեկնածու


                                                                          ***

Հոգեկան մեծ տոն ապրեցի, կարդալով Սոնա Վանի «Փշրանքներ» գիրքը: Դրանցից մի քանիսը պարզապես հրաշք են . «Ես չեմ վախենում կորստից սիրո», «Պաշտե՞մ, թե սիրեմ քեզ», «Քեզ հետ երկու ենք», «Դու այն ես, ինչ կամ, գումարած այն, ինչ կուզեի լինել», «Եթե բացվի գաղտնիքը»  և այլն: Տեր Աստված, այսպիսի նուրբ ու սուրբ տողերից հետո ինչպես չասենք շնորհակալություն, Տեր… Եվ ինչպես վերջում չասեմ . «Գեղեցկուհի Սոնա, քեզ կարդալը տոն ա…»:

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

                                                                              ***

…Թվում է փոքր ինչ լարվելու դեպքում կարելի է ունկնդրել բանաստեղծի սրտի բաբախը` այդ տողերը գրելու պահին: Եվ եթե մի բանի բանաստեղծը հավատում է անվերապահորեն, ապա լուռ, անվերծանելի և անվերջանալի խաղին: Խաղ, որով երկրային ամեն ինչ ժխտվում ու հաստատվում է միաժամանակ… մի վայրկյանում ամեն ինչ պտտվում է երկրի ձգողականության տիրույթից և դառնում աննյութ ու անկշռելի, մատնացույց անելով հեռուներում գտնվող մեկ այլ հենման կետ... ինչ-որ անհայտ չորրորդ չափումների մեջ: Սա հացի պատմություն է, որը արագորեն փոխարկվում է տիեզերական ժամանակագրության: Սա երգ է, որ արարվում է, հնչում է միայն մեկ անգամ, բայց իսկույն փոխարինվում է առեղծվածի: Խորհրդակիր ռիթմերը քեզ տանում են, բառը ծանրանում է ողկույզի պես այնքան որ թրթռուն պատկերը այլևս կարիքը չունենա շրջանակի: Սոնան հարց է տալիս և նրա շուրթերով հարցնում են հարյուր-հազարները…

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ 

բանաստեղծ

                                                                       ***

…Վստահ եմ, որ բոլորը պիտի համաձայնեն ինձ հետ, երբ ասեմ, որ այո՞, ժամանակակից մեր քնարերգությունը ունեցավ մի նոր կերոն, որի լույսի տակ ջինջ ու պայծառ է երևում մտքի, հույզի և պատկերի միասնությունը և այդ միասնության մեջ տեսանելի շատ տեսանելի են ստեղծագործական մտածողությունը, ապրումների խորությունը և դրանք իրական գծերով ու պատկերներով ներկայացնելու հարազատ, ինքնուրույն մեկնաբանությունը:

ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ

                                                                   ***

Սոնա Վանի արվեստը յուրահատուկ ճշգրիտ ժամացույցներից է այն, որոնց հանդիպելիս կամա թե ակամա ցանկանում ես ճշգրտել քո ժամացույցը: Նրա տողերում կանացի պչրանքն այնքան բնական է, այնքան գեղեցիկ, որ նսեմացնում է ներկայիս կնոջը արժեզրկող բոլոր պաճուճանքները, իսկ նրա խոհականությունը իմ և աշխարհի բոլոր կանանց խոհականությունն է: Ես երկու ձեռքով միանում եմ առօրեական ու նաև երկնային շատ ու շատ բաներ վերցնելու ու նորից իրենց տեղը դնելու Սոնայի գյուտին: Առկա է նաև արձակագրի բարձր օժտվածություն, որի մասին վկայում եմ ոչ մի ժանրի մեջ չտեղավորվող նրա էսսեներն ու հարցազրույցները, որպես դեպի արձակը տանող մի շատ լավ ճանապարհ, իր երկու կողմերում ներդաշնակորեն ձգվող աստվածաշեն և մարդաշեն կառույցներով:

ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

արձակագիր, հրապարակախոս

                                                                   ***

Իմ առաջին ծանոթությունը Սոնա Վանի պոեզիային պայթյուն էր ու ցնցում: … Շնչակտուր ես լինում ասվածի լիքությունից, կարող ես սուզվել խեղդվելու աստիճան, բայց հանկարծ վեր ես հառնում` մաքրված ու պայծառացած: Հայտնություն է սա և աղոթք: Դրա համար էլ մահճակալիս աջ անկյունում «Աստվածաշունչն» է, ձախում – Սոնա Վանի գրքերը: Նա փոքրիկ իշխանի նման պատասխանատու է յուրաքանչյուր հոգու համար, ում ընտելացրել է: Չգիտեմ` կհասցնի Սոնան ծաղիկ առ ծաղիկ փրկել աշխարհը կործանումից…, բայց մարդ առ մարդ, հոգի առ հոգի – կհասցնի հաստատ:

ԿԱՐԻՆԵ ԼԱԶԱՐԵՎԱ

թարգմանիչ


                                                                         ***

…Սոնա Վանը գիւտը կ’ ընե խաղին. Սերն ու հավատքը կարելի չէ խաղի բերել, բայց Սոնա Վանին կը յաջողի խաղի միջոցով թեթեւցնել անոնց բեռը… իր նրբակերտ ճաշակն ու նրբագիր ճակատագիրը բաժնելով իր երկնային Խաղընկերոջ հետ: Շքեղորեն գեղարուեստական մանրաբեմադրություններ, ուր «թարս հրաշքները» միաձուլուած են լուռ մենախոսութիւններու հետ և ուր կը քշուիս, կը տարուիս, կը վերանաս` առօրեայէն ուղիղ յարութիեն առած հրաշք մածուցումներէն («քոլլաժ»): Անոնց ներքին մղիչ ուժը անդիմադրելի է: … Չկա ձևի անկենդանութիւն, առաջարկուած խաղերը զուարճութեան համար չեն: Ս. Վանի խաղը կը պեղէ մեռած առօրեան եւ յարութիւն կու տայ անոր: Իւրաքանչիւր քերթուած պատկեր մըն է, որ յարութիւն կ’ առնէ գլուխ – մարմին – ոգի եռամիասնութեան յատակներեն, որուն կեդրոնը ամեն տեղ է, իսկ տրամագիծը մինչև Աստուած կը հասնի, պատկեր` բազմազան ծանօթ մասերէ բաղկացած եւ սակայն գերբնականօրեն անտիպ եւ անծանօթ, անկախատեսելի, թէեւ գերազանցապես առօրեայ - առարկայական, նաեւ անխոցելի: Եթե Նարեկացին ի խորոց սրտի Աստծու հետ խօսք ունէր` իր աշխարհամարմին ծանրութեան թեթեւութիւն հայցելու խնդրով, Ս. Վան այդ բաղձալի թեթեըութիւնը ունի արդեն ի վերուստ, նույնիսկ եթէ ան բանաստեղծաբար խաղ է եւ խաղաղաբոյր… ինքնահրեշտակացում: Ի՞նչ պիտի մտածէր արդեօք ողբացեալ Վահէ Օշականը այս հատորէն մասին…


ՊԵՏՐՈՍ ԱԼԱՀԱՅՏՈՅԵԱՆ                                                                                                              արվեստաբան, երաժշտագետ                                                                                                                Լոս-անջելես

                                                                     ***

Տողի ներքին շարժման և այն արարող բանաստեղծի ֆիզիկական շարժման սինխրոնությունը միանգամից գրավեց լուսանկարչի իմ աչքը: Սոնան դարձավ իմ սիրելի բանաստեղծն ու իմ սիրելի նկարչական մոդելը: Հաճույք էր Սոնայի հետ աշխատելը: Ես փորձում էի ընդգծել նրա ներքին և արտաքին շարժման նույնականությունը. երկուսն էլ արտաքուստ թեթև ու պարային, իսկ ներքուստ խորն ու տրամաբանված: Նրա պոեզիան և անհատականությունը հավասարապես հզոր ու միմյանցից սնվող երկու էլեմենտներ են: Նրա ուժը ոչ թե պատկերի գույնն ու հզորությունն է, այլ այդ հզորությունը խաղարկելու ճիշտ մեթոդը, որի արդյունքում, ինչպես հաջողված գովազդի դեպքում, ընթերցողի ենթագիտակցության մեջ ստեղծվում են արդյունավետ ասոցիացիաներ, միմյանց կապելով ամենահեռավոր ցանկություններն ու երևույթները: Մի քանի ֆրանսերեն թարգմանությունների ընթերցումից հետո փարիզյան նորաձևության լեգենդը` Պիեր Գարդենը, որը բալետի և պոեզիայի սիրահար է այնքան հմայվեց Սոնա Վանի խոսքով, որ առաջարկեց ֆրանսերեն գրքի շնորհանդեսը կազմակերպել իր իսկ կենտրոնում: Ես անհամբերությամբ կսպասեմ այդ գրքին և այդ հանդիպմանը:

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱԿԱՎԵՑԿԱՅԱ                                                                                                         ֆոտոլրագրող, Մոսկվա, Փարիզ

                                                                   ***

…Սոնան դիմում է գարնանը և պահանջում, որ գարունը տոնի իր` կնոջ նորից սկսվելը… այն կնոջ, որ կարողացել է ցույց տալ սառցե բռունցքը սերտաճած, /որով հրում ենք ժամանակը/ ճերմակ ոչնչից դեպի հավերժություն/ … Նախանձում եմ այս տողերի հեղինակին, որ ինձնից շուտ է գլխի ընկել , արել այս հայտնագործությունը, որ մենք եթե անգամ տաշեղ ենք ժամանակի մեջ, ապա ոչ թե կորչում ենք այնտեղ, այլ օգնում ենք ժամանակին, հրում, որ գնա, գլորվի ոչ ավել ոչ պակաս քան դեպի հավերժություն… թե՞ խելքը, թե՞ կանացի թիթիզությունը, թե՞ բարեպաշտությունը այնքան համաձույլ են այստեղ, որ բնությունն ու Աստված ևս չեմ կարողանա ժպիտով չնայել իրենց իսկ նյութից, իրենց իսկ հորինած, իրենց իսկ ուղարկած այս կերտվածքի բանաստեղծական գեղանի հաղթարշավին: Իսկ թե ինչպես է ծնվում տողը, սա ևս չի թաքցնում Սոնան… ինչպես աճպարարն է ամբոխին բացատրում ֆոկուսի գաղտնքիը, որից հետո ունկնդիրը թող փորձի կրկնել այն, հասկանալ, թե ինչպես բացվեց բանաստեղծի լեզուն…


ԱՆՀԱՅՏ ԲԱՆԱՍՏԵՂԾ

                                                                 ***

Սոնա Վան բանաստեղծը հիացնում է իր անկեղծությամբ ու ընթերցողին վստահելու չափի անսովորությամբ, մարդկային փորձի, սիրո ու տառապանքի հետ կապված բոլոր զգացողությունների նրբերանգների իմացությամբ, որը նա վարպետորեն տեղափոխում է չափազանց ճշգրտորեն ընտրված բանաստեղծական ֆորմաների մեջ:

Նրա գործերը, չնայած պարզ բառերի ու առօրյա պատմողական խոսքի, խիստ տպավորիչ են, հագեցած սիրո հզոր էներգիայով ու ներշնչանքով: Ներքին մեծ ազատության, իրուդիցիայի ինչպես նաև ասոցիացիաների և օգտագործված մետաֆորների արտառոցությունը տողը դարձնում են բառացիորեն անմոռանալի: Եվ սա բանաստեղծական վարպետության ապացույց է: Սոնա Վանի երևակայությունը ևս օժտված է իր ինքնուրույն տրամաբանությամբ և դատողությամբ: Տողի շարժումը չի բախվում ընթերցողի մտքի շարժման հետ, այլ ընդհակառակը, ընկալվում է որպես վստահության ակտ, որով բանաստեղծը փոխանցում է տառապանքի փորձն ու սիրո բերկրանքը, հենց նրա համար հորինած անկրկնելիորեն նոր ու կարեկից գույնով:

ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ                                                                                                                  արվեստաբան

                                                               ***

Անցած դարի արևելյան հայոց պոեզիայի, մայրագրության Իսահակյան, Տերյան, Չարենց, Շիրազ, Սևակ երակին է միանում Սոնա Վանի մայրը, որը փոքրանալով «Աստված է դարձել» : Հայոց քերթողական արվեստի կին հեղինակները գալիս են 8-րդ դարից: Անցած դարի հայ գրականության երկու թևերում էլ գրականությունն ունեցավ առանձնացող ներկայացուցիչներ: Սոնա Վանը առանձնանում է ոչ միայն իր չափածոյով, այլև կին քնարական անհատով: Արիական արմենոիդի խելքով, Լիլիթ մարմնով, խելքով` Եվա հայուհու տեսակն է նրա քնարական անհատը:

20-րդ դարակեսի հայոց պոեզիայի մի քանի դասականներից հետո կնոջ մարմնի կրքահարույց գոտիները «մոռացության էին մատնվել»:

Նոր դարասկզբի այս կին պոետը շրջանցելով հայ մեկ-երկու պոետների գրգռիչ-հանդուգն, մանիֆեստային կոշտ հռչակները, բերում է կոնքերի իր քաղաքակիրթ պատկերումը: «/Երկու սիրեկան ունեցող կնոջ/ քայլվածքի նման/ ինքնավստահ ու ներողամիտ են դարձել/ կոնքերս»: Երբեմն ձեռնոց նետելու խիզախությամբ ասված իր մարմնական հրաշալիքները սիրո խոստովանություն, մենախոսություն ու սիրո հայտեր են մարմնական` յոթից ավելի հրաշալիքների մասին: Պատկերային ասելիքի թարմություն կա: Ինչքան էլ կինը փորձի կերպափոխվել, նա քայլում է «քույր, Շամիրամ ու Աստված» ուղեծրով: Ու եթե այդ պատկերային բարձունքներից յուրաքանչյուրում նա հավատարիմ է մնում տեսակի ……….., նրա կերպարային «մետաֆորները» բերում են լիարժեք դրսևորումներ, և ակամա գոհանում ես կնոջ կերպափոխությունների մարդկային կարողությունից:

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ                                                                                                                գրականագետ,բանասիրական գիտությունների դոկտոր                                                                                                                                                         Վանաձոր

                                                                      ***

… Բառերս գրվում են տարօրինակ/ խաղարկվում է կյանքս վայրկյանի մեջ…/: Որքան հրաշալի է, երբ երևույթի ինտուիցիան հայտնաբերվում է փորված լռության մեջ ¦, քանի որ այդպես, միայն այդպես է ճանաչողությունը փոխակերպվում ներկայացման: Այստեղ է, որ իր իսկ ստեղծած վստահության կենսադաշտում Սոնա Վանը, օգտագործելով խոսքը տնօրինելու իր ազնվական կարողությունը, կարողանում է համոզել այլոց, որ (փրկչի պես ) / … որոշել եմ մեռնել ես էլ / խաչի վրա/ ցուցադրաբար/ առողջ ու պատվերով/ որ այնուհետ լինեմ… ավելի ողջ/:

Չգիտեմ ու երևակայելն իսկ դժվար է` ինչպես է կարողանում այսքան հնչեղ տողերի խորքում… լռություն պահպանել: Գուցե այս ընթացքո"ւմ է ձայն լսուն – նա:

                                                     

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ

բանասիրական գիտությունների թեկնածու

***

***

…Շատ է ներսից գալիս, հենց այն է ուզում ես փակել ճանապարհը` հեղեղը զուլալվում և ահա միանգամից գտած մի տող – Սուրբ Գրքի նման ուզում ես գիրկդ առնել ու ամրացնել անկյունաքարերը, որպեսզի աշխարհի անցողիկությունը թեթև ու աննկատ դառնա: Հայուհու առեղծվածն է սա և աշխարհին է մեկնվում այն մեկի շուրթերով, որին տրված է մարդկության հետ- համարձակորեն հաղորդակցվելու մենաշնորհը…Փայփայի՜ր…դժվար է նրա խնամքը…

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

բանաստեղծ, 1996թ.


                                                                         ***Կատարելապես մերկ խոսք և խիզախորեն անպաշտպան հրավեր խորհրդավոր ընթրիքի, ուր կրկին կճաշակվեն մարմին ու արյուն, հետո դավաճանություն կլինի, հետո խաչելություն, հարություն, հայտնությո՜ւն…: Հավերժական նշաններով հաստատագրված ավարտուն- կատարյալ հոգետարածք… խիզախորեն անսպասելի և մերկությամբ ավարտուն աշխարհ, որն իր ներսում, սակայն, ընդարձակվող տիեզերք է, որտեղ Ալֆան և Օմեգան Սոնա Վանի բանաստեղծությունն է: Ցվետաեվայի նուրբ ու հզոր ձեռքերն էին անհրաժեշտ նրա պոեզիան ստեղծելու համար: Այդ առումով Սոնա Վանի պոեզիան ինձ հիշեցնում է Ցվետաևայի ձեռքերը- այն նուրբ է և հզոր:ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆբանաստեղծ, թարգմանիչ                                                                                                            բանասիրական գիտությունների թեկնածու


                                                                        ***

Սրանք օժտված, բառի արժեքն իմացող, մեղքին ու անմեղությանը քաջատեղյակ արվեստագետի գործեր են, որոնք ոչ միայն հաճույքով կարդում, այլ նաև տեսնում ես գույնով ու գծով: Իսկ տեղ-տեղ ասելիքը նուրբ ու թափանցիկ ջրաներկային թրթիռներով ասես երաժշտական զուգորդումներ է ծնում: Սոնա Վանի բնածին ներշնչանքը անկեղծ համարձակության ուժով լուսավոր ու տաք շունչ է հաղորդում այն տողերին, որոնք ուրվագծվում, ամրագրվում ու շարունակաբար իրենց լուսավոր ու տաք շունչն են հաղորդում մեզ…

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ                                                                                                                        բանաստեղծ, գեղանկարիչ

…Կարծրատիպերը խախտված են, բանաստեղծությունը վերածելով յուրահատուկ խաղի, որի շնորհիվ պատրանքը դառնում է իրականություն, իսկ պոեզիան հայտնվում է իրականության և պատրանքի միջև:  …Լուրջ հարցադրումներն ու ակնհայտ հեգնանքը անբաժանելիորեն ձուլված են իրար, ներթափանցում են մեկը մյուսի մեջ, ինչպես իրական կյանքը: Սա սովորական խաղ չէ սակայն, այլ կյանքի միապաղաղության ու ձանձրույթի ժխտումը, որն ստիպում է գրողին հրաժարվել նաև դրախտի ձանձրույթից ու անփոփոխ հավերժությունից, կյանքի միակ իմաստը փնտրելով սիրո մեջ:

Ժամանակը լոկ սիրո ժամանակն է

մնացածը հոգնություն աննպատակ…

Սոնա Վանը ընդլայնում է բանաստեղծության սահմանը: 

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ                                                                                                                            գրականագետ                                                                                                                               բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

***

Ինքնատիպ է Սոնա Վանի արվեստը, որ ծնվում է երևակայությունից` հաշտեցնելով գիտականն ու անգիտակցականը, որտեղ իրականության երևույթների իրական գծերը արտահայտվում ենձևի, գույնի, շարժման միջոցով ու խոսք է բացվում Աստծո, գոյության ցավի, հոգու ճանապարհի ու փրկության մասին: Սոնա Վանը պոեզիային վերադարձրեց նրա միակ առաքելությունը` գեղեցկությունը:

ԱՆՈՒՇ ԱՊՐԵՍՅԱՆ

Գրականագետ

                                                                      ***

Սոնա Վանի մուտքը հայ գրականություն հրաշալի անակնկալ էր: Նա եկավ, փայլատակեց ու միանգամից դարձավ պայծառ ու մնայուն աստղ հայ բառ ու բանի աստղաբույլում: Սա մոլորակի և իր կողքին գտնվող մարդու ճակատագրով հավասարապես մտահոգ աշխարհի քաղաքացու պոեզիա է, զերծ արմատախիլ եղած գաղթականի դասական կարոտաբաղձության իներցիայից ու զոհի հոգեբանությունից, իսկ բանաստեղծի վասպուրական արմատը բացահայտողը նրա տողի մեջ տրոփող գենետիկ տխրության զուտ հայկականությունն է, հայ մտավորական կնոջ խոհուն ու իրատես կեցվածքը և հասուն, շատ հասուն քնքշությունը:

Անուրանալի է նաև նրա ծառայությունը որպես մշակութային գործիչ, «Նարցիս»  պարբերականի միջոցով, որը նոր գեղարվեստական չափանիշներ թելադրելով կանոնակարգեց մշակութային դաշտը, իսկ բազմաթիվ լեզուներից կատարված թարգմանությունների միջոցով առավել տեսանելի դարձրեց հայ ժամանակակից գրականության պատկերը` համաշխարհային գրականության ենթատեքստում: Ես հպարտ ու երջանիկ եմ Սոնա Վանի ժամանակակիցը լինելուս և Սփյուռքում ոսկեղենիկ հայերնի այսպիսի դեսպան ունենալու համար:

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

                                                                            ***

…Սրանք ոչ թե կանացի վախվորածությամբ, այլ Աստծո կերպարանքով արարված մարդու ինքնավստահությամբ ու համարձակությամբ գրված մերկ տողեր են, որոնք դիպչում են ոչ միայն կանացի եսիդ, այլ էությանդ նախնականությանը, գենիդ, սեռից էլ առաջ, առավել վեր ու խորը մեկ այլ կետի… ու ասել , թե վեհ է այս պոեզիան և կամ ասել` մոնումենտալ է այստեղ ապրումի խորությունն ու ծավալը- պարզապես անիմաստ է, որովհետև նախքան տողը քննարկման տանելդ այն արդեն, արդեն դաջված է հիշողությանդ մեջ… ու պատեհ-անպատեհ վերադառնում է ու պտտվում գլխիդ մեջ: Գրքի սիրելիության չափը նրա մաշվածության մեջ է: Սոնա Վանի գիրքը ինձ հետ արթնանում է, ննջարանից տեղափոխվում խոհանոց, խոհանոցից ճաշասենյակ, ճաշասենյակից աշխատասենյակ, երբեմն հայտնվելով գետնի վրա կամ բազմոցի թիկնակին, որովհետև սիրում եմ այն:

ԱՆԱՀԻՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

նկարիչ. դիզայներ, արվեստաբան

Լոս- Անջելես


                                                                 ***

Հանուն մարդու է ճամփա եկել Սոնա Վանը և սրանում է նրա ասելիքի հիմնական գրավչությունը… ընթերցողը զարմանքով անդրադառնում է, որ իրենից առածն է իրեն վերադարձվում: Ես ծեսի պես եմ պատրաստվում` Սոնա Վանի գիրքը կրկին բացելուն: Հենց այնպես կարդալ չի կարելի այն հեղինակին, որը Աստծո ընտրյալը լինելով է «քամու ձեռքը վերնաշապկի տակ բռնած մի նոր տեսակի սարսուռ ապրում»… որի գիրքը քրիստոնեական հավատի մի նոր մեկնություն է, քրիստոսահավան մի նոր վկայություն:

ՋԱՆԻԲԵԿ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

գրող հրապարակախոս

Լոս-Անջելես

                                                                      ***

Ինտելեկտի և ինտուիցիայի, գիտակցության կամ ենթագիտակցության, իմացության կամ բնատուր ճանաչողության, - ինչ կերպ էլ ասենք – Սոնա Վան բանաստեղծի երևույթն իր հաշվեկշիռը կարգավորում է վերևներում,- զգայական նյութը, թերևս վստահելով վերընթաց կամ գահավեժ հոսանքներին… կին է, իր զգայական տեսակով, Արթյուր ռեմբոյական հայտնությանը պատշաճող, - պայծառատեսի խոսքերով ասած, այն մեկը, որ «կհայտնաբերի արտասուքներ, անչափելի զզվելի, հմայիչ բաներ» ու կասի անսովոր կերպով, երբ հենց ինքը` կին բանաստեղծը գա…

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

բանաստեղծ, հրապարակախոս

                                                                           ***

Նոր խոսք, նոր ասելիք, նոր պոետական դիմագիծ: Սոնա Վանը նման է արտամետա տեսակի խնձորենուն: Պիտի միայն ցնցես ծառն ու համբուրես այգեպանի ձեռքը: Բարության ու քնքշանքի, պոետիկ երևութականի ու հոգեղենի խոհեմ, բայց համարձակ ժամապահներից մեկը այսօր մեր կողքին է: Սոնա Վանի գիրը կոնցեպտուալ մտածողությամբ աղերսներ ունի անանուն հին պատմիչների հետ: Այն նախևառաջ առանձնանում է դրամատուրգիական կառույցի և մետաֆորի զգայական համադրումների և դեկորի ամբողջականությամբ: Պատումը դառնում է առաջնային, որն ընթացքում բառային հնարքների միջոցով աստիճանաբար վերաճում է բանաստեղծության: Լինի դա մենախոսություն, Քրիստոսի հետ զրույց, թե քաղաքակիրթ, աշխարհիկ թեմա, Սոնա Վանի տեսիլքները ընթերցողին մատուցվում են որպես իտալական նեոռեսլիստական ոճի կինեմատոգրաֆիայի մտածողությամբ արված հայտնություններ, որոնք ընթերցողին անակնկալ ներքաշում են անսահմանորեն մաքուր մի աշխարհ, որով նա ցանկանում է բոկոտն քայլել, քանզի բոկոտն է ինքը` հեղինակը: Նրա տաղանդը փայլատակում է թռիչքի պահին, երբ աննկատ ներարկված գույնը աստիճանաբար խտանում է ու հենց թռիչքի ընթացքում էլ վերաճում անակնկալ հանգուցալուծման կամ անսպասելի պատկերի: Սա, անկասկած, նոր երևույթ է հայ պոեզիայի իրականության մեջ:

ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆ

բանաստեղծ,

                                                                            ***

Սոնան ցույց է տալիս թատերականացվող, փոփոխվող կյանքի բուն ռիթմերը: Սա նախամարդու պոեզիա է` քաղաքակիրթ նախամարդու: Սա առաջին կնոջ` Եվայի պոեզիան է, զուրկ բարոյախոսության պարտադրանքից, կլիշեներից կամ օրիգինալ երևալու շինծու խաղերից: Սա հոգևոր ստրիպտիզ է: Շուտափույթ, խառը, առանց սպասվող ձևի ու դանդաղկոտության… Մարդուն ուժ ու եռանդ պարգևող բառաշեն կոմպոզիցիա, որից ոչ մի տող, ոչ մի բառ ու, թող որ` տառ անգամ հանել չես կարող. կփլվի ողջ կառույցը, որովհետև ինքնին մի-մի ռիթմ են Սոնայի քերթվածները: Բնիկ ռիթմեր են սրանք, որ պուլսի նման ներկա են ամեն մի կոմպոզիցիայում: Իսկ ավելի մեծ հայացքով` մի-մի պտուկ են կնոջ, մոր (Աստծո երկրորդ արարչագործության) մի-մի պտուկը, ուր ներկա է կաթը` իր գույնով ու բույրով, բովանդակությամբ ու սիրառատությամբ: Նա չի գրում, նա աղոթում է: Աղոթք, որի բառերը ընտրված են առանց §պետք է¦-ների, առանց քաջածանոթ սցենարի, առանց ճշմարտության որսատենդի: Չկա կյանք-մահի ոչ հակադրություն և ոչ` համույթ: Չկա մեղքի և մեղավորության մազոխիզմը: Սա բժշկող գրականություն է` կարդում ես ու քեզ փրկված ես զգում միայն` ինքդ քեզանից: Քո մեջ առկա է Աստված…

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

արձակագիր


                                                                    ***

…Որպես գիտնական ասեմ, որ Սոնա Վանի գրելու տեխնիկան ըստ իս հիմնվում է էլեկտրոնիկայի հիմնական «տրիգերային» սկզբունքի վրա, ըստ որի սարքը ազդանշանը բաց է թողնում միայն այն պարագայում, երբ այն կատարյալ է և հզոր – մնացած բոլոր այլ պարամետրերի ժամանակ այն պարզապես արգելափակվում է: Այս սարքի նմանությամբ բանաստեղծը իր աստվածատուր բացառիկ շնորհը օգտագործում է շանթարգելի ձևով: Այսպիսի համակարգը կենսաբանորեն բացառում է միջակ կամ թույլ ազդանշանը, դրա վրա անմիջապես «վետո» դնելու եղանակով: Բնականից ու նաև շփումների պատճառով ինձ մոտ «բարոմետրիկ» վերաբերմունք է մշակվել մնայուն արժեքների նկատմամբ, որը և՛ ինտուիտիվ է, և՛ իմացական: Երբ լսում եմ Բեթհովեն, Մոցարտ, Խաչատրյան, կարդում Նարեկացի, Թումանյան, Բալզակ, Տերյան, դիտում Վելասկեսի, Կանդինսկու, Էլիբեկյանի, Հրանտ Թադևոսյանի կտավները, ներքուստ հաճելիորեն փշաքաղվում եմ, վեհանում, բարձրանում առօրյա ճղճիմությունից: Այս նույն զգացումը ունեմ Սոնա Վան ընթերցելիս: Ինչպես ցանկացած նոր ու մեծ արվեստի գործի, այնպես և Սոնա Վանի բանաստեղծության մասին խոսելիս նոր բառեր գտնելու պահանջ է առաջանում: Ես որոնում եմ գիրքը օզոնի, հավելյալ մաքուր օդի ու թթվածնի պես: Այն ինձ տանում է մաքրամաքուր մի վայր, որտեղ Սոնա Վանը` կին-Կարաբալան պատահական անցորդներին բաժանում է իր բանաստեղծության կարմիր վարդը:

 ՎԱՐԴԳԵՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ճարտարագիտական գիտությունների թեկնածու


                                                                     ***

Որպես բանաստեղծ ու գրականության տեսաբան ասեմ, որ համաշխարհային գրականության ականավոր կին գրողների համեմատության մեջ անգամ Սոնա Վանը առանձնանում է իր կանացի լիարժեքության զգացումով, համարձակության ու ընդգրկումի չափով: Վերջինիա Վուլֆ, Ժորժ Սանդ, Ֆրիդա Կալլո, Էդնա Սեյնթ, Վինսենթ Միլլեր և ուրիշները ունեին կանացի թերարժեքության բարդույթ և հաճախ էին օգտվում տղամարդու «հենակներից», որպեսզի իրենց ցավալիորեն ստորադասված չզգային: Սոնա Վանը կրողն է կնոջ բազմաշերտության, նրա հավաքական կերպարի ու նրա բազմաձայնության: Նա էրոսը բարձրացնում է մեկ այլ հարթություն: Մինչ օրս ոչ մի բանաստեղծ չի հասել մերկության ու պարզության այս չափին, չի կարողացել այսպես կապել իրականն ու անիրականը, առօրեականն ու երկնայինը: Հայ ժողովրդի գաղթականության ալիքը ափ է հանել մի հազվագյուտ մարգարիտ, հայ գրավոր մտքի Մարիամ Մագթաղենացի, որպեսզի գա ու վկայի:

ԱՆՆԱ ԱՆԴԵՐՍՈՆ

Բանասեր, համաշխարհային գրականության տեսաբան

Լոս Անջելես

                                                                           ***

Երբեմն պատահականություններից են ծնվում հայտնագործությունները: Առաջին անգամ Սոնա Վանին կարդացել եմ լոսանջելոսյան «Նոր Հայաստան» օրաթերթի 1994 թվականի հունվարյան համարում: Բնության կենդանի շնչով, թարմ, թրթռուն, առինքնող քերթվածքներ էին դրանք: Ինձ գրավեցին բանաստեղծուհու մետաֆորների ինքնատիպությունն ու նուրբ էմոցիոնալ թափանցումները: Հրաբուխն ընդերքից միշտ էլ անմշակ լավա է ժայթքում ու ինձ գրավողը` բանաստեղծության եռքն էր, որը ալեկոծվում էր Սոնայի հոգու ընդերքում: Նա տարափոխիկ ձևերով մարդկային ճշմարիտ ապրումների այնպիսի հոսք է ցուցադրում, որ մենք հիանում ենք նրա ներաշխարհի հարստությամբ, հույզերի խորությամբ ու գեղեցկությամբ: Սակայն նա չի ցուցաբերում ինքնատիպ երևալու ոչ մի հավակնություն, նրա բանաստեղծական խառնվածքը համեստ է, երբեք նորարարի կեցվածք չի ընդունում, բայց այն, ինչ նա զգում է, վերապրում ու պատկերում, թարմ է ու միայն նրան է պատկանում:

Նրա ինքնատիպությունը առավել մոլեգին ու պլաստիկ է դառնում, երբ նա մտնում է ժամանակակից մարդու ինտիմ զգացումների ոլորտը:

Սոնայի որոշ բանաստեղծություններում, որոնք կարող են էրոպոեզիայի նմուշներ նկատվել, թևածում է երջանկության բնականորեն առողջ զգացողությունը:

Իմպրեսիոնիզմի հանդեպ նրա երբեմնի հակումները այնքան ցնցող ու տպավորիչ կերպարանք են ստանում, որ թվում է, իրոք, կյանքի երանության իմաստը վայրկյանի մեջ է: Այնուհանդերձ, նրա սիրո կարուսելը բնության անկասելի ուժի մղումով շարժվում է դեպի հավերժությունը «գլխապտույտի շրջանակներով»:

...Նրա մոտ ամեն ինչ բանաստեղծական է` պատկերը, ռիթմը, ներշնչանքը, ինչը վկայում է նրա ստեղծագործական անուրանալի քանքարի մասին և այնքան խորն է այդ ներշնչանքը, որ սովորականի մեջ մեզ փոխանցվում է որպես բացառիկ հայտնագործում...


ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ                                                                                                                 Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր 

Շարունակել կարդալ կարծիքներ Սոնա Վանի մասին (DeFacto Magazine) 

bottom of page